Home / Բանակ / Երևանը պատասխանել է Բաքվին և դիմել ԵԱՀԿ ՄԽ

Երևանը պատասխանել է Բաքվին և դիմել ԵԱՀԿ ՄԽ

Երևանը պատասխանել է Բաքվի՝ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ առաջարկներին և դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների կազմակերպման համար, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։

«ՀՀ-ն ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը», – ասված է հաղորդման մեջ։

Մարտի 12-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Անթալիայի դիվանագիտական ֆորումի քննարկումներից մեկում հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել և սպասում է պատասխանի։ Թեև Բայրամովը չի հստակեցրել մեկ էջանոց փաստաթղթի բովանդակությունը, նա պնդել է, որ «այդ փաստաթղթում ներկայացված բոլոր սկզբունքները միջազգային հարաբերությունների սկզբունքներ են»։ 

Նույն ֆորումի շրջանակներում հանդիպել էին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն։ 

Այս և սրան նախորդող հայտարարությունները, հիշեցնենք, հնչում են Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին մի քանի օր շարունակ սրվող լարվածության ֆոնին։ Մարտի 5-ից ի վեր Ղարաբաղի տարբեր ուղղություններով փոխհրաձգություններ են երկու կողմերի միջև։ Մարտի 7-ին հրազենային վիրավորում էր ստացել երկու հայ զինծառայող․ պայմանագրային, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր, վիրավորված մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Ղարաբաղի Լիսագոր գյուղում վնասվել է սահմանին տեղակայված գազատարը։ Ադրբեջանական կողմը չի թողնում, որ սկսվեն վթարի վերացման աշխատանքները։ Ղարաբղի բոլոր բնակավայրերը մարտի 8-ից ի վեր ամբողջությամբ զրկված են գազամատակարարումից։

Ըստ հայկական կողմի՝ մարտի 9-ի ցերեկը ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակել է 2 ական, իսկ գիշերը կրակել է Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա՝ արձակելով 23 ական։

Մարտի 10-ի առավոտյան Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանը տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու -ի ժամանակ մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Ադրբեջանի կողմից արձակած ականանետի կրակոցից, հայտնում է տեղի ոստիկանությունը։