Այս տեքստը կգրվի ռուսերեն՝ միտումնավոր, չնայած հայերենը մեր մայրենի լեզուն է։ Ռուսերենով այն ավելի հնչեղ կլինի։
Այսօր պատերազմի 16-րդ օրն է․ պատերազմ, որում Ռուսաստանը գնաց իր հարևանի դեմ, «հարազատ, եղբայրական, այդքան նման» ժողովրդի դեմ, 16-րդ երեկոն պատերազմի, որը Ռուսաստանի Դաշնությունը սանձազերծեց Ուկրաինայում։
Ուղիղ մեկ շաբաթ է անցել այն երեկոյից, երբ մի քանի ընկերներով տրաֆարետներ խփեցին Գյումրիում ռուսական ռազմաբազայի մոտ։
Ավելին անել մենք չենք կարող․ Հայաստանում հիմա ավելին անելու համարձակություն չկա, մնում է հուսալ, որ կա գուցե բանականություն՝ չվնասելու։ Չվնասելու ինքներս մեզ և ուրիշներին։ Բայց մենք չենք մեզ դատողը։ Մենք Հայաստանում ենք, և Հայաստանի Հանրապետությունը՝ մեզ հետ միասին, անելու է այն, ինչ հնարավոր և խելամիտ է թվում։ Վերջապես։
Խելամիտ է հնչում, բայց, միևնույն ժամանակ, հնչում է ստոր՝ մենք հոգ կտանենք ինքներզ մեզ համար՝ ինչպես կարողանանք, մենք կաշխատենք չվնասել ձեզ այնքանով, որքանով դա հնարավոր է, մենք կփորձենք ձեռնպահ մնալ քվեարկություններից, մենք կաղոթենք, որ հայ զինվորներին չուղարկենք Ուկրաինա։ Եվ, Աստված տա, կարիք չլինի նրանց ուղարկելու Ղարաբաղ, ստիպված չլինենք պահելու նրանց – մեզ – Սյունիքի, Գեղարքունիկի, Տավուշի խրամատներում։
Հնչում է ստոր, բայց և հասկանալի․ մենք տանուլ ենք տվել պատերազմում, որ ժառանգել էինք նախորդ սերունդներից՝ անկախության հետ միասին։ Մեզ դուր է գալիս անկախությունը՝ ժողովրդավարության նմանակը կառուցելու, ինքնուրույն ապրել սովորելու, հասարակությունը սեփական (հավաքական) հայեցողությամբ զարգացնելու գոնե աղոտ հնարավորությունը։ Մեզ դուր չէ գալիս պատերազմը։
Այս հակամարտությունները նման չեն իրար, բայց ունեն բազում ընդհանրություններ։ Անարդարությունը միշտ եզակի է։ Եվ միշտ երկուստեք։ Մեզնից որոշները ժամանակին այդ մասին տեքստ են ստորագրել։
Հայաստանը բավականին ողբալի դրության մեջ է՝ գարշելի կայսրության ծայրամասում, ոչ պակաս վտանգավոր պատվախնդրությամբ երկու նախկին կայսրությունների սահմանին։ Մենք կաշխատենք վերապրել սա և կփորձենք ապրել։
Հայաստանին չեզոքություն է պետք, պետք է անվտանգություն, զարգամալու հնարավորություն, սոլիդարություն, պետք է փախչել բարբարոսությունից։
Հայաստանի Հանրապետությունը այս մասին բաց խոսելու հնարավորություն չունի։ Նույնիսկ մենք չենք կարողանում այս մասին բարձրաձայն խոսել։ «Արվեստը» միակ լեզուն է, որով այսօր հնարավոր է, թեկուզ կիսաձայն, արտահայտվել։ Այդ պատճառով է, որ այս անմեղ նկարները համացանցում են հայտնվում ակցիայի հաջորդ իսկ առավոտ ներկով ծածկվելուց միայն մեկ շաբաթ հետո։