Երևանի Օղակաձև զբոսայգում ուկրաինական դրոշներով, հակապատերազմական պաստառներով հավաքվում են Հայաստանում հայտնված ուկրաինացիները և ռուսաստանցիները։ Մարդիկ իրար գտնում են միգրանտների փոխօգնության տելեգրամ-ալիքներում՝ կոնտակտները փոխանցելով ծանոթից ծանոթ։ Տեղական լրատվականներ չկան․ ակցիան ավելի շուտ նախատեսված է սոցցանցերով տարածելու, միմյանց հետ ծանոթանալու, ինքնակազմակերպվելու և արտահայտվելու համար։
Մարտի 6-ի հավաքի մասին իմացանք պատահական․ 20-30 մարդ, այդ թվում՝ փոքրաթիվ հայաստանցիներ, կանգնած էին Շևչենկոյի արձանի մոտ, որը գտնվում է վերջերս (Ուկրաինայում հայկական համայնքի աջակցությամբ) բացված սքեյթ-պարկի մոտակայքում։
Կարճ ներածությունից հետո (հիմնականում փոխօգնության անհրաժեշտության մասին) կազմակերպիչը՝ ուկրաինացի մի կին, դիմում է ներկաներին․
— Ինչ-որ մեկն ուզո՞ւմ է ինչ-որ բան ասել։
— Ռուսական ռազմանավ, իձի նախո՛ւյ, – վանկարկում է պիկետին մասնակցող հայերից մեկը։
Մարդիկ ծափ են տալիս։
— Կարո՞ղ եք չարտահայտվել, – միջամտում է այգում կնոջ հետ զբոսնող տարիքով տղամարդը։
— Չենք կարող, – պատասխանում է երիտասարդը։
— Ո՞նց թե։ Էստեղ կանայք կան․․․
— Նրանց ականջներն ուրի՞շ են։
— Իսկ տենց արտահայտվելը ճի՞շտ ես համարում։
— Հա։
— Հարգելիս, մենք պաշտպանության կարիք չունենք, – տղամարդկանց լեզվակռիվն ընդհատում է ուկրաինուհիներից մեկը։
Տղամարդիկ իսկույն անցնում են հայերենի։
— Որ ճիշտն եմ ասում՝ չեն հասկանում, արա, – քթի տակ մրթմրթում է տարիքովը։
— Սխալ եք ասում։
— Սխալը դու ես ասում, արա։
— Շնորհակալություն։
Տղամարդը և նրա կինը, որն ամբողջ ընթացքում լուռ էր, հեռանում են։
— Հայերը հիմա ուրիշ իրականության մեջ են ապրում։ Մարդիկ, որոնց այս պատերազմը չի կպել, որոնք հիմա ռումբերի տակ չեն, չեն հասկանա, լուրջ եմ ասում, – մեկնաբանում է ուկրաինացի կինը։
— Սխալվում եք։ Մենք էլ ենք վերջերս պատերազմ տեսել, – պատասխանում է լեզվակռվի մասնակիցը։
— Բայց ոչ այսօր, ոչ այսօր․․․
Խոսք է խնդրում Լուգանսկից եկած միջին տարիքի մի տղամարդ․
— Պարոնայք, դուք այստեղ՝ Հայաստանում, մի քիչ չեք հասկանում, որ հիմա մենք ըստ էության ուկրաինացի ժողովրդի իսկական ցեղասպանության ականատեսն ենք։ Ես ինքս Լուգանսկից եմ։ 2014 թվականին՝ ռազմական գործողություններից առաջ, Լուգանսկի 64 դպրոցներից 62-ը ռուսական էին։ Երևանում նման բան չկա։ Բոլորը ռուսերեն էին խոսում, ուկրաիներեն խոսելն ամոթ էր․․․ Երբեք հնարավոր չէ ասել, որ ռուսներին այնտեղ չէին սիրում։ Ռուսերենը սովորական երևույթ էր․․․ Երբ ես մեկ տարի առաջ եկա այստեղ, մտածում էի, որ Հայաստանում էլ է այդպես։ Դուք հասկանո՞ւմ եք, որ ռուսական դպրոցները հարյուր տոկոսով ֆինանսավորվում էին Ուկրաինայի բյուջեից։ Հայաստանում նման բան չկա։
Ուկրաինան վճարում էր ռուսական դպրոցների համար։ Երբ ռուսներն ասում են, որ իրենց հետապնդում էին՝ ուղղակի զավեշտ է։ Երևանում ընդամենը երկու ռուսական դպրոց կա․ անգամ դրանք ֆինանսավորում է բանակը, ոչ թե Հայաստանը։ Ուկրաինան վճարեց ռուսական ամեն բանի համար, արդյունքում արժանացավ ռումբերի։ Ինչո՞ւ։ Դա սարսափելի սուտ է, երբ ասում են, թե ռուսներին հետապնդում էին։ Ուղղակի խաբեություն։ Խարկովը ռուսական քաղաք էր, 90 տոկոսն այնտեղ ռուսներ են․․․
Հայաստանցիներից մեկը ընդհատում է նրան․
— Պետք չի համեմատել Ուկրաինան և Հայաստանը։ Ի՞նչ է՝ մենք պետք է թուրքական դպրոցներ բացե՞նք։
— Ես դրա մասին չեմ խոսում․․․ Ի՞նչ կապ ունեն սրա հետ թուրքական դպրոցները, – արդարանում է բանախոսը։
— Դուք ասում եք, թե հայերը չգիտեն՝ ինչ բան է ցեղասպանությո՞ւնը։ Մենք լիքը ռուսական դպրոցներ ունենք, այստեղ նույնիսկ ռուսների գյուղեր կան․․․ մոլոկանների, – խոսակցությանը միանում է ցույցի հայ մասնակիցներից մյուսը։
Ամբոխից խնդրում են «հիմնովին տարբեր խնդիրներն» իրար չխառնել։
— Ես ուղղակի փորձում եմ ասել, որ մեզ մոտ ռուսներին երբեք չեն հետապնդել․․․ Սա է, որ դուք պետք է հասկանաք, – շարունակում է լուգանսկցի տղամարդը․ – Ուկրաինայի արևելյան շրջաններում պետք էր ուկրաինացիներին պաշտպանել, ոչ թե ռուսներին․․․ Սա հորինված պատերազմ է։ Էս ամեն ինչը հրահրվում է ու պարզ չի՝ ինչի համար։ Կարո՞ղ եք հասկանալ՝ ռուսներն ու ուկրաինացիները սլավոնական ժողովուրդներ են։ Նրանք ընդհանուր պատմություն ունենք, 400 տարի՝ 1654 թվից, նրանք իրար հետ են ապրել․․․ Ի՞նչ նացիստներ։ Ո՞ւր են նրանք։ Լուգանսկում մենք բանդերականներ 14-ին չենք տեսել։ Մենք նման բան չենք տեսել։ Դա կեղծիք է, սո՛ւտ․․․
— Բայց հո ռոստովցի տուրիստների տեսել ենք, – նրան երկրորդում է լուգանսկցի ցուցարարներից մյուսը։
— Ռոստովյան տուրիստների իրոք որ տեսել ենք։
— Գալիս էին, ռուսական դրոշներ թափահարում․․․
— Ցավոք, այդպես է։ Բայց ինչո՞ւ դրան չեն հավատում։ Ես չգիտեմ։ Շատ ցավոտ է․․․ Եթե ես այնտեղ չապրեի, գուցե ես էլ չհավատայի։ Բայց ես վկան եմ այդ իրադարձությունների․․․
Ելույթ է ունենում Ռուսաստանի քաղաքացին․
— Ես Ռուսաստանի քաղաքացի եմ։ Սոցիալական ցանցերում այս օրերին ես փորձում եմ պատմել, ինչ է կատարվում Ուկրաինայի վրա (на Украине):
— Ուկրաինայու՛մ (в Украине), խնդրում եմ, – ընդհատում է նրան ուկրաինացիներից մի կին։
— Դուք հիմա կհասկանաք, ինչու եմ ես տենց ասում։ Որովհետև ես Ռուսաստանից եմ։
— Ես հիմա սկսելու եմ «Ռուսաստանի վրա» (на России) ասել…
— Նորից․ ես հասկանում եմ, ինչ է կատարվում Ուկրաինայում։ Եվ փորձում եմ պատմել այդ մասին իմ բոլոր ընկերներին, գործընկներներին, լսարանին, որն ունեմ Ինստագրամում։ Ես գեղասահորդ եմ և պրոֆեսիոնալ օպերատոր, ժամանակին պատվերներ եմ արել նաև ռուսական Առաջին ալիքի համար․․․ Առաջին օրերին դուրս էի գալիս հակապատերազմական ցույցերի․․․ Հետո մեզ մոտ՝ Ռուսաստանում, օրենք ընդունեցին․ իմ գրածների համար ինձ ուղղակի կարող են նստացնել։ Ճշմարտության համար։ Ես ընտանիքս եմ թողել իմ երկրում։ Ընկերուհիս փաստաթղթերն է անում, որ գա այստեղ՝ փախնի երկրից, որը հիմա իրավացիորեն կարող է համարվել և կոչվել ֆաշիստական։
Ես տարբեր մարդկանց հետ եմ շփվում, մարդկանց գլուխները լվացել են քարոզչությամբ․․․ Ծնողներս, օրինակ, լրիվ համոզված են և վստահում են պետությանը։ Նրանք ոչ մի դեպքում չեն ուզում լքել Ռուսաստանը՝ իմանալով անգամ, որ արդեն 3-4 շաբաթից այնտեղ իսկսկան սով կարող է սկսվել․․․ Շնորհակալ եմ Հայաստանին, որ այստեղ անվտանգ է և խաղաղ, և որ մենք կարող ենք գալ այստեղ։ Շնորհակալություն։
Այս և բոլոր հաջորդ ելույթներն ավատվում է «Փառք Ուկրաինային» – «Հերոսներին փառք» ավանդական կարգախոսով։
— Ես ուկրաինացի եմ՝ ծնունդով Լուգանսկից։
2014 թվականի պուտինյան ագրեսիայի պատճառով ես ստիպված եղա լքել իմ հարազատ քաղաքը․ վերջին տարիներին ապրում էի Կիևում։ Այս տարի պուտինյան ագրեսիայի պատճառով ես ստիպված եղա լքել նաև ինձ հարազատ դարձած Կիևը․․․
— Մենք շատ պատահական հայտնվեցին Երևանում՝ դեռ պատերազմից առաջ։ Հիմա այստեղ ենք ապրում․ ես ուկրաինացի եմ, ամուսինս ուկրաինացի է, ապրում էինք Կիևում։
Ուկրաինայից հիմա քչերն են փախնում Հայաստան։ Դա ֆիզիկապես անհնար է․ ընդհանուր սահման մեր երկրները չունեն։ Պատերազմից առաջ ոչ ոք ոչ ոքի չէր ատում։ Ես հասկանում եմ մարդկանց, որոնք հիմա ատում են ռուսներին, համարում նրանց Պուտինի սիմվոլը․․․ Բայց ես՝ մենք այդպես չենք մտածում, մեր շատ ընկներներ այդպես չեն մտածում։ Ես բազմաթիվ բարեկամներ ունեմ Ռուսաստանում։ Շատ տհաճ է, այնուամենայնիվ, երբ նրանք զանգում են տատիկիս և ասում․ «Դե, պատերազմ է։ Դե, հասկանում եք․․․Դե դիմացեք»։ Շատ ցավոտ է։
— Ես ուղն ու ծուծով ուկրաինացի եմ։ Եվ ես համարում եմ, որ մեզ, ուկրաինացիներիս, պետք չի արդարանալ, պետք չի ասել, թե, ահա, ռուսներին ոչ ոք չի նեղացրել և այլն։ Բոլոր ադեկվատ մարդիկ դա հրաշալի հասկանում են․․․ Այդ վերապահումները՝ ռուսներին ճնշելու, ՆԱՏՕ-ի մասին․ սա ուղղակի հիմարություն է։ Ուկրաինան գրավելու պլանը սկսվել է դեռ 2014 թվականին․․․
Հիմա ասում են, թե Պուտինը խելագարվել է։ Բայց Պուտինը հիմա չի խելագարվել, Պուտինը խելագարվել էր, երբ տեռակտներ էր անում Ռուսաստանում, որ պատերազմ սկսի Չեչնիայի դեմ։ Պուտինը խելագարվել էր, երբ 2008 թվականին հարձակվում էր Վրաստանի վրա, և բոլորը լուռ էին։ Պուտինը խելագարվել էր 2014 թվականին, երբ մեզ մոտ բռնազավթում էր Ղրիմը, Լուգանսկը, Դոնեցկը, և ռուսաստանցիներից շատերը այդ կապակցությամբ շատ ուրախ էին։ Նա միշտ էլ խելագար է եղել։
Հայաստանցի մի տղամարդ․ — Ռուսական ագրեսիայի պատճառով խաղաղ մարդիկ են զոհվում, երեխաներ․․․ Մենք չենք կարող դրան կողմ լինել։ Մենք դեմ ենք սպանությանը։ Ոչ ոք չի կարող դրան կողմ լինել։ Ռուսական ագրեսիան հիմա մահացու ագրեսիա է։
Կիսով չափ ուկրաինացի, կիսով՝ հայ մի կին․ — Դա ռուսական ագրեսիա չէ, դա կայսերական ագրեսիա է։
— Սա ռուսական կառավարության ագրեսիան է։
— Ոչ, սա կայսրության հարց է։
— Ես հիմա կարդում եմ․ «Մայրս հաշմանդամ է, Օդեսայից չի կարող գնալ։ Եվ հիմա նրանք պատրաստվում են ռմբակոծել Օդեսան։ Ես չգիտեմ՝ ինչ անել․․․»: Ի՞նչ կապ ունի այստեղ ռուսերեն լեզուն։ Օդեսայում երբեք ոչ ոքի չեն ճնշել ռուսերենի պատճառով։ Խոսք անգամ չի կարող լինել։ Ի վերջո, մի իրավիճակում, երբ Խարկովի հազարավոր բնակիչներ պարկած են ավերակների տակ՝ մինուս 5-ի պայմաններում, և եթե նրանց անգամ հանեն, հավանաբար՝ որոշ մարդիկ կլինեն սառցահարված, դա առհասարակ որևէ նշանակություն չունի։
Դեստրուկտիզմը, որը մտցնում է ռուսաստանը, մեզ ուղղակի պառակտում է։ Փորձել պարզել՝ ով է ավելի շատ ռուս, ով ավելի քիչ․․․ Ինձ մեջ այնքան արյուններ են խառնված․․․ Դա որևէ նշանակություն չունի։
— Ուզում եմ պատմել ձեզ իմ պատմությունը։ Ես կիսով չափ ռուս եմ, կիսով չափ՝ հայ։ Անունս Սոնյա։ Ամբողջ կյանք ապրել եմ Մոսկվայում։ Այստեղ եմ եկել մեկուկես տարի առաջ, երբ պատերազմ սկսվեց Լեռնային Ղարաբաղում։ Մինչ այդ չգիտեի անգամ, լուրջ, որ հայերն ու ադրբեջանցիները կոնֆլիկտներ ունեն։ Ոչ ոք ինձ այդ մասին երբեք չի պատմել․․․
Ինձ ամբողջ կյանք ասել են․ «Ռուսաստանը երբեք ոչ մեկի վրա չի հարձակվել»։ Բայց սա սուտ է, սարսափելի սուտ։ Ես կարդացի Աբխազիայի մասին, Չեչնիայի մասին։ Ու սկսեցի ջղայնանալ։ Նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ․․․ այն, ինչ տեղի ունեցավ Լեհաստանի հետ, սարսափելի սովասպանդը, որ արեց Ստալինը․․․ Նենց ամոթ էր, որ ինձ իմ ամբողջ կյանքի ընթացքում խաբել են․․․ Ինձ կատաղացնում է, որ իմ երկիրը՝ Ռուսաստանը, ինձ դավաճանում է։ Ես բազմաթիվ ընկերներ ունեմ Ուկրաինայում։ Այն, ինչ անում է Ռուսաստանը՝ ուղղակի աղաղակող հանցագործություն է։
Միասին երգում են Ուկրաինայի հիմնը, փոխանակվում կոնտակտներով և տելեգրամ-ալիքների հղումներով, որտեղ (ժամանակավոր) փախստական դարձածները փորձում են ինչ-որ կերպ ինքնակազմակերպվել․․․
Զառա Հարությունյան
լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի