Ազգային ժողովը իր այսօրվա հերթական նիստին ամբողջությամբ ընդունել է տոտալիզատորների գովազդը սահմանափակելու նախագիծը։ Օրենքն ընդունվել է 63 կողմ, 24 ձեռնպահ ձայների համակցությամբ։
Բուքմեյքերական ընկերություններին թույլատրվելու է գովազդ տեղադրել միայն՝
— սահմանային անցակետերում,
— 4 և ավելի բարձր աստղ ունեցող հյուրանոցներում,
— իրենց գրասենյակների ներսում, մուտքերին, կայքէջերում։
Սահմանափակումը տարածվելու է նաև թղթային վիճակախաղերի վրա: Օրենքն ուժի մեջ է մտնելու վեց ամիս անց:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին նախագիծը առաջարկել էր պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա վիճակագրություն էր ներկայացրել, ըստ որի՝ նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստանում 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք է կատարվել։ Համեմատության համար կարելի է նշել, որ Հայաստանի Հանրապետության բյուջեի եկամտային մասը նույն տարի եղել է շուրջ 1․6 տրիլիոն դրամ։ Այսինքն՝ գումարները, որ հասել են բուքմեքերական կազմակերպություններին, երկու անգամ գերազանցում են ողջ պետության բյուջեի եկամուտները։
«Բայց ամենահետաքրքիրն այն է, որ անգամ այս իրավիճակում որոշ ընկերություններ ցույց են տվել, թե իրենք վնասով են աշխատում։ Սա շա՜տ տարօրինակ վիճակագրություն է։ Օրինակ՝ կա ընկերություն, որը անցած տարի մոտավորապես մեկ միլիարդ դոլարի խաղադրույք է ընդունել, բայց [ըստ ներկայացրած փաստաթղթերի] վնասով է աշխատել․․․Այս հարցերը պետք է պարզաբանվեն», – ասել էր Թունյանը։