Մենք ստիպված ենք կռվել․ Երևանում Ուկրաինայի դեսպան
Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը հայաստանցի լրագրողների հետ հանդիպմանը խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի, հայ համայնքի գործողությունների, Ռուսաստանի կողմից ներկայացվող վերջնագրերի մասին։
- Ձեր կամ ձեր ծանոթներն Ուկրաինայում ընկերներ կամ բարեկամներ կունենան․ զանգահարեք նրանց, հարցրեք՝ ինչպե՞ս է Ռուսաստանը «ապաազգայնականացնում» Ուկրաինան։
- Որևէ փոխզիջում հարկավոր է, բայց կապիտուլյացիա չի լինելու։
- Իմ տեղեկություններով՝ բանակցությունների նպատակն իրագործված չէ․ դրանք կշարունակվեն։
- Հայաստանն այժմ դիրքորոշում չի հայտնում, այնուամենայնիվ, երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստում քննարկվում էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցը բարձրացնել Ժնևում 49-րդ նստաշրջանում։ խորհրդի 47 անդամներից կողմ են քվեարկել 29-ը, 5-ը՝ դեմ, 13-ը՝ ձեռնպահ, այդ թվում՝ Հայաստանը։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան և Էրիթրեան։ Սա վերջին տարիների ընթացքում առաջին դեպքն է, երբ Հայաստանը չի աջակցել Ռուսաստանին։
- Ինչպես իմ հայ ընկերն էր ասում․ հայերը միայն Կովկասում չեն, Հայաստանը աշխարհի բոլոր հայերն են։ Այդ թվում՝ Ուկրաինայի հայերը։ հայերը տարածքային պաշտպանության զորամասերին են միանում, հայերն օգնում են ուկրաինական բանակին։ Դեսպանատան Ֆեյսբուքի էջում մենք հրապարակումներ ենք անում՝ ինչպես են հայերն օգնում թոշակառուներին․․․
- Հավաստիացնում եմ ձեզ, մենք համագործակցում ենք Հայաստանի բոլոր այն ուժերի հետ, որոնք աջակցում են մեզ։
- Բանակցությունները միշտ են պետք։ Բայց այն, ինչը երեկ Ռուսաստանի նախագահն ասել էր Ֆրանսիայի նախագահին, և այն, ինչն ասվել էր ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանի կողմից, նույն վերջնագիրն է <․․․>՝ ապանացիֆիկացիա, ապառազմականացում, ՆԱՏՕ և ԵՄ մտնելու ծրագրերից հրաժարում, Ուկրաինայի չեզոք կարգավիճակ։
- Մեր դիրքորոշումն է՝ կրակի դադարեցում և զորքերի ետքաշում։ Իսկ մեզ վերջնագիր են ներկայացնում։ Մեզ միայն կռվելն է մնում։