Լեզվի կոմիտեն այսօր հրապարակել է իր հորդորակների 28-րդ թողարկումը, որում, ըստ ավանդույթի, կոչ է անում օտար բառերի փոխարեն կիրառել դրանց հայերեն համարժեքները։
«Գովելի է, որ հայախոսները սիրում են օտար լեզուներ սովորել։ Շատերը նույնիսկ մեկից ավելի օտար լեզու գիտեն։ Բնական է, որ լեզու սովորելու ընթացքում մարդիկ կարող են կրել օտար լեզվի ազդեցությունը։ Սակայն բոլոր ազդեցությունները չեզոքանում են մայրենին շատ լավ իմանալու և նրա շահն ամեն ինչից վեր դասելու պարագայում։
Բնական պետք է լինի, երբ բազմալեզու հայախոսը մայրենիով խոսելիս ուշադիր լինի իր խոսքի նկատմամբ և գործածի հայերեն բառեր (այդ թվում՝ եզրույթներ)։ Օտար բառերով համեմված խոսքը լեզուների իմացության ցուցիչ չէ, այլ ավելի շուտ ցուցամոլություն»,- ասում է կոմիտեն։
Օտար բառերի և դրանց հայերեն համարժեքների հերթական ցանկը․
- ամորֆ – անձև
- անգլիցիզմ – անգլիաբանություն
- աուդիտոր – 1. հաշվեքննող, 2. հաշվեքննիչ
- աուտենտիկ – 1․ իսկական, բնագրային, 2. հավաստի
- բրա – որմնաջահ
- էրոզիա – 1. քայքայում, 2. ողողամաշում, 3․ բժշկ․ քերծվածք
- թեոլոգիա – աստվածաբանություն
- ինիցիալ – սկզբնատառ(եր), անվանատառ(եր)
- լեոպարդ – ընձառյուծ
- լուպա – խոշորացույց
- կապսուլա – դեղապատիճ, պատիճ
- կապրիզ – քմահաճույք, կամակորություն
- կիոսկ – կրպակ
- հեգեմոնիա – գերիշխանություն
- հիերարխիա – պաշտոնակարգություն, աստիճանակարգություն, ստորակարգություն
- մարշրուտ – երթուղի
- մելոդիա – մեղեդի
- մելոման – երաժշտամոլ, երաժշտասեր
- մետաֆոր(ա) – փոխաբերություն
- մետեորիտ – երկնաքար
- մոդիֆիկացիա – ձևափոխություն
- նատուրա – 1․ բնություն, 2․ բնույթ, բնավորություն, 3․ էություն
- նեոլոգիզմ – նորաբանություն
- նևրոլոգ – նյարդաբան
- պարալիչ / պարալիզ – կաթված
- պելիկան – հավալուսն
- պրաբել (ռուս. пробел) – բացատ
- ռադիացիա – ճառագայթում, ճառագայթահարում
- տաբլետկա – հաբ, դեղահաբ, դեղահատ
- ունիվերսալիա – ընդհանրույթ