Փետրվարի 24-ին Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա։ Չնայած զուգահեռ ընթացող բանակցություններին, երկրում պատերազմական իրավիճակն օրեցօր բարդանում է․ հրետակոծվում ու ռմբակոծվում են տարբեր քաղաքներ՝ Խարկովից ու Կիևից մինչև Օդեսա։ Ընդ որում, ռուսական հարվածների պատճառով զոհվում են նաև Ուկրաինայի խաղաղ բնակիչները։ Ռազմական վերլուծաբան Իգալ Լևինը պնդում է․ նույն կերպ Ռուսաստանը վարվել է Չեչնիայի հետ պատերազմում․․․
— Ես հասկանում էի, որ ՌԴ-ը սկսելու է «հատուկ» օպերացիան Ուկրաինայում, տարիներ շարունակ գրում էի այդ վտանգի մասին։ Հասկանում էի, բայց չէի հավատում։ Նաև գիտեի, թե ինչ զենքերով են սպանելու ուկրաինացիներին։ Գիտեի ու գրում էի «Կալիբրների» և «Իսկանդերների» մասին (դեռևս անցյալ տարվա գարնան հոդվածում, որտեղ դեպքերի նման զարգացումը անվանել էի «ֆանտաստիկ») և հնարավոր էի համարում ռուսների կողմից հրետանու կիրառումը քաղաքի վրա։ Այդ ամենը ռազմական տրամաբանության սահմաններում էր։ Ոչ միայն ես, մենք՝ Արևմուտքի և Ուկրաինայի բոլոր ռազմական վերլուծաբանները, որերորդ տարին է այս կամ այն ձևով շեփորում էինք այդ մասին։
Բայց ես ընդհանրապես չէի մտածում, որ Ռուսաստանը կդիմի այնպիսի քայլի, ինչպես Խարկովի խիտ բնակեցված թաղամասերը «РСЗО»-ով հրետանակոծելը։ Իմ գլխի մեջ դա ուղղակի չի տեղավորվում։ Դուք հասկանում եք, որ այդպես չեն անում անգամ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները։ Խաղաղ բնակիչները մեքենաներում կենդանի այրվել են, ուրիշների ոտքերն են պոկվել, երրորդները ցրիվ են եղել։ Այո, հարվածի տեղում մսի կտորներ էին թափված։
Սա ոչ միայն ծանրագույն և ուղորդված (անհնար է «հանկարծակի» РСЗО-ից հարվածել խիտ բնակեցված շինություններով, այն էլ մի քանի անգամ) ռազմական հանցագործություն է։ Սա խելագարություն է և ամենաիսկական բնաջնջում։ Այդպես ուղղակի չի կարելի անել։ Անգամ եթե դուք ահաբեկիչ եք, ֆաշիստ, մինչև ուղնուծուծը միլիտարիստ․ այդպես չի կարելի անել։ Դա սահմանն է, կարմիր գիծը։ Այն ինչ անում է Ռուսաստանը ռուսախոս (!) Խարկովում, ուղղակիորեն ռուսալեզու բնակչության՝ Ուկրաինայի քաղաքացիների բնաջնջում է։
Ինչո՞ւ է ՌԴ-ն անում դա։ Ես միայն մի բացատրություն ունեմ։ Ուկրաինացիները մեծաքանակ մարկանց գերի են վերցնում՝ խոսքը հարյուրավորների մասին է, որը հնարավոր է՝ շուտով կդառնա հազար։ Ռուս զինվորները չեն ուզում պատերազմել, և գիտակցումը, որ իրենց պատրաստակամորեն գերի են վերցնում, մոտիվացնում է նրանց հանձնվել, եթե կռիվը թեժանում է։ Այսպես, ՌԴ հրամանատարական կազմը սկսեց ուղղորդված և ցուցադրականորեն հարվածել քաղաքացիական բնակչությանը՝ որ ուկրաինացիները զայրանան և սկսեն սպանել տեղում․ գերիների չվերցնեն։
Ռուսները արդեն վարվել են նման կերպ ռուս-չեչենական մարտերում։ Առաջին պատերազմի ժամանակ չեչենները մեծ քանակությամբ ժամկետայինների էին գերի վերցնում։ Վերջիններս առհասարակ պատերազմելու դրդապատճառ չունեին։ Այդ ժամանակ ռուսները սկսեցին հողին հավասարեցնել քաղաքներ։ Չեչենները բարկացան և ի պատասխան սկսեցին կոտորել ռուս զինվորներին։ ՌԴ իշխանությունները սկսեցին առաջ մղել կտրած գլուխների այդ թեման։ Տեսահոլովակներից որոշները հատուկ էին նկարված։ Դրա վրա շեշտադրում էր արվում։ Եվ մինչև երկրորդ արշավանքը՝ 2000-ների սկիզբը, ռուս զինվորի գլխի մեջ արդեն մտցրել էին, որ չեչենը մսագործ է։ Նման մեկին ավելի լավ է չհանձնվել։
Այլ բացատրություն ես չեմ տեսնում: