2022 թ․ հունվարի 26-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, շարունակվեց իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով դատաքննությունը։
Նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը, որը կատարվել է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» ղեկավար Սաշիկ Սուլթանյանի փաստաբաններն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը և փաստաբան Արա Ղազարյանը։
Նախորդ դատական նիստի ընթացքում պաշտպանները միջնորդել էին դիմել Սահմանադրական դատարան՝ հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։ Սակայն դատարանը նպատակահարմար համարեց այդ հարցին անդրադառնալ ապացույցները հետազոտելուց հետո։
Հունվարի 26-ի նիստում պաշտպանները միջնորդեցին թույլատրել Սուլթանյանին փետրվարի 5-15-ը բացակայել երկրից՝ Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ քննարկումներ ունենալու նպատակով։ Դատարանը բավարարեց միջնորդությունը, ապա անցավ ապացույցների հետազոտմանը։
Դատախազը ներկայացրեց գրավոր ապացույցները՝ քրեական գործի հիմքում դրված զրույցի թարգմանությունը և հատվածներ՝ գաղտնալսումից։
Պաշտպան Արա Ղազարյանը հայտարարեց, որ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հետապնդումը եղել է մինչև տվյալ քրեական գործի հիմքերի ի հայտ գալը, որից կարելի է ենթադրել, որ նա հետապնդվել է իր իրավապաշտպան գործունեության համար։
ԱԱԾ-ն Սաշիկ Սուլթանյանին սկսել է գաղտնալսել դեռևս 2020-ի ապրիլից՝ այս քրեական գործը հարուցելուց 5 ամիս առաջ։ Գաղտնալսումն սկսվել է ԱԱԾ հակահետախուզության աշխատակցի զեկուցագրի հիման վրա՝ Սահմանադրական կարգը տապալելու կասկածանքով՝ հիմքում չունենալով Սաշիկ Սուլթանյանի նման որևէ արարքի մասին տեղեկություն։ Նման հետապնդում ԱԱԾ-ն ձեռնարկում է միայն լրտեսների ու ահաբեկիչների նկատմամբ։ Եվ, բնականաբար, այդ հինգ ամիսների ընթացքում այդ արարքը հիմնավորող ապացույցներ չեն հայտնաբերվել։ Չնայած այդ, զեկուցագիրը լրիվ անհիմն է եղել, բայց դատարանը բավարարել է Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառում, այդ թվում՝ գաղտնալսում, սկսելու միջնորդությունը։ Փաստացի Սաշիկ Սուլթանյանի իրավապաշտպան գործունեությունը ԱԱԾ-ն որակել է որպես սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձ, նշվում է ՀՔԱՎ հաղորդագրությունում։
Փաստորեն հետախուզական միջոցառումներն իրականացվել են Սահմանադրական կարգը բռնի տապալելու կասկածով, բայց քրեական գործը հարուցվել է ազգային թշնամանք հարցելու հիմքով։
Մեկ այլ ուշագրավ փաստ է, որ քրեական գործը հարուցվել է Նարեկ Մալյանի հաղորդման հիման վրա, որը հայտնի է քաղհասարակության ներկայացուցիչներին և ակտիվիստներին թիրախավորելու գործողություններով։ Ստացվում է, որ ԱԱԾ-ն օգտագործել է իրավապաշտպանների թիրախավորմամբ հանրությանը հայտնի Նարեկ Մալյանի՝ խիստ կասկածելի հաղորդումը՝ իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։
Պաշտպանական կողմը նշեց, որ 2020-ի ապրիլ-օգոստոս ժամանակահատվածում ձեռք բերված տվյալները չեն կարող ընդունելի ապացույցներ լինել, քանի որ դրանք, բացի անօրինական լինելուց, նաև չեն առնչվում առաջադրված մեղադրանքին։
Պաշտպանները դիրքորոշում հայտնեցին նաև գաղտալսումներից ներկայացված հատվածների վերաբերյալ։ Պաշտպան Արա Ղազարյանը մասնավորապես ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Սաշիկ Սուլթանյանը իր զրույցում քննադատել է Հայաստանի իշխանություններին, ոչ թե՝ հայերին։ Եվ նրա՝ կարծիք հայտնելը, մարդու իրավունքների մասին բաձրաձայնելը որակվել է որպես ատելության խոսք։
Փաստաբան Սամսոն Գալստյանն էլ անդրադարձավ զրույցի թարգմանության մեջ տեղ գտած թյուրընկալումներին և Սաշիկ Սուլթանյանի խոսքը սխալ ներկայացնելու դրսևորումներին։ Սաշիկ Սուլթանյանը ևս անդրադարձավ դրան, այդ թվում՝ նշեց, որ զրույցը ուղիղ չի թարգմանվել, լրացուցիչ էմոցիոնալ համատեքստ է տրվել՝ հայերեն տարբերակում կոնկրետ բառեր կիրառելով։ Բանն այն է, որ քրեական գործի հիմքում ընկած թարգմանությունն իրականացրել է թարգմանչի հավաստագիր չունեցող անձը։ Ավելին՝ թարգմանություն իրականացրած անձը իր հրապարակային բացասական գնահատականներով կանխակալ վերաբերմունք է ունեցել Սաշիկ Սուլթանյանի գործունեության նկատմամբ։ Այդ հիմքով թարգմանությունը ոչ ճշգրիտ ճանաչելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը դատախազը մերժել է։
Պաշտպանները ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրեցին այն փաստին, որ զրույցը ոչ թե եղել է լրատվական նյութի համար, այլ՝ անձնական զրույց, ոչ հրապարակային խոսք, ինչը դուրս է առաջադրված հոդվածի շրջանակից։
Դատարանը ապացույցների հետազոտումը կշարունակի 2022 թ․ մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին։