Home / Բանակ / Ընդհանուր հող. հակապատերազմական հայտարարություն

Ընդհանուր հող. հակապատերազմական հայտարարություն

Նման տեքստեր ընթերցելիս անհրաժեշտ է առաջին հերթին հաշվի առնել, որ դրանց իրական ազդեցությունը չնչին է` անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ միջազգային կառույցների ամենաանզոր հայտարարությունների համեմատ: Եվ ուրեմն` նման տեքստերի թիրախը ոչ թե կոնկրետ չափելի ազդեցությունն է, այլ ներկային ու ապագային ուղղված սկզբունքների հռչակումը, որպես դիրքորոշման հստակեցում՝ անհատների և խմբերի կողմից, որ անզոր էին անցյալում և այլևս չեն կարող հետ կանգնել պայքարից։

Այս պայքարը մղվում է  անհավասարության, կեղեքման, ազգ-պետությունների և կայսերական նկրտումների տրամաբանության արդյունքում պարբերաբար պայթող զինված կոնֆլիկտների, մարդկային արժանապատվությունը ոտնահարող, ճնշող և բացառող ավտորիտար համակարգերի դեմ:

Հայ-ադրբեջանական զինված բախումների և ջարդերի շղթան լրացնող պատերազմը անհապաղ դադարեցնելու և նոր պատերազմների սպառնալիքը բացառելու համար ընթացող  պայքարը սոսկ հակապատերազմական չէ, այն մաս է հակագաղութային, հակակապիտալիստական և հակաֆաշիստական պայքարի։ Ցավոք, այս պայքարը մեր սերնդին բաժին է հասել երկու լայնամասշտաբ պատերազմի և մահացու համավարակի հետ միասին:

Նման տեքստ գրելը ենթադրում է նաև ակտուալ իրադարձություններից որոշակիորեն վերացարկվելու և իրականությունն ավելի լայն տեսնելու հնարավորություն, մինչդեռ այս ժամերին ընթացող սպանդը, որի մասնակիցն են հազարավոր մարդիկ երկու կողմից, թույլ չի տալիս մեզ օտարվել պատերազմից:

Պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին` Ադրբեջանի քաղաքական վերնախավի հրամանով, Թուրքիայի իշխանությունների լիակատար հովանավորության և աջակցության պայմաններում: Եվ այն կանխատեսելի շարունակությունն է 1994 թվականին սառեցված, բայց խաղաղություն չբերած պատերազմի, տասնամյակներ շարունակվող սին և փակ բանակցությունների, Ադրբեջանի և Հայաստանի վերնախավերի դասակարգային/տնտեսական շահերի, շովինիզմի և քաղաքական նպատակահարմարությունը մարդկային կյանքերից վեր դասելու, հասարակություններն իրարից մեկուսացնելու, վակուումի մթնոլորտ ստեղծելու և խաղաղ համակեցության տեսլականն արմատախիլ անելու պատճառով տեղի ունեցած տևական գործընթացի:

Մենք պետք է ընդունենք, որ ո՛չ սոցիալիստները, ո՛չ լիբերալները չկարողացան հակադարձել այն այլատյաց լեզվին, որն անհնար էր դարձնում բանակցություններում առարկայական արդյունքներ ունենալը։ Հայերի և ադրբեջանցիների գենետիկ անհամատեղելիության մասին Քոչարյանի զառանցանքը մատուցվել է անհերքելի փաստի տեսքով և այդպես է ընկալվել շատերի կողմից:

Տարածաշրջանում առավել ագրեսիվ քաղաքականություն վարող երկու նախկին կայսրություններն իրենց հերթին պարարտ հող են նախապատրաստել այս պատերազմի համար։ Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդներից իշխանությունը խլած երկու բռնապետերն էլ խոսում են նույն լեզվով՝ փլուզված կայսրությունների տարբեր ժամանակների քարտեզները այժմ գլխի մեջ պահելով որպես ուղենիշ:

Արդյո՞ք 2018 թ. զանգվածային ժողովրդական շարժման՝ «Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանություն ստացած Նիկոլ Փաշինյանը և իր ղեկավարած Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նույնպես ազդված չէին տասնամյակներ գործող քարոզչական մեքենայի արտադրանքից: Իհարկե՛ ազդված էին։ Դրա վառ օրինակն էր Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը Ստեփանակերտում։ Մենք վստահ ենք, որ առարկայական և թափանցիկ բանակցությունների, երկկողմանի զիջումների, արդարության վերականգման ձգտումով և հարատև խաղաղություն ապահովելու հրամայականով առաջնորդվող բանակցային գործընթացի արդյունքում հնարավոր կլիներ խուսափել ողբերգությունից: Սակայն պատմությունը չի ճանաչում «եթե» բառը և չի վերադառնում սկզբնական դիրքին՝ թողնելով կրկին ընտրել խաղաղության և պատերազմի միջև:

Պատերազմն աղետալի կերպով փոխում է մարդկանց, նրանց ընկալումներն ու խոսակցությունը խաղաղության մասին:

Պատերազմի համատեքստում ձևավորվում է նոր դիսկուրս, որը տարածվում է միաժամանակ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում. պատերազմը չե՛նք ժառանգելու հաջորդ սերնդին։ Սա ասում են կամավորագրվող ու զորակոչվող ադրբեջանցիները և հայերը: Պատմության միֆականացված դասագիրքը, անձնական կամ կոլեկտիվ վիշտն ու տրավման, մեդիայով մատուցվող՝ միշտ ուրիշի կողմից գործած սադրանքն ու ազգային պետության չափման մեջ գոյություն ունեցող իրադարձությունների հորիզոնը դրդում են ընտրել պատերազմի, ոչնչացման և ինքնաոչնչացման ճանապարհը:

Մենք գիտակցաբար ընտրում ենք խաղաղությունը։

Պատերազմի արդյունքում զոհերի և ավերածությունների քաղաքական պատասխանատվությունը պատերազմն ընտրողինն է: Միևնույն ժամանակ, հակապատերազմական բոլոր ուժերը, անհատապես կամ կոլեկտիվ կերպով, պիտի պահանջ ներկայացնեն կողմերի բոլոր ռազմական հանցագործությունները քննելու և պատասխանատուներին պատժելու համար: Պատերազմը մերժելու առաջին քայլը բոլոր վայրագություններին առերեսվելը, ընդունելը և պատասխանատվություն կրելն է:

Այս վայրագությունները քարոզչական մեդիայի ազդեցության շնորհիվ վերաճել են բարբարոսության մի նոր տեսակի։ Մահացած և վիրավոր զինվորականների նվաստացումը, ռազմագերիների սպանությունը և դիակապտությունն այլևս ոչ միայն պատերազմի ուղեկիցն են ռազմի դաշտում, այլև զանգվածային մեդիայի ապրանք: Սպառողական հասարակությանը համաժամանակյա ռեժիմով տեղեկատվություն մատակարարող հասարակ մարդիկ դիմում են «ժողովրդին», «աստծուն», «ընկերներին», «հարազատներին» և «նախնիներին», որոնցից իբր ժառանգել են սուրբ պատերազմ վարելու փառավոր առաքելությունը: Թերևս, պետական պրոպագանդայի կողմից արտադրվող ռազմական մելոդրամաների և պատանի զինվորների էրոտիզացված պատկերների կողքին ռազմական հանցագործությունների պոռնոգրաֆիկ, քայքայիչ պատկերներն իրականություն են: Արգելված թմրանյութի պես դրանք տարածվում են ծանոթից ծանոթ: Թիկունքում հարազատների վերաբերյալ տեղեկատվություն փնտրողների համար պետական և սիրողական փաթեթավորմամբ այս թմրանյութը տագնապի և էյֆորիայի նոպաների շնորհիվ միջոց է դառնում ապատիան հետաձգելու: Այսպես են նորմալիզացվում բռնությունն ու զանգվածային սպանությունները, որոնք չպայթած ականների հետ միասին մնալու են մեզ հետ պատերազմից հետո:

Մենք պատրաստ չէինք հավատալ, որ այս յուրօրինակ նեկրոֆիլիան այսքան արագ կդառնա երկու երկրների առօրյա լրահոսի մասը: Սա է ցեղասպանության նոր լեզուն, որը պետք է բացառել:

Պատերազմից հետո խաղաղությունը կառուցելու առաջին քայլերից մեկը պիտի լինի (և հենց դա էր Հայաստանի նոր իշխանությունների վերջին երկու տարիների բացթողումն այս հարցում) երկու ժողովուրդների իրավունքների հստակ ընդունումը: Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչման պահանջի կողքին պիտի դրվեն Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներից պատերազմի ընթացքում վտարված ադրբեջանական բնակչության իրավունքները, որոնք առավել կարևոր է ընդունել Հայաստանում և սփյուռքի հայության շրջանակներում: Սա է ճանապարհը, որը թույլ կտա խոսել նաև Հայաստանից, Ադրբեջանից և բուն ԼՂԻՄ տարածքից հայ և ադրբեջանցի փախստականների իրավունքների վերականգման մասին: Նույնիսկ պատերազմի դժվարին օրերին մենք պետք է հիշենք, որ քարտեզում նշագրված տարածքները տուն են մարդկանց համար՝ բազմաթիվ հայերի և ադրբեջանցիների համար կորսված տուն:

Փախստականների իրավունքների մասին խոսակցությունը չի ենթադրում առաջնային և երկրորդական կարևորության խմբեր. անկախ էթնիկ պատկանելությունից, բնակության երկրից և միմյանց հանդեպ վերաբերմունքից՝ այդ մարդիկ ազգայնականության և պատերազմի զոհ են՝ չլուծված կոնֆլիկտի պատանդներ:

Այժմ` ընթացող պատերազմի օրոք, բարդ է խոսել այն մասին, թե ինչպես է հնարավոր հասնել միաժամանակ փախստականների իրավունքների ամբողջական վերականգնմանը և անձնական անվտանգությանը, սակայն խաղաղության և արդարության ջատագովները հարկադրված են ընդունել. ոտնահարված իրավունքների անտեսումը շարունակում է անարդարությունը և սնուցում երկկողմանի ատելությունը: Նախկին ԼՂԻՄ-ի հարակից տարածքները գրավումից հետո օգտագործվել են որպես կարագավիճակ ստանալու լծակ՝ բանակցային խաղաքարտ: Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց: Միայն ապագայում, հետզհետե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, վերնախավը և ազգայնական մտավորականությունը ձևակերպել էին այդ տարածքները նախ որպես անվտանգության երաշխիք (և այս մոլորությունը ժխտող ամենաուժեղ փաստարկը ներկա աղետալի իրականությունն է),  ապա՝ սուրբ հող, որի համար արյուն է թափվել: Կարծես մարդիկ զոհվում էին պատերազմի հավերժացման նպատակով: Դիսկուրսի այս ձևափոխությունը նաև այդ տարածքների կապիտալիստական յուրացման արդյունք է: Այդ տարածքների բնակչության ո՞ր մասն է բնակվում մասնավոր սեփականության տարածքում` լինելով այդ սեփականության սպասարկողը: Արդյո՞ք Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմով վերադարձվող քառակուսի մետրերը տուն են դառնալու առաջին պատերազմի  ընթացքում վտարված ժողովրդի համար, թե՞ նոր արգելավայր հին սեփականատերերի ձեռքում: Բոլորս ենք պարտվել կապիտալի և այն սրբագործող բուրժուական գաղափարաբանությունների ունեցած անքննելի իշխանության առաջ: Մինչ հողը կապիտալիստի սեփականությունն է, կապիտալի քսակից սնվող գաղափարաբանները համոզիչ առոգանությամբ հող ունենալու խաբկանքը տվել են ազգին՝ լինի հայ թե ադրբեջանցի: Հողը ձեռք է բերել ազգություն, սահման, ցանկապատ. սեփականության իրավունքը սրբադասված է: Մենք ընդունում ենք, որ չենք ունեցել բավարար խիզախություն սա հարցականի տակ առնելու համար: Թույլ ենք տվել վարկաբեկել դասակարգային բարեկամությունը, համերաշխությունը և ընկերությունը՝ մնալով ազգային ինքնության պաշարված ամրոցում: Բայց ինչքան բարձրացել են հայ-ադրբեջանական երկու բերդի պատերը, այնքան նեղացել է մեզ իրար կապող օղակը: Տասնամյակներ շարունակվող այս կոնֆլիկտը խլել է մեզանից ամեն ինչ՝ լեգիտիմացրել շահագործման, անարդարության և անհավասարության անբեկելի քաղաքականությունները, խեղել է մեր արժանապատվությունը, երևակայությունը, երազանքները: Արդյո՞ք նորից պետք է ընկրկենք կապիտալիստական համակարգի թելանդրանքի առաջ, նահանջենք, զիջենք մեր կենսահաստատ գոյության իրավունքը: Արդյո՞ք թույլ ենք տալու այս անգամ էլ թողնել մեզ նույն տառապանքի ու հիասթափության երկու կողմում՝ թշնամության ու վշտի ավելի շատ թույն վաստակելով որպես հատուցում:

Խաղաղությամբ իրավունքների վերականգնման հնարավորությունը և դրա համար անհրաժեշտ պայքարը, հասարակությունների հեղափոխումը պիտի դառնան Հայաստանի և Ադրբեջանի բոլոր՝ առաջադեմ, ինչպես նաև  հակաավտորիտար, հակակապիտալիստական, հակագաղութային, ֆեմինիստական և բնապահպանական խմբերի առաքելությունը: Եթե այլ կերպ հնարավոր չէ, ապա հենց այդ խմբերը պիտի ստանձնեն խաղաղություն և ներդաշնակ զարգացում ապահովելու պատգամը:

Հարցն ավելի լայն ընկալելու դեպքում կարելի է ասել, որ նախկինում և ներկայում գերտերությունների կողմից գործիքայնացված ազգային հարցը այժմ պիտի կարողանան լուծել հենց տարածաշրջանի ժողովուրդները՝ թույլ չտալով արտաքին իմպերիալիստական ուժերին մարդկանց դարձնել իրենց ձեռքի խամաճիկը:

Մենք գիտակցում ենք ազգային պետության սահմանները գերազանցելու, ավելի արդար՝ ազատ, էգալիտար և սոլիդար միջավայրեր կառուցելու, մարդկության ներդաշնակ զարգացումն ապահովելու պատմության հրամայականը: Այդ հրամայականից ծնված ցանկացած մասնավոր պայքար համաշխարհային պայքարի մաս է, սակայն լոկալ և կարճաժամկետ գործողությունների անհրաժեշտությունը պահանջում է հստակ օրակարգ: Այս օրակարգը մենք առաջարկում ենք որպես ուղենիշ, նաև Ադրբեջանի և այլ երկրների մեր ընկերներին.

– հրադադար հիմա՛

– պատերազմը բացառող դիսկուրսի զարգացում՝ խաղաղության հաստատման համար երաշխիքներ չտրամադրող կառավարությունները հակաժողորդավար են և մարդատյաց, ինչով կորցնում են իրենց լեգիտիմությունը

– աջակցություն մարդկանց, ում իրավունքները ոտնահարվել են ընդհանուր զորահավաքի ընթացքում

– պատերազմի ընթացքում երկու կողմերի ռազմական հանցագործությունների դեպքերի բարձրաձայնում և դատապարտում

– մարդկանց իրավունքների լիարժեք վերականգման անհրաժեշտությունը սահմաններից վեր դասող դիսկուրսի զարգացում

– սոլիդարության, շահերի և մարտահրավերների ընդհանրության գիտակցման կառուցում՝ անձնական, կազմակերպական և համայնքների մակարդակում ժողովրդական դիվանագիտության բոլոր մեթոդներով

– տարածաշրջանի և առաջին հերթին Ադրբեջանի և Հայաստանի ապառազմականացում` հարձակվողական զինատեսակները պիտի համամասնորեն և հետևողականորեն ուղարկվեն պատմության և իրական աղբանոց:

Կեցցե՛ խաղաղությունը և հեղափոխությունը:

Հայտարարությանը միանալու համար՝ https://forms.gle/hqSe37xwKtYfGZg6A

Լիլիթ Հակոբյան
Անի Թունյանց
Մառուսյա Սեպխանյան
Միլենա Ադամյան
Անի Թադևոսյան
Արթուր Շարոյան
ՎՍ
Ռուբինա Շահնազարյան
Ռան Վոսսեյան
Թամար Շիրինյան
Էլիզա Մխիթարյան
Կովալովա Ալեքսանդրա
Յուլիա Կիսլև
Յուլիա Ադելխանովա
Ռովշանա Օրուջովա
Լեոն Ռաֆի Ասլանով
Գոհար Շահնազարյան
Քրիստինա Սոլոյան
Աննա Աբրահամյան-Բաղրամյան
Սաթի Սարգսյան
Ա Արթունյան
ԼՎԲ
Անահիտ Յահջիյան
Արամ Ամիրբեկյան
Հրայր Սավզյան
Գայանե Այվազյան
Անտոն Իվչենկո
Դավիթ Սելիմյան
Միլենա Աբրահամյան
Ջորջ Քեհյան
Արևիկ Մարտիրոսյան
ՄԶ
Գևորգ Մնացականյան
Հայկ Պետրոսյան
Ալլա Պառունովա
Քամի Աբրահամյան
Ստելլա Չանֆիրյան
Արմինե Զաքարյան
Հասմիկ Գեղամյան
Սոնա Դիլանյան
ԼՍ

Անգլերենը՝ https://telegra.ph/Common-ground-anti-war-statement-10-18

Ռուսերենը՝ https://telegra.ph/Obshchaya-pochvaObshchij-yazyk-antivoennoe-zayavlenie-10-18