Home / Բանակ / Լրացավ Ուկրաինա ռազմական ներխուժման մեկ շաբաթը

Լրացավ Ուկրաինա ռազմական ներխուժման մեկ շաբաթը

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինայի տարածք։ Ռուսաստանի նախագահ Պուտինը սա փաթեթավորում է որպես «հատուկ ռազմական օպերացիա», իսկ Росомнадзор-ը՝ պարտադրում ռուսական բոլոր ԶԼՄ-ներին ջնջել հրապարակումները, որոնցում փետրվարի 24-ին սկսված սկսված պատերազմն անվանվում է «պատերազմ»։ Վերջին յոթ օրվա ընթացքում ռմբա-, հրետա- կամ հրթիռակոծվել են Ուկրաինայի գրեթե բոլոր խոշոր (և ոչ միայն) քաղաքներն ու բնակավայրերը։ Խաղաղ բնակչության շրջանում, ըստ Ուկրաինայի պաշտոնական տվյալների, ռուսաստանյան ներխուժման պատճառով զոհվել է շուրջ 2000 մարդ։ Այսօր  Ռուսաստանի ՊՆ-ն առաջին անգամ հրապարակել է ռուսական կողմի ռազմական զոհերի թիվը՝ 498։ 

Զոհեր, վիրավորներ ու փախստականներ

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ վիրավորվել է 1597 ռուսաստանցի զինվոր։ ՌԴ ՊՆ-ն հավատացնում է նաև, որ զինվորականների շրջանում Ուկրաինայի զոհերի թիվն անցել է  2870-ը, իսկ վիրավորներինը՝ 3700-ը։ Դեռևս փետրվարի 28-ին Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ ներխուժման 4 օրերի ընթացքում զոհվել է 352 մարդ, որոնցից ավելի քան 200-ը՝ քաղաքացիականներ։

Արդեն այսօր Ուկրաինայի ԱԻՆ-ը հաղորդել է, որ Մոսկվայի հարձակման արդյունքում երկրի խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն անցել է 2000-ը։ Սա, ըստ կառույցի, մոտավոր գնահատական է, քանի որ հստակ թիվ դեռևս չկա։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայի 870 000 բնակիչ դարձել է փախստական։ Ըստ նույն աղբյուրի՝ երկրում կա շուրջ 1 000 000 ներքին տեղահանված անձ։

Հարվածներ Խարկովին ու Կիևին, Խերսոնի գրավում

Ռուսաստանի ՊՆ-ն այսօր հայտարարել է, որ ռուսական բանակն իր «ամբողջական» վերահսկողության տակ է վերցրել Խերսոնը։ Խերսոնի քաղաքապետն էլ ֆեյսբուքյան իր էջում հաստատել է, որ ռուսները քաղաքի կենտրոնում են, սակայն «Խերսոնը» դեռ պայքարում է։ Պաշտոնյան նաև կոչ է արել լրատվականներին ջանքեր գործադրել, որպեսզի հնարավոր լինի «կանաչ միջանցք» ստանալ ռուսներից, որով քաղաքից կտեղափոխեն վիրավորներին ու զոհվածների մարմինները։ Հակառակ պարագայում, ըստ նրա, Խերսոնին «հումանիտար աղետ» է սպասվում։ Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր Խերսոնի երկաթուղու կայարանի գրավման մասին

Անցյալ գիշեր Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Խարկովը, ենթարկվել է ծանր հրետակոծության։ Ռուսաստանի ուժային կառույցները պնդում են, թե հարվածներ չեն հասցնում քաղաքացիական օբյեկտներին, սակայն սոցցանցերում ու մամուլում տարածված տեսանյութերը փաստում են հակառակը։ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոյի հրապարակած կադրերում երևում են Խարկովի մարզային ոստիկանության շենքին հասցված հարվածի հետևանքները: Ըստ տեղական մեդիաների, որոնց հղվում է Новая Газета-ն, հարվածներ են հսացվել նաև տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցի, ինչպես նաև այլ քաղաքացիական օբյեկտների։ Ըստ Գերաշենկոյի՝ Խարկովում «տեղ չկա», որին հրետանին չի հարվածել։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Խարկովի վրա հարձակման հետևանքով զոհվել է 21 մարդ։

Այս թեմայով՝ Ինչու են ռուսները հարվածում խաղաղ բնակչությանը

https://twitter.com/novaya_gazeta/status/1498910235863523328

 

Երեկ նաև հարված էր հասցվել նաև Կիևի հեռուստաաշտարակին։ Ռուսաստանի ՊՆ-ն հարվածից առաջ հայտնել էր, որ պատրաստվում է «կանխարգելել տեղեկատվական հարձակումները»։

https://twitter.com/novaya_gazeta/status/1498683553843982343

Ռեպրեսիվ գրաքննություն Ռուսաստանում

Роскомнадзор-ի պահանջով համացանցում արգելափակվել են Телеканал Дождь և Эхо Москвы լրատվական կայքերը։ Արգելափակվել են նաև նրանց էջերը ռուսական Одноклассники և  Вконтакте սոցիալական կայքերում։ Youtube-ում լրատվականների ալիքները դեռևս հասանելի են։

Իսկ Телеканал Дождь-ի գլխավոր խմբագիր Տիխոնա Դզյադկոն լրատվականի արգելափակումից հայտարարել է Ռուսաստանը ժամանակավորապես լքելու մասին։

«Համանման որոշում են ընդունել մեր մի շարք աշխատակիցներ։ Дождь-ի կայքի և, մի շարք սոցցանցերում, օգտահաշիվների ապօրինի արգելափակումից, ինչպես նաև որոշ աշխատակիցների նկատմամբ սպառնալիքներից հետո ակնհայտ է, որ մեզնից որոշների անձնական անվտանգությունը սպառնալիքի տակ է։ Մենք կբողոքարկենք Дождь-ի վերաբերյալ ընդունված բոլոր որոշումներն ու կշարունակենք աշխատել, մասամբ՝ հեռավար», – ասել է Ձյադկոն։

ՄԱԿ-ի բանաձև և գալիք բանակցություններ

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի այսօրվա նիստին ընդունվել է բանաձև, որով Ռուսաստանից պահանջվում է հետ քաշել իր զորքերն Ուկրաինայի սուվերեն տարածքից։

Բանաձևին կողմ է քվեարկել 141 երկիր, այդ թվում՝ Սերբիան, որն ավելի վաղ հրաժարվել էր միանալ Մոսկվայի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին։ Ձեռնպահ է քվեարկել 35 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ Դեմ քվեարկել են Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրան և Էրիթրեան։

Վաղը լեհ-բելառուսական սահմանին տեղի կունենա Կիևի և Մոսկվայի բանակցությունների երկրորդ փուլը։ Ռուսական պատվիրակությունն արդեն տեղում է, ուկրաինականը՝ կժամանի վաղը։ Բանակցությունների առաջին փուլը, հիշեցնենք, տեղի էր ունեցել հունվարի 28-ին և ավարտվել առանց շոշափելի արդյունքների։