Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ընդունել է, որ Ուկրաինայում ժամկետային զինծառայողների հայտնվելու «մի քանի դեպք» կա։ Մարտի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինա ուղարկվել են բացառապես փորձառու զինծառայողներ՝ սպաներ և պայմանագրայիններ, ժամկետայիններ այնտեղ չկան։ Մինչ այդ նույն հայտարարությունը բազմիցս հնչել է, մասնավորապես՝ ՌԴ ՊՆ-ի կողմից։
Միաժամանակ Новая Газета-ն օրերս հրապարակել էր ժամկետային ծառայությունը չավարտած և Ուկրաինայի պատերազմում հայտնված պայմանագրայիններից երկու պատմություն։ Մարտի 8-ին Медуза-ում հրապարակվել է ևս մի ժամկետային զինծառայողի՝ Դամուր Մուստաֆաևի հոր մենախոսությունը։ Նրա որդին այժմ Ուկրաինայում է՝ ռազմագերու կարգավիճակում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը գերի ընկած ռուս զինվորականների մասին տեղեկություն չի տալիս, սակայն հարազատները կարող են գտնել նրանց` համացանցում հայտնվող տեսանյութերի միջոցով։ Նման մի տեսանյութում Սոբիրժոն Մուստաֆաևը ճանաչել է որդուն, որը պատմում էր, թե ինչպես են իրեն ու ծառայակիցներին զորավարժությունների փոխարեն խաբեությամբ ուղարկել Ուկրաինա՝ պատերազմելու։ Ուկրաինայի Չերնիգով մարզում փչացել է տանկը, որի մեջ նա գտնվում էր, և տանկերի շարասյունը լքել է նրան, իսկ երբ Մուստաֆաևը փորձել է գտնել ռուսական ուժերին, հայտնվել է գերություն մեջ։ Հայրը հայտնել է, որ Դամուրը ժամկետային զինծառայող է։ Տղամարդու պատմության որոշ հատվածների թարգմանությունը՝ ստորև․
— Տղաս զորակոչվեց 2021-ի հունիսին։ Ռազմական կարիերա չէր ուզում։ Նրան երկու թե երեք անգամ թողել էին՝ չէին զորակոչել․ արյան հետ ինչ-որ խնդիրներ ուներ։ Բայց դեղեր էր խմում․ անցյալ տարի ասել են՝ «կարող ես ծառայել» ու զորակոչել։ Արդյունքում ուղարկել են ծառայելու Չիտայի մոտ, վարորդ-մեխանիկի էր սովորում։ Դրանից հետո ուղարկել են Նարո-Ֆոմինսկ։ Հետո, ոնց որ, սկսել են մասնակցել զորավարժանքների․ տեղափոխել են Վորոնեժ, Բելգորոդի և Կուրսկի մարզ։ Ես հետը հեռախոսով էի կապվում, վերջին անգամ՝ փետրվարի 22-ին։ Ոնց որ՝ նորմալ էր ամեն ինչ։ Փետրվարի 24-ին էլ հրաման էր եղել ու իրեն ասել էին՝ «զորավարժանքների»։
Նա իրոք ժամկետային էր։ Ես չգիտեմ՝ իրենց մոտ ինչ է եղել։ Ասում էր, որ պայմանագիր չի ստորագրել։ Բայց ես զարմացած էի․ իրենց փոխարեն կարող են ստորագրել կամ ինչ-որ նման բան։ Նա ասում էր՝ «իրե՛նք են մեզ որպես պայմանագրային գրանցել»։ Սա եղել է, երբ ամսի 22-ին էինք խոսում։ Ասում եմ՝ «ո՞նց կարող են իրենք դա անել»։ Պատասխանել էր, որ դա պահանջում են։ Բայց ասաց, որ ինքը չի ստորագրել։ Պահանջում է ինչ-որ ընդհանուր մեկը՝ ամբողջ գումարտակի, վաշտի, զորամասի համար։ Ես չեմ հարցրել, թե կոնկրետ ով։
Հիմա երբ տեսնում եմ տեսանյութը․․․ գերի ընկածներից շատերն են ասում, որ իրենց փոխարեն են ստորագրել։ Իրենք չգիտեին․ իրենց ասել են, թե մեկնում են զորավարժանքների ու պատերազմի մեջ են հայտնվել։
Իրենց տանկը փչացել էր։ Գիշերել են տանկում, իսկ հետո որոշել են դուրս գալ ռուսների մետ։ Ճանապարհին ինչ-որ տեղ մնացել են ճահճի մեջ ու իրենց գերի են վերցրել։
Իրոք չգիտեմ, թե ինչ անել, ինչպես օգնել իրեն ու ով էր մեղավոր։ Կարծես՝ մեր նախագահն ասում է, որ ժամկետայիններին ուղարկելու հրաման չկա ու որ այնտեղ ժամկետայիններ առհասարակ չկան։
Ավագ որդուս ասել եմ, որ կապվի գերատեսչությունների հետ, գնա ու հարցուփորձ անի։ Ես չեմ կարող, ոտքերս ցավում են։ Չգիտեմ՝ տեղեկությունը գաղտնի՞ է, թե՞ ոչ։
Նյութը դեռևս հասանելի է Медуза-ի կայքում։ Новая Газета-ի կայքում ժամկետայինների մասին հրապարակված նյութը այլևս հասանելի չէ․ այն ջնջվել է՝ կապված Ռուսաստանում մարտի 3-ին ընդունված օրինագծի հետ։ Վերջինիս համաձայն՝ ռուսական զինուժերի գործողությունների մասին «գիտակցված կեղծ տեղեկություն» տարածելու համար նախատեսվում է մինչև 15 տարվա ազատազրկում։
Փետրվարի 27-ին Ուկրաինայում բացվել է “Փնտրիր ձերոնց” ռեսուրսը։ Կայքում ռուս զինվորների հարազատներին առաջարկում էին թողնել տվյալները, որոնք հնարավոր կլինի համեմատել գերիների և մահացածների ցուցակների հետ և գտնել նրանց։ Մեկ օր անց ռուսական իշխանությունները արգելափակել են կայքը, սակայն զինվորների անունների տվյալների հավաքագրումը փոխադրվել է տելեգրամ հարթակ։