Բանավոր եւ գրավոր խոսքում հաճախ նկատվում են սխալներ, որոնք առնչվում են թվականների գործածությանը։ Լեզվի կոմիտեի հերթական հորդորակն անդրադառնում է դրանցից ամենատարածվածներին։
– Առաջին թվականը հաճախ արտասանում են առանց ն-ի՝ «առաջի», երկրորդ-ը՝ «եկրորդ» եւ աղավաղում բառերի հնչյունական ճիշտ պատկերը։
– Շատերն առանց -ը կամ -ն վերջնահնչյունի են արտասանում տասը/տասն թվականը եւ սխալ կազմում տասերկու, տասհինգ եւ այլն։ Սրանց ճիշտ ձեւերը ն-ով են՝ տասներկու, տասնհինգ, տասնյոթ եւ այլն։
Ի դեպ, եթե այս թվականին հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ, ապա գրվում է ը, օրինակ՝ տասը տարի, իսկ եթե հաջորդում է ձայնավորով սկսվող բառ՝ ն, օրինակ՝ տասն անգամ։ Նույնն է նաեւ ինը/ինն-ի դեպքում՝ ինը տարեկան եւ ինն աթոռ (ճիշտ է համարվում նաեւ ինը աթոռ-ը)։
– Ինը/ինն թվականը երբեմն գրում են իննը, որը սխալ է։ Իննսուն թվականը բնականաբար գրվում է երկու ն-ով, ըստ այդմ էլ՝ իննսունինը (կամ իննսունինն)։
– Երբեմն էլ բառավերջի ը-ն թվականներում անհարկի է գործածվում. լսում ենք՝ վեցը գիրք, ութը հոգի, չորսը տարի եւ այլն։ Այնինչ ճիշտ ձեւերն առանց ը-ի են՝ վեց գիրք, ութ հոգի, չորս տարի։
– Երբ ե-ն հաջորդում է բաղաձայնի, կանոնի համաձայն արտասանվում է /է/, հետեւաբար երկու եւ երեք միավորներով կազմված տասնավորները ճիշտ է արտասանել է-ով՝ քսան[է]րեք, հիսուն[է]րեք, տասն[է]րկու եւ այլն։
– Ոմանք շփոթում են յոթանասուն եւ ութսուն թվականները եւ սխալ ասում ու գրում՝ յոթսուն, ութանասուն։ Թվականակերտ «սուն» բաղադրիչը նշանակում է «տասը». 70-ի դեպքում յոթան գրաբարյան հոլովաձեւին ավելանում է ա հոդակապը, ապա՝ սուն բաղադրիչը, 80-ի դեպքում՝ ութ+սուն, ըստ այդմ ճիշտ տարբերակներն են՝ յոթանասուն եւ ութսուն։
– Հիսուն եւ վաթսուն թվականների կազմությունն այսպիսին է. հի (5) եւ վաթ (6) արմատներին ավելանում է սուն բաղադրիչը, ուստի հիցուն եւ վացուն ձեւերն արտասանական «վթարներ» են։
– Ուղղախոսական խնդիրներ կան այլ թվականների հետ եւս։ Այսպես՝ երեսուն-ը հաճախ ասում են «եռեսուն», թեպետ արմատը երե(ք)-ն է (իսկ եռ արմատի տարբերակով ունենք եռամսյակ, եռոտանի եւ այլն)։ 100-ն էլ գրվում եւ արտասանվում է հարյուր, յ-ով (այստեղից՝ հարյուրամյա, հարյուրավոր)։ 0-ն արտասանվում է զրո, ոչ թե զերո (այստեղից էլ՝ զրոյացնել, զրոյական)։
– Փոխառությունների դեպքում եւս առաջնորդվում ենք հայերենի ուղղագրության կանոններով։ Ուստի միլիոն եւ միլիարդ բառերը գրվում են ոչ թե կրկնակ բաղաձայնով, այլ մեկ լ-ով։
– Հաշվում ենք այսպես՝ մեկ, երկու, երեք… Երկու թվականին ս է ավելանում, երբ այն հոդ կամ հոլովական վերջավորություններ է ստանում ՝ երկուսը, երկուսի, երկուսին, երկուսից, երկուսով։
– Հայտնի է, որ հայերեն տառերն ունեն նաեւ թվային արժեք։ Այդ արժեքով գործածված տառը պետք է արտաբերել թվային արժեքին
համապատասխան։ Օրինակ՝ Աշոտ Բ, Վազգեն Ա անունները պետք է ասել՝ Աշոտ Երկրորդ, Վազգեն Առաջին։ Ի դեպ, գրության ժամանակ թվական բաղադրիչը՝ որպես անվան բաղադրիչ, գրվում է մեծատառ։
– Հռոմեական թվանշանները դասական թվականներ են, այսինքն՝ IV, VIII, XI նշանակում են չորրորդ, ութերորդ, տասնմեկերորդ, եւ րդ մասնիկն ավելացնելն ուղղակի սխալ է (սխալ է, օրինակ, VI-րդ, քանի որ լինում է վեցերորդ+րդ)։ Իսկ հռոմեական I-ի դեպքում՝ սխալ է I-ին գրելը (ինչպես նաեւ՝ 1-րդ)։ Ճիշտը սա է՝ 1-ին դասարան (կամ I դասարան):
– Թվարկման ժամանակ հայերեն տառերը դասական թվականի արժեք են ստանում։ Այսպես՝ ա), բ., ե/ դառնում են առաջին, երկրորդ, հինգերորդ եւ այլն։ Այդպես էլ՝ 1., 2) – առաջին, երկրորդ եւ այլն։