Փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա։ Ռուսական բանակը ներխուժել է միաժամանակ մի քանի ուղղություններից՝ բռնակցված Ղրիմից, Ռուսաստանի հետ սահմանակից շրջաններից, Բելառուսից։ Ուկրաինական քաղաքներում շարունակվում են մարտերը, մասնավորապես՝ Կիևում, Խարկովում, Սումիում և Վասիլկովում։ Դեռևս փետրվարի 25-ին կրակոցներ են լսվել Կիևի կառավարական թաղամասում, որտեղ գտնվում են պետական կարևոր հաստատությունները՝ նախագահի գրասենյակը, կառավարությունը, Գերագույն Ռադան։
Թիրախավորվել են նաև քաղաքացիական օբյեկնտները․ կան բազմաթիվ զոհեր բնակիչների շրջանում։ Ուկրաինան հայտնում է, որ ևս 10 քաղաքացի է զոհվել վերջին ժամերի ընթացում․ մինչ այդ հայտարարվել էր 198 քաղաքացիական զոհերի մասին։ Առողջապահության նախարարը հայտնել է, որ ռազմական գործողությունների պատճառով հիվանդանոցներում մահացել են 16 երեխաներ։
Ո՞ւր են մտել
Ռուսական զորքերը ճեղքել են Խարկովի պաշտպանությունը․ քաղաքում փողոցային մարտեր են։ Ուկրաինայի Զինված ուժերը հետ են մղել հարձակումը Իրպենում։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ քաղաքը շրջափակման մեջ է, և բնակիչների էվակուացիան խանգարված է։ Տարբեր խոշոր քաղաքներում շարունակվում են մարտական գործողությունները․ Փետրվարի 27-ի դրությամբ պարբերաբար օդային տագնապներ են հայտարարվել Կիևում, Օդեսայում, Խարկովում, Նիկոլաևում, Դնեպրում, Ումանում և Վինիցայում։
Խերսոնի մարզի Նովայա Կախովկա քաղաքը ամբողջովին անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ․ այս մասին հայտնել է քաղաքապետ Վլադիմիր Կովալենկոն։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարում է, որ ռուսական ուժերը շրջափակել են Խերսոնը և Բերդյանսկը, գրավելով Գենիչեսկը, Չերնոբաևկա աերոդրոմը, Պավլոպոլը և Պիշեվիկը։ Նույն աղբյուրը հայտնել է, որ ԴԺՀ զորքերը գրավել են Ստարոգնատովկա, Օկտյաբրսկայա և Պավլոպոլ բնակեցված տարածքները, իսկ ԼԺՀ-ն՝ Սչասծյեն և Մուրատովոն։ Ըստ ռուսական կողմի, ուկրաինական զենիթ հրթիռային 302-րդ զորագունդը հանձնվել է և վայր դրել զենքը, տալով մեծաթիվ ռազմագերիներ։ Ուկրաինական կողմը նշում է, որ դա ապատեղեկատվություն է։
Կիևի մոտակայքում գտնվող Վասիլկով քաղաքում հրթիռային հարձակման հետևանքով բոցավառվել է նավթային բազան։ Խարկովում պայթեցվել է գազատար խողովակագիծը։ ԼԺՀ-ի տարածքում գտնվող Ռովենկիում նույնպես հրդեհվել է նավթային բազան։
https://twitter.com/gksinghjourno/status/1497777848270012418?s=21
Մարդկային կորուստներ
Ուկրաինայի ՆԳն պաշտոնական հայտարարությամբ չորս օրերի ընթացքում պատերազմի պատճառով զոհվել է 352 մարդ, որոնցից 14-ը եղել են երեխաներ։ Վիրավորվել է 1684 մարդ, որոնցից 116-ը՝ երեխաներ։ Եվս 16 երեխայի, ըստ Ուկրաինայի ԱՆ տեղեկատվության, չի հաջողվել փրկել հիվանդանոցային պայմաններում՝ ծանր վնասվածքների պատճառով։ Ուկրաինական կողմի տվյալներով քաղաքացիական կորուստների թիվը գերազանցում է 200-ը։ Բացի այդ շատերը լքել են երկիրը՝ ՄԱԿ-ի հաշվարկներով մոտ 360 հազար մարդ, որոնց մեծամասնությունը ուղևորվել է Լեհաստան։
Պատերազմի առաջին երեք օրերին Ռուսաստանը ժխտել է իր կողմից մարդկային կորուստները։ Փետրվարի 27-ին երկիրը պաշտոնապես հայտարարել է Ուկրաինայում զոհված առաջին զինվորականի՝ դաղստանցի սպայի մասին։ Ռուսական կողմը նշում է, որ կան և այլ զոհեր և վիրավորներ։
Բելառուսը` որպես բանակցությունների միակ տարբերակ
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հատարարել է որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների Բելառուսում՝ Գոմել քաղաքում։ Մինչ այդ Ուկրաինան մերժել էր Բելառուսում բանակցությունների առաջարկը։ Ըստ նախագահի իրենք առաջարկել են բազմաթիվ այլ քաղաքներ, որտեղ պատրաստ են բանակցել․ «կարող է լինել ցանկացած երկիր, որտեղից ուկրաինայի վրա հրթիռներ չեն արձակվել», հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ռուսական կողմը, այնուամենայնիվ, պատվիրակություն է ուղարկել Գոմել․ ղեկավար է նշանակվել Վլադիմիր Մեդինսկին։ Զելենսկին վերջիվերջո համաձայնվել է՝ նշելով, որ չի ուզում բաց թողնել պատերազմը դադարեցնելու անգամ փոքր հնարավորությունը։
Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ Բելառուսի տարածքից Ուկրաինայի վրա հրթիռներ են բաց թողնվել, հավելելով, որ դա «ստիպված քայլ է եղել»՝ ի պատասխան Ուկրաինայի կողմից սահմանամերձ գոտում ռազմական տեխնիկա տեղադրելու հետ։
Արևմուտքի արձագանքը
Եվրոպական երկրները սկսել են զենք մատակարարել դեպի Ուկրաինա․ Բելգիան պատրաստվում է ուղարկել 2000 գնդացիր և վառելանյութ, Սլովկիան՝ 12 հազար ական և վառելանյութ, իսկ Գերմանիան՝ 400 նռանականեր, Շվեդիան՝ 5 հազար հակատանկային միջոց, 1350 հազար չոր մթերաբաժին, սաղավարտներ և զրահաբաճկոններ։
ԵՄ երկրները կայացրել են SWIFT-ից որոշ ռուսական բանկեր անջատելու որոշում։ Բացի այդ, ԵՄ-ն՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին պատրաստվում է սառեցնել ՌԴ կենտրոնական բանկի ակտիվները։
Ուկրաինան դիմել է Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանին՝ Ռուսաստանի դեմ գործ հարուցելու նպատակով։ Ռուսաստանը մեղադրվում է ցեղասպանության գաղափարը աղավաղելու և դա որպես ռազմական գործողության արդարացում օգտագործելու մեջ։
Եվրամիությունը ամբողջովին փակում է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Մինչ այդ նման հայտարարություն են արել առանձին երկրներ, այդ թվում Գերմանիան, Շվեդիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Չեխիան և այլն։ Ռուսաստանը, իր հերթին, փակել է օդային տարածքը Չեխիայի, Լեհաստանի, Բուլղարիայի Ռումիանիայի համար։