Ռուս պայմանագրայինների հարազատների պատմությունները
Մարտի 2-ին Ռուսաստանի ՊՆ-ն Ուկրաինայի հետ պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ հայտնել է 498 զոհերի և 1597 վիրավորների մասին։ Մինչ այդ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ Ուկրաինա են ուղարկվել բացառապես պայմանագրային զինծառայողները։
Новая Газета-ի թղթակիցները, սակայն, պարզել են, որ նրանցից որոշները չէին ավարտել ժամկետային ծառայությունը։ Խմբագրությունը հրապարակել է երկու զինծառայողի հարազատների պատմությունները, նշելով, որ տիրապետում է դրանք ապացուցող նյութական տվյալների։ Հարազատները թույլատրել են օգտագործել իրենց ու զինծառայողների իրական անունները․ նրանք տագնապի մեջ են և ցանկանում են ուղղակի որևէ բան իմանալ։
Պավել Աբրամով
Պավելը մասնագիտությամբ անգլերեն և ֆրանսերեն լեզուների դասատու է։ Նա 23 տարեկան է և ծառայում է մոտոհրաձգային բրիգադում։
Պավելը ավարտել է համալսարանը և անմիջապես անցել պարտադիր ժամկետային ծառայության՝ ունենալով հարթաթաթություն և այլ առողջական խնդիրներ։ Ռյազանի մարզից՝ որտեղ ապրում է մայրը, նրան ուղարկել են Հեռավոր արևելք։ Ելենա Աբրամովան պատմում է, որ այնտեղ նա փոխել է իր՝ մնալու և հայրենիքի պաշտպանության մեջ մասնագիտանալու միտքը։ Բայց դրանից հետո «ինքնակամ-ստիպողաբար» ստորագրել է պայմանագիրը։
– Իրենց մոտ բոլորին, ով չէր համաձայնվում ստորագրել պայմանագիրը, ուղարկում էին «տակելաժկա»․ հատուկ ռազմափորձադաշտ է, որտեղ օրեր շարունակ պետք է զինմթերքներով լի ծանր արկղեր քարշ տային։ Շատերը չէին դիմանում ու ստորագրում էին պայմանագիրը, միայն թե վերադառնային նորմալ պայմանների։
Տղայիս մեջքի ցավը այնքան էր ուժեղացել, որ հիվանդանոց էր ընկել ու այնտեղ արդեն որոշեց որ հետ չի վերադառնալու ու ավելի լավ է պայմանագիրը ստորագրի։ Բացի այդ, պայմանագիրը պատշաճ վարձատրություն էր խոստանում՝ 45 հազար ռուբլի, իսկ որպես ուսուցիչ նա մեր մարզում նվազագույն աշխատավարձ էր ստանալու։ Ու ստորագրեց։ Բայց շատ էր ուզում հնարավորության դեպքում հեռանալ բանակից։
Երկու տարվա պայմանագիրը Պավելը ստորագրել է 2021-ի սեպտեմբերին։ Ըստ Ելենայի, նա այդպես էլ չի ստացել խոստացված չափի գումարը և նրա ֆինանսական նպաստը ամսեկան կազմում էր 27 հազար ռուբլի։
— Պավելը ծառայում էր Արևելյան ռազմական շրջանում, – պատմում է մայրը՝ Ելենան։ «Ամբողջ Հեռավոր Արևելքին՝ Պրիմորիե երկրամասը, Խաբարովսկի երկրամասը, Ամուրսկի մարզը, Անդրբայկալյան երկրամասը, հունվարին ուղարկեցին Բրյանսկում զորավարժությունների»։ Բոլոր զինվորներին ծանոթացրել են հրամանին, գործուղման ցուցակը ևս ստորագրվել է։
Գնացքը Հեռավոր Արևելքից դեպի երկրի ամենաարևմուտք հասավ երկու շաբաթում։ Փետրվարի սկզբին այն հասավ Բրյանսկի մարզ։ Պայմանագրայիններին թույլատրվում էր ունենալ հասարակ ստեղնաշարով հեռախոսներ, և Պավելը ամեն օր կապի էր դուրս գալիս մոր հետ։ Այդ պատճառով մայրը գիտի, որ Բրյանսկում նրանց ստորաբաժանումը կանգնած է մնացել մոտ 4 ժամ։ Այդ ժամերի ընթացքում զինվորականները մնացել են վագոններում և նրանց արգելվել է դուրս գալ։ Գնացքը հետո շարժվել է դեպի Բելառուս։
Ելենան այդ ժամանակ հետևելով լուրերին տեղեկացել էր, որ Բելառուսում Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններ են նախատեսվում, և սովորականի նման, այդքան էլ չէր անհանգստանում իր որդու համար։
— Բելառուսում իրենց յուրաքանչյուր ստորաբաժանումը զբաղեցրել է իր տարածքը բելառուսա-ուկրաինական սահմանի կողքին։ Մեկը Պրիպյատի վերևում, մյուսը Գոմելի մոտ։ Ապրում էին վրաններում։ Որդիս կապի էր դուրս գալիս ամեն օր մեկ րոպեով, որովհետև այնտեղ համենայն դեպս ռոումինգ է։ Բայց ինձ միայն հարկավոր է նրա ձայնը լսել, ուրիշ ոչինչ։
Փետրվարի 7-ին նրանց հայտարարեցին բելառուսական զորքերի հետ համատեղ զորավարժությունների մասին։ Այդ օրը Պավելը բղավում էր, որ իրեն «հոգեբանորեն կոտրել են»։ Ելենան դժվարությամբ հանգստացրել է որդուն, բայց այդ պահից ի վեր իր տեղը չի գտնում։
Զորավարժությունները, ինչպես տեղեկացել էր Ելենան, պետք է ավարտվեին փետրվարի 20-ին, բայց 16-ին Պավելը նրանց ասել է, որ դրանք ավարտվել են ժամանակից շուտ։ Լուրերով Ելենան տեսնում էր՝ արևմտյան մամուլը զրպարտում է Ռուսաստանին, պնդելով, որ հենց այդ օրը Ռուսաստանը իբր հարձակվելու է Ուկրաինայի վրա։
– «Վերջ, մամ, մենք վերջացրել ենք, գալիս ենք տուն»՝ այսպես ինձ որդիս ասաց։ Մենք նույնպես նայում էինք լուրերն ու մտածում՝ ինչ հիանալի է, տեսնում եք՝ ինչպես են նրանք ստում, այս արևմտյան պրոպագանդան, ի՞նչ ռազմական գործողություններ։
Բայց փետրվարի 16-ին նրա որդուն և համածառայակիցներին Հեռավոր Արևելք հետ չտարան։ Փետրվարի 17-ին էլ չտարան։
Փետրվարի 18-ին Պավելը մորը ասել է, որ նրանք կրկին վրաններ են խփում․ նրանց հայտնել են, որ զորավարժությունները երկարացվել են։ Մամուլում Ելենան կարդացել է, որ իրոք երկարացվել են։
– Մտածեցի՝ երկարացրել են, սարսափելի բան չկա։ Իրենց մոտ ճարպիկ տղաներ կային, որ կարողացել էին թաքցնել սմարթֆոնները և ինչ-որ կերպ կարողանում էին դրանցով ինտերնետ մտնել։ Նրանք կարդում էին արևմտյան հետախուզության հաղորդագրությունները, իբր՝ միանշանակ պատերազմ է լինելու։ Որդիս դա պատմում էր, իսկ ես իրեն դեռ հանգստացնում էի, թե «այո, տղաս, այդպես ասում են, ու մենք ծիծաղում ենք իրենց վրա, դա խելագարություն է, նման բան չկա»։
Փետրվարի 21-ին Պավելի հայտնել է մորը, որ իրենց նորից «պոկում են տեղից» ու վերատեղակայում բելառուս-ուկրաինական սահմանին ավելի մոտ։
Փետրվարի 22-ին նա պատմել է, որ իրենք սահմանից 2-3 կմ հեռավորության վրա են և արդեն տեսնում են Ուկրաինայի տարածքը։
Փետրվարի 23-ին նա զանգել է գիշերվա մոտ տասին արցունքների ու շոկի մեջ և ասել է Ելենային․ «Մամ, մեզ շարեցին ու ասացին, որ մենք ապօրինի կերպով հատել ենք Բելառուսի սահմանը, մեր մոտի հրամանն ու գործուղման թերթիկը, որ մենք ստորագրել ենք, վերաբերում են Բրյանսկին ու մենք համարձակվել ենք առանց որևէ թույլտվության թողնել մեր տեղակայման տարածքը։ Այս պահից, ասացին մեզ, դուք որևէ կապ չունեք ռուսական բանակի հետ, դուք դասալիքներ եք»։ Ու դա ասել են իրենց իսկ հրամանատարները։ Ես ուրիշների մայրերի հետ էլ եմ շփվել՝ լրիվ նույնը։ Նրանց նաև ասել են, որ ոչ մի հավելավճար իրենց չի հասնում, որովհետև գործուղվել են Բրյանսկ, իսկ Բրյանսկը «իրենք լքել են ինքնակամ»։
Դրանից հետո նրանց ասել են, որ դիմացը դաստիարակչական գումարտակն է, ու ավելի լավ է գնալ ուկրաինացիների վրա։ Պավելը գոռացել է հեռախոսի մեջ «Մամ, մեզ դավաճանե՛լ են»։
Վերջին անգամ նա զանգել է ժամը չորսն անց կես և հեռախոսի մեջ արդեն լսվում էր ինքնաթիռների գվվոց ու կրակոցներ․ «Մամ, մեզ նորից մեքենաներ են նստեցնում ու մենք գնում ենք։ Ես քեզ սիրում եմ, եթե սև թուղթ ստանաք, միանգամից չհավատաս, անպայման ստուգիր»։ Ելենան որդու մասին էլ ոչինչ չգիտի։ Իրեն ծանոթ մայրերը նույնպես անտեղյակ են երեխաներից․ նրանք այլևս կապի դուրս չեն եկել։
Եվգենի Ռոստովցև
Եվգենի Ռոստովցևին փնտրում է նրա տատիկը՝ Ալևտինա Լեոնիդովնա Ռոստովցևան։ Վերջին անգամ տղան կապվել է իր հետ փետրվարի 22-ին։
Ժենյան իր տատիկի հետ ապրում էր Պերմի երկրամասում, և դպրոցը ավարտելուն պես դիմել է Կիրովի շրջանի տեխնիկում։ Ավարտել է որպես վարորդ և վերադարձել տուն։ 2020 թվականի հոկտեմբերին 18-ամյա տղային զորակոչել են բանակ։ Տատիկը պատմում է, որ նա երեք օր անցկացրել է իրենց մոտ, այնուհետև հրամանատարներ են եկել Ուսուրիյսկից և տարել նրան՝ խոստանալով, որ այնտեղ նա վարորդական կարգ կստանա։
– Միանգամից պայմանագիր են առաջարկել, ինքն էլ զանգեց ու ասաց որ ուզում է ստորագրի։ Ասում եմ «ոչ մի դեպքում մի ստորագրիր։» «Ինչի՞,- հարցնում է, – գումար էլ են ավելի շատ խոստացել, կոչում կունենամ, կսովորեմ»։ Ու ստորագրեց։
– Իրականում նրա ստացած աշխատավարձը քիչ է եղել․ սկզբում 18 հազար, հետո 24՝ ոչ այն, ինչ իրեն խոստացել էին։ Ապրում էին զորանոցում, որտեղ անգամ նորմալ լույս չկար։ Հետո ընկերների հետ փոխադրվել են բնակարան, որի համար վճարում էին։ Ռազմահագուստն իրենք էին գնում, անընդհատ տարբեր բաների համար գումար էին տալիս․ մեկ բենզինի, մեկ ինչ-որ պաստառների ու նման բաների։ Գումարը չէր հերիքում, ես էի օգնում։ Ասում է «Տատի, հոգնել եմ էս ամենից, ուզում եմ խզել պայմանագիրը»։
Հունվարի սկզբին Ժենյան զանգել է տատիկին ու ասել, որ իրենց ուղարկում են Բելառուս՝ վարժանքների։ Փետրվարին նա արդեն SMS հաղորդագրությամբ գրել է, որ Բելառուսում է, ապա՝ որ Ուկրաինայի հետ սահմանի մոտ է․ զանգելը նրա համար շատ թանկ էր։ Երբ Ալևտինա Լեոնիդովնան հարցրել է, թե ուր է ու ինչպես, «մենք համերգի ենք» պատասխանն է ստացել։ Դրանից հետո նա այլևս կապի դուրս չի եկել։
Փետրվարի 27-ին Ուկրաինայում բացվել է “Փնտրիր ձերոնց” ռեսուրսը։ Կայքում ռուս զինվորների հարազատներին առաջարկում էին թողնել տվյալները, որոնք հնարավոր կլինի համեմատել գերիների և մահացածների ցուցակների հետ և գտնել նրանց։ Մեկ օր անց ռուսական իշխանությունները արգելափակել են կայքը, սակայն զինվորների անունների տվյալների հավաքագրումը փոխադրվել է տելեգրամ հարթակ։ Մինչ այս հարթակի միջոցով իրենց հարազատներին կարողացել են գտնել դիմողներից 19-ը։