Ընդունելով, որ Հայաստանի կրթական համակարգը համաշխարհային զարգացումներին համահունչ արմատական բարեփոխման հրամայականի առջև է, միևնույն ժամանակ արձանագրելով, որ կրթական համակարգին հակացուցված են հեղափոխական մոտեցումները և սկզբունքները,
Պահպանողական կուսակցությունը հայտարարում է, որ շտապողական և միանգամայն անընդունելի է բուհերի ոչ հումանիտար բաժիններից «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման պարտադիր լինելու օրենսդրական դրույթը չեղարկելու գործադիր իշխանության մի հատվածի տրամադրվածությունը, քանի որ`
ա) բարձրագույն կրթությունը, հանրակրթության շարունակողը լինելով, այսօր իր բուն գործառույթից բացի՝ դատապարտված է լրացնել հանրակրթության բացթողումները (թե՛ գրագիտության որոշակի շեմի, թե՛ ընդհանուր կրթական ու դաստիարակչական մակարդակի հատույթներում). այսինքն՝ տրամաբանությունը պահանջում է բարեփոխումները սկսել դպրոցից և բացառապես աստիճանաբար՝ խզում և բացատներ չառաջացնելով հանրակրթության և բարձրագույն կրթության օղակների միջև,
բ) բուհերի բոլոր բաժիններում պետական լեզվի դասավանդումը ոչ միայն չի ենթադրում ընդամենը քերականություն, այլև առաջին հերթին այն հայերեն գիտական լեզվաշինության, տերմինաշինության միակ աշխատանոցն է. այսինքն՝ անհրաժեշտ է ընկալել հայերեն գիտական լեզվի և սոսկական քերականության կամ խոսակցականի տարբերությունը, և միայն տարակուսանքն է առաջացնում, որ դեռևս 5-րդ դարասկզբին խորապես գիտակցված միանգամայն պարզ այս խնդիրը ընկալումների խոչընդոտների է հանդիպում կրթության ոլորտի նորօրյա որոշ տնօրինողների գոսացած մտքերում,
գ) ամբողջ աշխարհում ընթացող նեղ մասնագիտացված կրթության միտմանը զուգահեռ ընթանում է ներդաշնակ և բազմակողմանի՝ հիրավի համալսարանական կրթությունը, որն իր ելքային ցանկալի տվյալները կարող է ապահովել բացառապես այն առարկաների միջոցով, որոնց դեմ ստուգողական արշավ են փորձում սկսել ԿԳՄՍ նախարարության որոշ կասկածելի պաշտոնյաներ:
Եթե խնդիրը մասնագիտական առարկաների համար ժամեր ազատելը կամ ֆինանսական միջոցներ խնայելն է, ապա Պահպանողական կուսակցությունը հորդորում է բուհական պարտադիր ծրագրերից հանել ռուսաց լեզուն, որը գլոբալ աշխարհում և Հայաստանի անկախ պետականության պայմաններում այլևս միանգամայն ավելորդ է և չունի այն նշանակությունը, ինչը պարտադրաբար ուներ խորհրդային երկաթե վարագույրի ժամանկներում: Հասունացել է անմրցունակ և Շեպետովկայից անդին ոչ պիտանի ռուսաց լեզուն նաև հանրակրթական առարկաների ցանկում աստիճանաբար կամընտրային դարձնելու ժամանակը՝ այն մրցակցության մեջ դնելով աշխարհում առավել գործածական այլ օտար լեզուների՝ ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի, չինարենի հետ:
Այսու՝ Պահպանողական կուսակցությունը Կառավարությանը հաստատակամորեն հորդորում է հրաժարվել հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության դեմ ցարական և կոմունիստական շրջաններին հատուկ ժխտողական վերաբերմունքից, իսկ Հայաստանի և Սփյուռքի քաղաքական, հասարակական կառույցներին և բոլոր հայրենակիցներին հորդորում է վճռականորեն դիմագրավել հայության հոգևոր միակ հիմնասյան դեմ նախատեսվող ոտնձգությանը. Ամուլսարն ընդամենը երկրի մի հատվածի ընդերք է, իսկ Հայոց լեզուն հայ ինքնության, հայ էության ընդերքն է, որի ավերման ցանկացած փորձ պետք է կանխվի անխնա և դեռ չսկսված: