Բողոքի ցույց ի աջակցություն Ուկրաինայի ժողովրդի, որն այս օրերին ռուսական ագրեսիայի զոհ է դարձել, անցկացվեց ուկրաինացի բանաստեղծ, արվեստագետ, նկարիչ և ժողովրդագետ Տարաս Շևչենկոյի՝ Երևանում տեղադրված արձանի մոտ։ Նմանատիպ նախաձեռնություններ տեղի են ունենում աշխարհի մի շարք երկրներում։
«Ոչ պատերազմին», «Փառք Ուկրաինային» կարգախոսներով, Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Չեխիայի դրոշներով ակցիայի տասնյակ մասնակիցներ, կոչ էին անում վերջ տալ պատերազմին և, վերջապես, կանխել՝ «կայսրությունը վերականգնել փորձող, իրեն ռուսական ցար երևակայող» Վլադիմիր Պուտինի կողմից նախաձեռնած հակամարդկային գործողությունները։
Լուսանկարում պատկերված պաստառ․
«Երբ Պուտինը դաշնակից է, ՊԱՏԵՐԱԶՄ Է
Երբ Պուտինը թշնամի է, ՊԱՏԵՐԱԶՄ Է»
Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմով․ «Ուկրաինայի քաղաքներում, իմ Կիևում, ռուսական հրթիռների հարվածներից, բնակելի շենքեր են այրվում․․․
Շնորհակալություն ձեզ․․․ Դուք ամեն ինչ գիտեք, ամեն ինչ հասկանում եք, շնորհակալություն, հայեր, շնորհակալություն, Հայաստան»։
Հավաքվածներն ի պատասխան վանկարկեցին «Փառք Ուկրաինային, փառք հերոսներին»։
Պատերազմը կանգնեցնելու կոչով ցույցին են միացել ուկրաինացի ամուսիններ, որոնք չեն կարողանում տուն վերադառնալ։ Ծնողներն ու այլ բարեկամները պատսպարվել են, ասում են, որ այս պահին իրենց վտանգ չի սպառնում, սակայն չգիտեն՝ վաղն ինչ կլինի․ «Մայրս, տատս, պապիկս չգիտեն, թե վաղն ինչ է լինելու, չգիտեն՝ որտեղ թաքնվեն, ֆաշիստներն իրենց մոտ կգա՞ն, թե՞ չէ»։
Ներկաները հավաստիացրեցին, որ կարող են մնալ այնքան, որքան հարկավոր է և «չմտածեն»․ «Մենք ձեզ կօգնենք»։