Հայաստանի Լեզվի կոմիտեն օգոստոսի 3-ին տարածել է «Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին 17-րդ հաղորդումը։
Կոմիտեի հաղորդագրությունում գոհունակություն է հայտնվում առ այն, որ պաշտոնյաների, լրագրողների ու նույնիսկ համացանցի լեզուն «աստիճանաբար մաքրվում է վաղուց արմատացած օտար բառերից, որոնց տեղը հայերեն տարբերակներն են զբաղեցնում»։ Միևնույն ժամանակ նշվում է, որ օտար շատ բառեր էլ «տակավին չեն նահանջում»։
«Ահա օտար բառերի հերթական ցանկը, որում զետեղված են մեր բառապաշարում շարունակ կիրառվող բառեր։ Առաջարկում ենք այսուհետև դրանք փոխարինել հայերեն ճիշտ և բարեհունչ տարբերակներով։
անտիսեպտիկ – հականեխիչ
ատաշե – կցորդ
գամակ – ցանցաճոճ
էպոխա – դարաշրջան
էքսպրոպրիացիա – ունեզրկում, բռնագրավում, սեփականազրկում
իդեոլոգիա – գաղափարախոսություն, գաղափարաբանություն
ինստանցիա – ատյան
ինտերնացիոնալ – միջազգային
ինֆեկցիա – վարակ
լեքսիկա – բառապաշար, բառամթերք
հալյուցինացիա – զգայախաբություն, զգայապատրանք, պատրանք
մաստեր կլաս – վարպետության դաս
մարգինալ – լուսանցքային, երկրորդական, անկարևոր, ոչ էական
միմիկա – դիմախաղ
յախտա – 1. զբոսանավ, 2. մարզանավ, 3. առագաստանավակ
նաիվ – 1. պարզ, պարզունակ, 2. միամիտ, դյուրահավատ, հիմարավուն
շկալա – սանդղակ
պրեվենտիվ – կանխարգելիչ, կանխիչ, նախապաշտպանական, նախազգուշական
պրիվատիզացիա – մասնավորեցում, սեփականաշնորհում
պրիվիլեգիա – արտոնություն, առավելություն, առանձնաշնորհ
ռեալիզացիա – 1. իրականացում, իրագործում, 2. իրացում
ռեֆորմ – բարեփոխում, բարեփոխություն, բարենորոգություն
սելեկցիա – 1. ընտրություն, ընտրանք, ընտրում, ընտրանի, 2. ընտրասերում
ստերեոտիպ – 1. կարծրատիպ, կարծրույթ 2. նախատիպ, կաղապար
ստրուկտուրալ – կառուցվածքային
տեռորիստ – ահաբեկիչ
տրավմա – վնասվածք, ցնցում, ջղացնցում
փարթի – խնջույք, երեկույթ
օդիոզ – նողկալի, զարհուրելի, գարշելի, խորշելի, զզվելի, ատելի, տհաճ
օրիենտիր – կողմնորոշիչ»։