Հայ-ադրբեջանական սահմանին (Վայոց ձորի մարզ) նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված, դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված և կալանավորված 5 զինծառայողներից 3-ի գործով նախաքննությունն ավարատվել է, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի, 2021 թվականի նոյեմբերի 16-ին, վերը նշված երեք զինծառայողները՝ ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար՝ մայոր Գ.Գ.-ն, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ, դիրքի ավագ՝ մայոր Ն.Ե.-ն և պայմանագրային զինծառայող, դիտորդ՝ շարքային Ս.Մ.-ն, խախտել են մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, ինչի հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ-երը ներխուժել են Հայաստանի տարածք, դիրքում մնացած զինծառայողները գերեվարվել են, հրամանատարական դիտակետ հանդիսացող մարտական դիրքն անցել է հակառակորդին,
մարտական դիրքում գտնվող 21 զինծառայողներից 13-ը գերեվարվել են , նրանցից երկուսի՝ Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի դիերը 2021թ. նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին։
Գերեվարված զինծառայողներից 8-ը հետագայում վերադարձվել են հայկական կողմին, ևս 3 ռազմագերիներ դեռևս պահվում են Ադրբեջանի Հանրապետությունում:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Զինծառայողները կալանավորված են։
2021թ․-ի նոյեմբերի 16-ին բախումներ էին սկսվել հայ-ադրբեջանական սահմանին։ Մոտ վեց ժամ շարունակված մարտերը դադարեցվեցին ռուսական կողմի միջնորդությամբ։ Հայկական կողմի «նախնական տեղեկություններով»՝ բախումների ժամանակ 32 զինծառայող է գերեվարվել, կա հաստատված 6 զոհ։ Գերեվարված զինվորներից մեկին Ադրբեջանը վերադարձրել էր նոյեմբերի 26-ին՝ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից ժամեր առաջ, ևս 10-ին՝ դեկտեմբերի 4-ին։