Home / Հայաստան / Նստեցրել են քննադատելու համար․ բելառուսցի փիլիսոփան պահանջում է նշանակել դատի օրը

Նստեցրել են քննադատելու համար․ բելառուսցի փիլիսոփան պահանջում է նշանակել դատի օրը

Բելառուսցի փիլիսոփա Վլադիմիր Մացկևիչը ձերբակալվել է օգոստոսի սկբզին։ Արդեն իններորդ օրն է՝ նա Բելառուսական №1 ՁՊՎ-ում հացադուլ է անում։ Գիտնականը պահանջում է բաց թողնել իրեն՝ վերցնելով ստորագրություն չհեռանալու մասին, ավարտել նախաքննությունը, նշանակել դատավարության ամսաթիվը։ Պահանջները չբավարարելու դեպքում նա փետրվարի 14-ից պատրաստվում է անցնել չոր հացադուլի։

Մացկևիչը մեղադրվում է «հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կազմակերպելու» մեջ։ Մացկևիչը Բելառուսում հիմնել է Հումանիտար տեխնոլոգիաների գործակալությունը, եղել է միջազգային «ԵվրոԲելառուս» համընկերության գործադիր մարմի՝ ռադայի առաջին ղեկավարը, և «Թռչող համալսարան» նախաձեռնության հիմնադիրը (ստեղծվել է Լեհաստանում 19-րդ և 20-րդ դարերում գործող համանուն շարժման նմանությամբ)։ Ժամանակին զբաղվել է նաև Բելառուսում կրթական ռեֆորմների մշակմամբ։ Կանգնած է բելառուսական Միավորված քաղաքացիական կուսակցության և «Խարտիա 97» քաղաքացիական նախաձեռնության ակունքներում։ Մինչ ձերբակալվելը նա «Բելսատ» հեռուստաալիքում վարում էր «Ռազմովա» բանավեճային ծրագիրը։ Հրապարակախոսական հոդվածներում և բաց նամակներում հաճախ քննադատում էր Բելառուսի իշխանություններին։

Այժմ մեղադրվում է «հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կազմակերպելու» մեջ (Բելառուսի ՔՕ 342 հոդված)։ Ինչ խմբի և ինչ գործունեության մասին է խոսքը՝ պարզ չէ։

Նրա փաստաբանին՝ Դմիտրի Լոզովիկին, մի քանի անգամ հաջողվել է հանդիպել Մացկևիչին․ «Վլադիմիրն ինձ պատմել է, որ օգոստոսի 4-ին նրա մոտ են եկել՝ խուզարկություն անելու, առգրավել են տեխնիկան, փողերը և փաստաթղթերը։ Տարել են ԿԳԲ, երկար զրույցից ծանուցել ձերբակալության մասին», – պատմել է փաստաբանը։ 

Մեղադրանքի էությունը, ըստ նրա, հասկանալի չէ ոչ իր պաշտպանյալին, ոչ էլ իրեն։ Փիլիսոփան չի մասնակցել անգամ Բելառուսում վերջին նախագահական ընտրություններին հաջորդած զանգվածային բողոքի ցույցերին։ Հավանաբար, ուժայինները նրա վերլուծական հոդվածներն ու սոցցանցային գրառումներն են մեկնաբանվեն որպես «կազմակերպչական» գործունեություն։ Հղվելով նաև մյուս քաղբանտարյալների գործերին, փաստաբանը եզրակացրել է՝ ցանկացած խոսք այլևս կարող է մեկնաբանվել որպես անկարգություններ հրահրող։

«Մացկևիչը մեկուսարանից խնդրել է բոլորին՝ կարդալ բարձրաստիճան պաշտոնյաներին հասցեագրված իր բաց նամակները․ դրանցում ամփոփված է իր դիրքորոշումը։ Նա կարծում է, որ իրեն նստեցրել են քննադատության համար»։