Home / Շուկա / Մոտ ենք արձանագրելու ապաշրջափակման առաջին արդյունքները․ Փաշինյան

Մոտ ենք արձանագրելու ապաշրջափակման առաջին արդյունքները․ Փաշինյան

Մենք շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Աշխատանքային այցով երեկ Հայաստան էին ժամանել Ռուսաստանի փոխվարչապետ, հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելազյորովը։ Նրանց հետ հանդիպել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Օվերչուկի երեկվա այցը, ըստ Փաշինյանի,  նվիրված էր Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին․

«Արդեն պայմանավորվածություններ ենք ձեռք բերել։ Մենք պետք է այդ երկաթուղին կառուցենք և այն պետք է գործի Հայաստանի տարածքում՝ Հայաստանի օրենսդրության, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում։ Եվ երեկվա այցն, ըստ էության, գործնականացմանն էր ուղղված։ Մենք արդեն քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման հարցերը, նաև նախագծման և շինարարության մեկնարկի ու ֆինանսավորման հարցերը»։

Փաշինյանի կարծիքով՝ առաջիկայում այս հնարավորության իրագործումը դառնում է առարկայական։ 

Բացի այդ, երկաթգծի վերականգնման հետ կապված պարբերաբար երկկողմ շփումներ են լինելու ռուսական կողմի հետ․ Հայաստանի տարածքով անցնող երկաթգծերի օպերատորը հենց ռուսական՝ Հարավկովկասյան երկաթուղիներն են։

«Մենք ճիշտ ենք համարում այս փուլից ծրագրի հետ կապված առաջընթացներում ինտենսիվ փորձագիտական շփումներ ունենալ նաև երկկողմ հարթակում։ Նախագծային փուլից սկսած ճիշտ է, որպեսզի օպերատորի հետ մեր համագործակցությունը սերտ լինի, որպեսզի նախագիծն ունենա այնպիսի տրամաբանություն, որ կառուցվի ու դրանից հետո անմիջապես շահագործվի՝ առանց խութերի և խոչընդոտների», – հավելել է Մհեր Գրիգորյանը։

Սոչիում և Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումներից հետո հայտարարվեց, որ երկաթգծերի ապաշրջափակման շուրջ որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել․ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ Երկաթուղին, ըստ Հայաստանի վարչապետի, կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու՝ Հայաստանի տարածքով անցնող 45 կմ-անոց հատվածի (Մեղրու երկաթգիծ) շինարարությունը կարժենա մոտ 200 միլիոն դոլար և կտևի շուրջ 3 տարի, նշել էր Հայաստանի փոխվարչապետը։ Հայաստանի սահմանից մինչև Հորադիզ ձգվող երկաթգծի համար, ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի, կպահանջվի ավելի խոշոր՝ շուրջ 1 միլիարդ դոլարից ավել ներդրում․ շուրջ 100 կմ-անոց գիծն անցնում է Ադրբեջանի տարածքով։ Իլհամ Ալիևը վստահեցնում է, որ դրա շինարարությունը կավարտի մինչև 2023-ի տարեվերջ։