Ռուաստանի՝ Ուկրաինայում սանձազերծած պատերազմի ֆոնին երեկ սահմանադրական հանրաքվե է տեղի ունեցել Բելառուսում, որի ինքնահռչակ իշխանությունները՝ ինքնահռչակ նախագահ Լուկաշենկոյի գլխավորությամբ, ներխուժման ողջ ընթացքում աջակցություն են ցուցաբերել Մոսկվային։
Հանրաքվեի մասին խոսակցությունները Լուկաշենկոյի նախաձեռնությամբ սկսվել էին դեռ տարիներ առաջ և ավելի ակտիվ կերպով սկսեցին քննարկվել 2020 թվականի բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում, որտեղ բելառուսցիները պայքարում էին ակնհայտորեն կեղծված ընտրությունների և իշխանության բռնազավթման դեմ։ Լուկաշենկոն փորձում էր, ի թիվս այլի, սահմանադրական հանրաքվեի միջոցով մեղմել երկրում բռնկված շարժումը, սակայն դա չաշխատեց։
Երեկ արդեն հանրաքվեն տեղի ունեցավ։ Ըստ սպասվածի, հայտարարվեց, թե Բելառուսի ժողովրդի մեծամասնությունը (ավելի կոնկրետ՝ 65%-ը) կողմ է քվեարկել փոփոխություններին, չնայած թե միջազգային մեդիաները, թե եվրոպական տարբեր կառույցներ և թե հենց Բելառուսի դեմոկրատական ընդդիմությունը (որի մի մասն արտերկրում է, մյուս մասը՝ բանտարկված) ահազանգում էին հանրաքվեի անցկացման անկարելիության և բազմաթիվ ընտրախախտումների մասին։
Նախևառաջ՝ նոր սահմանադրությունից հանվել է նշումն այն մասին, որ Բելառուսը ձգտում է չեզոքության և նպատակադրված է իր տարածքը դարձնել ոչ միջուկային գոտի։ Փոխարենը՝ նոր փաստաթուղթն ասում է, որ երկիրը «բացառում է ռազմական ագրեսիան իր տարածքից ուրիշ պետությունների նկատմամբ»։
Սա, մեծ հաշվով, նշանակում է, որ Բելառուսի տարածքում կարող են տեղակայվել միջուկային զինատեսակներ, այդ թվում՝ այլ երկրների, օրինակ Ռուսաստանի։
«Եթե դուք (Արևմուտքը – խմբ) միջուկային զենք ուղարկեք Լեհաստան կամ Լիտվա՝ մեր սահմաննների մոտ, ես կդիմեմ Պուտինին, որ վերադարձնի միջուկային այն զենքերը, որոնք ես առանց որևէ պայմանի տվել եմ», – սպառնացել է Լուկաշենկո։
Լուկաշենկոյի անցկացրած նոր սահմանադրության մեջ ամենակարևոր փոփոխությունը։ Համաբելառուսական ազգային ժողովի (ВНС) կարգավիճակի փոփոխությունն է։ Այս կառույցը գործում է 1996-ից, սակայն դրա դերը մինչ այժմ շատ մեծ չէր։ Դրա վերջին նիստը տեղի է ունեցել 2021-ի փետրվարին, որին մասնակցել է 2700 մարդ, բոլոր՝ Լուկաշենկոյի կողմնակիցներ։
Այժմ ВНС-ը դառնում է երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմինը։ Այն իրավասու է չեղարկել մյուս մարմինների որոշումները, իմպիչմենտ հայտարարել նախագահին, նշանակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին ու Բարձրագույ և Սահմանադրական դատարանների դատավորներին։ Մարմինը կարող է նաև օրինագծեր ուղարկել խորհրդարան, հանրաքվեներ նշանակել, առաջարկել սահմանադրական փոփոխություններ, հայտարարել արտակարգ և ռազմական դրություն, վերանայել ընտրությունների լեգիտիմությունը։
Բացի այդ, նոր սահմանադրությամբ՝ խորհրդարանի լիազորությունների ժամկետը 4-ից դառնում է 5 տարի, որոշ չափով ավելացվում են վարչապետի լիազորությունները, նախատեսում են ստեղծել ՄԻՊ ինստիտուտ, և հաստատում, որ Բելառուսում «ամուսնությունը միություն է կնոջ և տղամարդու միջև»։
Նոր սահմանադրությամբ՝ նախագահի լիազորությունները սահմանափակվում են։ Մեկ անձը կարող է նախագահել միայն երկու ժամկետով։ Այս նորմը, սակայն կսկսի գործել միայն ներկայիս նախագահի ժամկետի լրանալուց հետո։ Այլ կերպ ասած՝ 2025-ին, երբ լրանա Լուկաշենկոյի ժամկետը, նա կկարողանա նախագահ ընտրվել ևս 2 անգամ ու զբաղեցնել պաշտոնը ևս 10 տարի։
Նախկին նախագահների համար էլ անվտանգության առանձին երաշխիքներ են նախատեսված․ նրանց չի կարելի ենթարկել քրեական հետապնդման իրենց լիազորությունները կատարելու ժամանակ արված գործողությունների համար, ինչպես նաև ցմահ անդամակցության իրավունք է տրվում ВНС-ում և Հանրապետության խորհրդում։
Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ նոր օրենքների, միակ մարդն է, ով կարող է միաժամանակ մի քանի պաշտոն զբաղեցնել․ նա կարող է լինել և Բելառուսի նախագահ և ВНС-ի ղեկավար։
Նախագահի մյուս թեկնածուները պետք է վերջին 20 տարում ապրած լինեն Բելառուսում և այլ երկրի կացության իրավունք չունեն։ Այս նորմն, իր հերթին, սահմանափակում է Լուկաշենկոյի այն ընդդիմադիրների հնարավորությունները, ովքեր երկրից փախել են քաղաքական հետապնդումների պատճառով։
Հանրաքվեի օրը Բելառուսում շուրջ 500 մարդ է ձերբակալվել, փոխանցում է Новая Газета-ն։ Ձերբակալվում էին փողոցում «Ոչ պատերազմին» պաստառներով մարդիկ։ Մարդիկ, ովքեր քվեաթերթիկների վրա գրում էին «Ոչ պատերազմին», նկարում Ուկրաինայի դրոշը, ևս ձերբակալվում էին։ Որոշները դեռ քվեախցին չհասած արդեն հակապատերազմական պաստառներ էին հանում։
Մարդկանց ընտրությունն, իդեպ, հնարավոր էր տեսնել, քանի որ Բելառուսում քվեախցիկներն այլևս չեն ապահովում ընտրության գաղտնիությունը։
Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատացնում է, թե մասնակցել է հանրաքվեին ընտրելու իրավունք ունեցողների 80%-ը, իսկ 65%-ը՝ կողմ է քվեարկել։
«Այստեղ ամեն ինչ կանխատեսելի էր ու առանց անակնկալների․ բռնապետությունն առհասարակ անտանելիորեն ձանձրալի է», – գրում է Իրինա Խալիպը՝ Новая Газета-ի իր հոդվածում։