Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։
Վարչապետը հիշեցրել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը եղել է թե Հայաստանի բոլոր նախորդ կառավարությունների, թե առհասարակ՝ Ղարաբաղյան բանակցային գործընթացի հիմնական նպատակը։
«Այո, դա մեր նպատակներից է, և մենք պատրաստ ենք առարկայական կոնկրետ խոսակցության», – ասել է վարչապետը։
Պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին՝ Փաշինյանն անդրադարձել է նաև ճանապարհների ապաշրջափակման հարցին։
Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի –Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքների կազմակերպման հարցերով, ըստ պաշտոնյայի, արդեն իսկ աշխատանքային խումբ է ձևավորվել։
Բացի այդ, Վերջերս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում հանդիպել է եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հետ:
«Մենք արդեն հիմա քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման և կառուցման աշխատանքների ֆինանսավորման մասին»,-ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը կարևորում է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի –Հորադիզ երկաթուղու կառուցման, վերականգնման մասին երկաթուղու գործարկման վերաբերյալ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումը, թղթին արձանագրումն ու ստորագրումը, Փաշինյանն արդեն ձևավորել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին:
Փաշինյանը, սակայն, կարևորում է նախևառաջ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների դե յուրե (թղթի վրա) ամրագրումը։
«Նկատի ունեմ՝ կամ երկկողմ, կամ եռակողմ, կամ որևէ ֆորմատով դա պետք է դառնա պայմանավորվածություն, թղթին արձանագրվի և ստորագրվի: Մենք պայմանավորվել ենք, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոնների համապատասխան՝ երկրների օրենսդրության և սուվերենության շրջանակներում, ինչը նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականացվի սահմանային, մաքսային և այլ հսկողություն: Եվ մենք պետք է համաձայնեցնենք պարամետրերը, որպեսզի նույն պարամետրով երկաթուղի կառուցենք, որովհետև այդ երկաթուղիները պետք է կպնեն իրար: Միջազգային բեռնափոխադրումների ուղի է դառնալու: Եվ այս ամենը շատ կարևոր է, որ մենք հնարավորինս արագ դե յուրե արձանագրենք, ստորագրվի դա, եթե փաստաթուղթը կլինի այնպիսին, որ վավերացման անհրաժեշտություն կլինի: Չնայած մեր գնահատականն այն է, որ երևի թե չի լինի, բայց խորհրդարանում վավերացվի»,-նշել է վարչապետը:
Ըստ պաշտոնյայի՝ Բրյուսելում, Սոչիում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ճանապարհների ապաշրջափակման մասով ձևակերպել են առաջարկներ, որոնք փոխանցվել են ադրբեջանական կողմին, նաև Ռուսաստանի գործընկերներին, միջազգային գործընկերներին:
Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես հայկական կողմը պատրաստ է արդեն իրագործել նաև ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման, կառուցման գործընթաց:
«Ավտոճանապարհների և երկաթուղիների նախագիծը մենք անվանում ենք հայկական խաչմերուկ, որովհետև այստեղ մենք ըստ էության գործ ունենք հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք խաչմերուկի հետ: Եվ այդ խաչմերուկի գործադրումը կարող է շրջադարձային կետ լինել Հայաստանի տնտեսության զարգացման և ֆինանսատնտեսական կարողությունների հզորացման առումով», – եզրափակել է Փաշինյանը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Իլհամ Ալիևի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո վարչապետը հայտարարել էր, որ երկաթգծերի հարցում կա փախհամաձայնություն և որոշվել է վերականգնել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի—Հորադիզ երկաթուղին
Հանդիպումից հետո Միշելը հայտարարել էր, որ երկաթուղու մասով կա պայմանավորվածություն, սակայն կողմերը փոխհամաձայնության չեն հասել ավտոմոբիլային հաղորդակցության բացման հարցում։
Հունվարին արդեն հայտարարվեց, որ երկաթուղու շինարարության հարցերով կձևավորվի աշխատանքային խումբ։ Հայկական կողմից կմասնակցի 10 հոգի։ պատվիրակության ղեկավարը կլինի Արտաշես Թումանյանը։
Այս թեմայով՝ Երկաթգիծը կգործի փոխադարձության սկզբունքով, ավտոճանապարհի շուրջ համաձայնություն չկա