Новая Газета-ն ջնջում է Ռուսաստանի՝ Ուկրաինայում սանձազերծած պատերազմի վերաբերյալ բոլոր նյութերը։ Այս մասին խմբագրականը հայտնել է իր կայքում և տելեգրամյան ալիքում։
Խմբագրությունը պնդում է, որ չի կարող վտանգի ենթարկել իր աշխատակիցներին, սակայն չի կարող նաև անտեսել մի շարք ընթերցողների դիրքորոշումը, որ աշխատանքը պետք է շարունակել։
«Այդ պատճառով մենք ջնջում ենք այդ թեմայով նյութերը մեր կայքից և սոցիալական ցանցերից։ Մենք շարունակում ենք պատմել այն հետևանքների մասին, որոնց բախվել է Ռուսաստանը․ տնտեսական զարգացող ճգնաժամ, կյանքի որակի կտրուկ անկում, օտարերկրյա դեղերին և տեխնոլոգիաներին հասանելիության հետ կապված խնդիրներ, այլախոհների հետապնդումներ, այդ թվում՝ հակապատերազմական հայտարարությունների համար։
Այսօր ավելի վաղ Ռուսաստան Պուտինի ռեժիմի պատգամավորներն օրինագիծ էին ընդունել, որով մինչև 15 տարվա ազատազրկում է նախատեսվում «Ռուսաստանի զինուժերի գործողությունների վերաբերյալ գիտակցված կեղծ տեղեկություն» տարածելու համար։
Բացի այդ, օրերս Ռուսաստանում արգելափակվել են մի շարք հանրահայտ և/կամ անկախ լրատվամիջոցները։ Դրանց թվում են Телеканал Дождь-ն ու Эхо Москвы-ն։ վերջինս 90-ականների սկզբից ի վեր առաջին անգամ զրկվել է եթերից և ստիպված է եղել ջնջել սոցցանցերում իր բոլոր կորպորատիվ օգտահաշիվները։ Телеканал Дождь-ի աշխատակազմի մի մասը, այդ թվում՝ գլխավոր խմբագիրը, լքել են Ռուսաստանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Արդեն 8 օր է, ինչ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինայի տարածք։ Ռուսաստանի նախագահ Պուտինը սա փաթեթավորում է որպես «հատուկ ռազմական օպերացիա», իսկ Росомнадзор-ը՝ պարտադրում ռուսական բոլոր ԶԼՄ-ներին ջնջել հրապարակումները, որոնցում փետրվարի 24-ին սկսված սկսված պատերազմն անվանվում է «պատերազմ»։