Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ, քաղբանտարյալ Ալեքսեյ Նավալնին կոչ է արել ռուսներին դուրս գալ հակապատերազմական ակցիաների․
— Մենք՝ Ռուսաստանը, ցանկանում ենք լինել խաղաղության ազգ։ Ավաղ, մեզ հիմա քչերն են այդպես կոչում։
Բայց եկեք գոնե վախեցած լռակյացների ազգ չդառնանք։ Վախկոտներ, ովքեր ձևացնում են, թե չեն նկատում Ուկրաինայի դեմ մեր ակնհայտորեն խելագար ցարի սանձազերծած ագրեսիվ պատերազմը։ Ես չեմ կարող, չեմ ցանկանում և չեմ պատրաստվում լռել՝ տեսնելով, թե ինչպես է 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին պսևդոպատմական անհեթեթությունը պատրվակ դարձել, որ ռուսները սպանեն ուկրաինացիներին, իսկ նրանք, պաշտպանվելով, սպանեն ռուսներին <…>
Պուտինը Ռուսաստանը չէ։ Եվ եթե այս պահին Ռուսաստանում կա որևէ բան, որով կարելի է հպարտանալ ամենից շատ, ապա դա այն 6835 մարդիկ են, ովքեր բերման են ենթարկվել, քանի որ առանց որևէ կոչի փողոց են դուրս եկել՝ «ոչ պատերազմին» պաստառներով:
Ասում են՝ միտինգի կոչ անել չի կարող նա, ով չի գնալու միտինգի և ձերբակալվելու վտանգի տակ չէ։ Ես արդեն բանտում եմ, ուստի կարծում եմ, որ ինձ կարելի է: Մեկ օր անգամ սպասել չի կարելի: Ուր էլ որ լինեք։ Ռուսաստանում, Բելառուսում կամ մոլորակի մյուս կողմում։ Դուրս եկեք ձեր քաղաքի գլխավոր հրապարակ ամեն աշխատանքային օր ժամը 19:00-ին, իսկ հանգստյան և տոն օրերին՝ 14։00-ին։
Եթե կարող եք երթ անել, արեք հանգստյան օրերին: Այո, հնարավոր է առաջին օրը քիչ մարդ դուրս գա։ Իսկ երկրորդ օրը` էլ ավելի քիչ:
Բայց մենք պետք է ատամները սեղմած ու վախը հաղթահարելով՝ դուրս գանք և պահանջենք դադարեցնել պատերազմը։
Յուրաքանչյուր ձերբակալվածի պետք է փոխարինեն երկու նոր եկածները։
Եթե պատերազմը դադարեցնելու համար մենք ինքներս մեզնով պետք է լցնենք բանտերն ու ոստիկանական մեքենաները, մենք մեզնով կլցնենք բանտերն ու ոստիկանական մեքենաները։