Home / Մշակույթ / Բոլորը հավասար են, բայց որոշներն ավելի հավասար են․ Արևմուտքի երկակի ստանդարտները

Բոլորը հավասար են, բայց որոշներն ավելի հավասար են․ Արևմուտքի երկակի ստանդարտները

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո Եվրոպան ապրում է «փախստականների ամենամեծ ճգնաժամը»։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 2 միլիոն ուկրաինացիներ լքել են երկիրը․ գերակշռող մասը ապաստանել է եվրոպական երկրներում։ Եվրոպացիները նրանց, ի տարբերություն օրինակ սիրիացի փախստականների, ընդունում են չափազանց գրկաբաց․ հակամիգրանտական երթեր այս անգամ չկան, տեղացիները կամավորություն են անում, անգամ միջին խավն է բացում իր տան դռները՝ անվճար հյուրընկալելով պատերազմից փախած ընտանիքներին։

Նրանք, ովքեր ի վիճակի են այստեղ անարդարություն նկատել, անվանում են սա «ռասայական կողմնակալություն»։ Ակնհայտ է, որ «սպիտակ փախստականները» բոլորովին այլ կերպ են ընդունվում ու պատկերվում, քան Միջին Արևելքից՝ Սիրիայից, Իրաքից, Պաղեստինից, Աֆղանստանից, Եմենից գաղթածները։

Լրատվականների ռասիզմը

Լրագրող Ալան Մաքլաուդը թվիթերյան իր էջում կիսվում է արևմտյան ականավոր ԶԼՄ-ներում թողարկվող ռասիստական մեկնաբանություններով։ Օրինակ՝

BBC News-ի եթերում Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Սակվարելիձեն կիսվում է էմոցիաներով, թե որքան է հուզվում, երբ տեսնում է՝ ինչպես են ամեն օր սպանում «կապույտ աչքերով և շեկ մազերով եվրոպացիների»:

CBS News-ի թղթակից Չարլի դը Ագատան անմիջապես Կիևից հաղորդում է․ «Սա համեմատաբար քաղաքակիրթ, համեմատաբար եվրոպական քաղաք է, որտեղ դուք նման բան չէիք ակնկալի»՝ հավելելով՝ սա «Իրաք կամ Աֆղանստան» չէ։ Ավելի ուշ թողարկված հեռարձակման ժամանակ նա ներողություն է խնդրում:

Al Jaazera-ի լրագրողը, իր հերթին, եթերում հայտարարում է, թե՝ «ինձ համար զարմանալի է նայել այս մարդկանց՝ ինչպես են նրանք հագնված։ Այս մարդիկ ունևոր, միջին խավի մարդիկ են։ Նրանք ակնհայտորեն փախստականներ չեն, ովքեր փորձում են փախչել Միջին Արևելքից կամ Հյուսիսային Աֆրիկայից։ Նրանք նման են ցանկացած եվրոպական ընտանիքի, ում կողքին դուք կապրեիք»։

NBC հեռուստաալիքի թղթակից Քելլի Կոբիելային հարցնում են՝ ինչ է փոխվել Լեհաստանում 2015-ին Եվրոպայում փախստականների վերջին ճգնաժամից հետո (այն ժամանակ Լեհաստանը վարանում էր փախստականներ ընդունելու հարցում): Կոբիելային պատասխանում է. «Անկեղծ ասած, այս մարդիկ փախստականներ չեն Սիրիայից, այս մարդիկ փախստականներ են հարևան Ուկրաինայից: Դա, անկեղծորեն, հարցի մի մասն է: Նրանք քրիստոնյաներ են, նրանք սպիտակամորթ են, նրանք մեզ շատ նման մարդիկ են»:

Բրիտանական  Telegraph պարբերականի սյունակագիր Դանիել Հանանը նկարագրում է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա․ «Նրանք այնքան մեզ նման են թվում։ Հենց դա է դարձնում այն այդքան շոկային։ Ուկրաինան եվրոպական երկիր է։ Այնտեղի մարդիկ նայում են Նետֆլիքս և ունեն Ինստագրամ, քվեարկում են ազատ ընտրություններում և կարդում ցենզուրայի չենթարկված թերթեր։ Պատերազմն այլևս մի բան չէ, որ այցելում է աղքատության մատնված ու հեռավոր ժողովուրդներին։ Այն կարող է պատահել ցանկացածի հետ»։

«The Arab and Middle Eastern» լրագրողների ասոցացիան հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ռասիստական ենթադրությունները, որ ինչ-որ ժողովուրդ կամ երկիր «ոչ քաղաքակիրթ է» կամ ունի տնտեսական գործոններ, որոնք արժևորում են կոնֆլիկտը։  

«Այս տեսակ մեկնաբանությունը արտացոլում է արևմտյան լրագրության մեջ տարածված մտածելակերպը՝ ողբերգությունը նորմալացնելու աշխարհի այնպիսի մասերում, ինչպիսիք են Միջին Արևելքը, Աֆրիկան, Հյուսիսային Ասիան և Լատինական Ամերիկան․․․ Այն ապամարդկայնացնում ու ներկայացնում է նրանց պատերազմի փորձառությունը որպես սովորական ու ակնկալելի մի բան», – ասվում է հայտարարության մեջ։

Պաշտոնական ռասիզմը

2015 թվականին Եվրոպա ժամանեցին ավելի քան 911 հազար սիրիացի փախստականներ։ Փախստականների ներհոսքին եվրոպական արձագանքեց հակամիգրանտական ընդվզումով և իսլամաֆոբիայի աննախադեպ վերելքով։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով ողջունում էր ուկրաինացի փախստականներին, 2015թ․-ին ընդունեց ապաստան հայցողներին երկրից վտարելու օրինագիծը, մետաղալարեր տեղադրեց և փակեց Սերբիայի հետ սահմանը: 

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Սլովենիայի կառավարությունն անմիջապես հայտարարեց հազարավոր ուկրաինացի փախստականների ընդունելու պատրաստակամության մասին։ Վեց ամիս առաջ, երբ թալիբները գրավեցին Աֆղանստանը, նույն կառավարությունը հրաժարվեց ընդունել աֆղան փախստականներին՝ պատճառաբանելով, որ նրանք պետք է մնան իրենց երկրում և կռվեն։

Մի քանի ամիս առաջ, երբ հազարավոր փախստականներ, հիմնականում քրդեր Իրաքից, փորձում էին Բելառուսից փախչել Լեհաստան, Լեհաստանի կառավարությունը՝ կրակ արձակելով հետ էր քշում նրանց։ Այսօր Լեհաստանի սահմանին ուկրաինացիներին սպասում են սնունդով, հագուստով ու առաջին անհրաժեշտության իրերով։  

2022թ․-ի փետրվարի 24-ին օրենք ընդունվեց, ըստ որի ուկրաինացիները կարող են դիմել ԵՄ-ում ժամանակավոր (մինչև երեք տարի) ապաստանի կարգավիճակ ստանալու համար և ստանալ օրինական թույլտվություն աշխատելու, սոցիալական ծառայություններից (ինչպիսիք են առողջապահությունը և կրթությունը) օգտվելու համար: Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին ձևավորված Եվրոպայի միգրացիոն քաղաքականության համաձայն՝ սիրիացիները փախստականի կարգավիճակով կարող են սպասել ապաստանի ընդհուպ մինչև 25 տարի։