Ռուսական զորքերը դանդաղեցրել են հարձակողական գործողության տեմպերը․ քաղաքացիական ենթակառուցվածքների հրթիռակոծությունները, սակայն, շարունակվում են։ Հիմնական ուժերը կենտրոնացված են Կիևի, Սումիի, Խարկովի, Մարիուպոլի, Նիկոլաևի, Չեռնիգովի շրջապատման և գրավման վրա, հայտնում է Ուկրաինայի Գլխավոր շտաբը։
ՌԴ պաշտպանության նախարարությունն այսօր ճանաչել է ժամկետային զինծառայողների մասնակցությունը պատերազմին։ Մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը կտրականապես հերքել էր Ուկրաինայում ժամկետայինների ներկայությունը․ «Այս գործողությանը մասնակցում են միայն պրոֆեսիոնալ զինվորականներ»։
Մարտի 9-ի հիմնական իրադարձությունները՝ համառոտ․
— Ուկրաինացի զինվորականները ռուսական ուժերին դուրս են մղել Դերգաչի քաղաքի մոտակայքում գտնվող բազայից (Խարկովից 16 կիլոմետր հեռավորության վրա), որտեղից հրթիռակոծվել են Խարկովի մատույցները․ Խարկովի վարչակազմի ղեկավար
— Վթարի պատճառով Չեռնոբիլի ատոմակայանը հոսանքազրկվել է․ միացվել են վթարային դիզելային գեներատորները, որոնք կարող են աշխատել մինչև 48 ժամ. «Укрэнерго» ընկերություն
— Գիշերը ռուսական զորքերը Սումի քաղաքի բնակելի թաղամասերին ավիահարվածներ են հասցրել, ինչի հետևանքով առնվազն 22 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, զոհվել է։ Եվս 8 մարդ, այդ թվում՝ 1 երեխա վիրավորվել է․ Սումիի վարչակազմի ղեկավար
Սումի, Reuters
— Չեռնիգովի մարզի բռնազավթված բնակավայրերում մարտերը շարունակվում են․ Ուկրաինայի Գլխավոր շտաբ
— Մարիուպոլն արդեն մեկ շաբաթ է, ինչ շրջափակման մեջ է։
Այսօր ռուսական զորքերը գնդակոծել են մանկական հիվանդանոց-ծննդատունը․ մարդիկ փլատակների տակ են։ Մարիուպոլի քաղաքային խորհուրդը հաղորդում է առնվազն 17 տուժածների (այդ թվում՝ երեխաներ և ծննդկաններ) մասին։
— Ռուս զինվորականները հարձակվել են Ժիտոմիրի շրջանի Մալին քաղաքի մասնավոր բնակելի տների վրա․ ավիահարվածի հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում 1 տարեկան 2 երեխա․ Ուկրաինայի ԱԻՊԾ
Житомирська область↘️
8 березня о 20:50 в м. Малин Житомирської області по вул. Вокзальна внаслідок авіаційного удару зруйновано 7 приватних одноповерхових житлових будинків, загинуло 5 осіб, з них 2 дітей (2021 р.н.).
Пошуково-рятувальні роботи продовжуються. pic.twitter.com/JLsoSOjFLu
— DSNS.GOV.UA (@SESU_UA) March 8, 2022
— Խերսոնի շրջանի Չեռնոբաևկա գյուղի բնակիչները պնդում են, որ հարբած ռուս զինվորները կրակել են խաղաղ բնակիչների վրա։ Տեղի բնակիչները «Սվոբոդա» ռադիոկայանին պատմել են, որ կրակոցները սկսվել են այն բանից հետո, երբ ռուս զինվորականները թալանել են գյուղի խանութը: Խանութի ալկոհոլային խմիչքներն օգտագործելուց հետո նրանք սկսել են կրակել բնակելի տների վրա։ Զոհերի թիվը չի հաղորդվում։
— Ռուս զինվորականներն արդեն 4 օր է՝ պատանդ են պահում Զապորոժիեի ատոմակայանի աշխատակիցներին, պնդում է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։ Հիշեցնենք՝ մարտի 4-ի գիշերը Զապորոժյեի ԱԷԿ-ում հրդեհ էր բռնկվել։ Ըստ ուկրաինական կողմի՝ հրդեհի պատճառ է դարձել ատոմակայանի գնդակոծումը ռուս զինվորականների կողմից․ մարտերի արդյունքում ատոմակայանը գրավվել է ռուսների կողմից։
Ընդհանուր առմամբ, ըստ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության, Զապորոժիեի մարզում ռուսական կողմի վերահսկողության տակ է գտնվում 66 բնակավայր։
Հումանիտար միջանցքներ․ տարհանման երկրորդ փորձը
— Կիևի շրջանի Դեմիդով գյուղից խաղաղ բնակիչների տարհանման ժամանակ ռուսական զորքերը կրակ են բացել մարդկանց ուղղությամբ, հայտարարել են ուկրաինական իշխանությունները։ Զոհվել է ոստիկանը, ով օգնում էր տարհանել բնակիչներին։ Եվս 2 մարդ վիրավորվել է։
— Խարկովի մարզում պայթյունների պատճառով Իզյում քաղաքից տարհանումը չի սկսվել, ասում է Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Կարմիր Խաչի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում, որպեսզի դեռևս հնարավոր լինի տարհանել բնակչությանը և հումանիտար օգնություն բերել քաղաք։
Տարհանման նախորդ փորձը մարտի 5-ին մասամբ տապալվել էր (ուկրաինական կողմը պնդում էր, որ ռուսական զորքերի գնդակոծությունների, իսկ ռուսական կողմը՝ որ ուկրաինական զորքերի վերաբաշխումների պատճառով):