Նոամ Չոմսկին քննարկում է ադրբեջանական ագրեսիան Արցախի նկատմամբ
Նոամ Չոմսկին բոլոր առումներով արտասովոր կյանք է վարել: Մի վարկանշային սանդղակում նա դասակարգվել է որպես պատմության մեջ ամենահաճախ մեջբերվող ութերորդ անձ՝ Արիստոտելի, Շեքսպիրի, Մարքսի, Պլատոնի և Ֆրոյդի հետ նույն բարձունքի վրա: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄՏԻ) լեգենդար պրոֆեսորը փաստորեն ստեղծել է արդի լեզվաբանությունը: Ի լրումն այդ բնագավառում առաջանցիկ իր աշխատանքին՝ նա տասնամյակներ շարունակ եղել է խաղաղության և սոցիալական արդարության առաջատար ձայնը: Քրիս Հեդջեզի խոսքերով նա «Ամերիկայի մեծագույն մտավորականն է», որը «իշխանություն ունեցողներին և նրանց ազատական ջատագովներին խորը անհարմարություն է պատճառում»: Նա ՄՏԻ-ի Լեզվաբանության և փիլիսոփայության բաժնի պատվավոր պրոֆեսոր է և Արիզոնայի համալսարանի Բնապահպանության և սոցիալական արդարության ծրագրի Ագնես Նելմս Հաուրիի անվան ամբիոնի ղեկավար և Լեզվաբանության Բաժնի դափնեկիր պրոֆեսոր: 91 տարեկանում անգամ նա դեռ ակտիվ է, գրելով և հարցազրույցներ տալով աշխարհի տարբեր լրատվամիջոցներին: Նա բազում գրքերի հեղինակ է, ներառյալ «Պրոպագանդան և հանրային միտքը», «Ինչպես է գործում աշխարհը», «Իշխանական համակարգեր և գլոբալ դժգոհություններ», որոնք Ալտերնատիվ ռադիոյի Դեյվիդ Բարսամյանի հետ արված հարցազրույցների ժողովածուներ են:
2020 թվականի հոկտեմբերի 9-ին Բարսամյանը զրուցեց Նոամ Չոմսկու հետ արցախյան պատերազմի, դրա կայսերական արմատների և Էրդողանի պես «չարաբաղձ գործիչների» դերի շուրջ:
Դեյվիդ Բարսամյան — Հարավային Կովկասում տեղի ունեցող մարտերը գուցե օրինակն են այն բանի, ինչ Էդուարդ Սայիդն անվանել է «չլուծված աշխարհագրություններ»: Կայսերական քարտեզագիրների ժառանգությունը: 1920 թվականին Թուրքիային սիրաշահելու համար Ստալինը՝ որպես Ազգությունների գործերով կոմիսար, Լեռնային Ղարաբաղը, որը հայերն անվանում են Արցախ, և Նախիջևանը, երկուսն էլ մեծամասամբ հայերով բնակեցված, տվեց Ադրբեջանին: Այնուհետև 1990-ականներին Խորհրդային Միության փլուզմանը զուգընթաց սկսվեցին մարտեր, որոնց արդյունքում հայկական ուժերը վերցրեցին Լեռնային Ղարաբաղը: Այդ ժամանակվանից ի վեր պարբերաբար եղել են ռազմական ընդհարումներ, այսպես կոչված միջադեպեր, բայց Ադրբեջանի՝ սեպտեմբերի 27-ին սկսած հարձակումը, անկասկած Թուրքիայի հետ համակարգված, մեծ ծավալի էսկալյացիա է: Այստեղ [ԱՄՆ-ում] այն քիչ լրատվությունն էլ, որ կա նյութի վերաբերյալ, առանց պատմական հենքի կամ համատեքստի է: Մարտեր «բռնկվեցին», հինավուրց թշնամիներ, և այլն: Որո՞նք են այս հակամարտության արմատները:
Նոամ Չոմսկի — Ճիշտ եք, որ Ստալինն էր գծել սահմանները, բայց պետք է հիշել, որ նա միակ սահման գծողը չէր: Ամբողջ Միջին Արևելքը բաժան-բաժան էր արված ֆրանսիացի ու բրիտանացի կայսերականների կողմից, որոնք սահմաններ էին գծում այնտեղ, որտեղ իրենք էին ուզում, հանուն իրենց շահի, բոլորովին հաշվի չառնելով ժողովուրդների կարիքներն ու շահերը: Սա է տարածաշրջանում մոլեգնող դառը, վայրագ հակամարտությունների գերագույն պատճառներից մեկը:
Վերցնենք, օրինակ, Իրաքը: Բրիտանացիները Իրաքի շուրջ այնպես գծեցին սահմանները, որ Բրիտանիան, ոչ թե Թուրքիան՝ նախկին Օսմանյան կայսրությունը, հսկողություն ունենար հյուսիսի հարուստ նավթային ռեսուրսների վրա: Դա միակցեց քրդերին և արաբներին, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեին: Ավելին, բրիտանացիները ուզում էին, որ իրենց պարտադրած նոր կազմավորումը անկախ չլիներ, չունենար ազատ ու հեշտ ելք դեպի Պարսից ծոց, հետևաբար նրանք ստեղծեցին Քուվեյթի նահանգը, որը պետք է վերահսկեին բրիտանացիները՝ Իրաքի անարգել ելքը դեպի Պարսից ծոց կանխելու համար:
Նույնը՝ Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի դեպքում: Սահմաններ՝ գծված հանուն ֆրանսիական, բրիտանական կայսերականության, սեփական շահերի: Ողջ Աֆրիկայում տեսնում ենք ուղիղ գծեր: Ինչո՞ւ: Կայսերական իշխանությունները կործանում էին Աֆրիկան հանուն իրենց շահերի: Սոսկալի բարբարոսություններ: Մանրամասնելու հարկ չկա: Մինչ օրս տեսնում ենք, թե ինչպես են Միջերկրականում մահանում մարդիկ, փախչելով այդ կայսրությունների ստեղծած սարսափներից: Եվ ուրեմն խնդիրը միայն Ստալինը չէ, այլ բոլոր կայսերական իշխանությունները:
Հայաստանի և Ադրբեջանի դեպքում երկար պատմություն է: Չենք կարող խորանալ, բայց անմիջական ճգնաժամը սկսվեց, երբ Ադրբեջանը, անշուշտ Թուրքիայի սատարմամբ, իսրայելական զինամթերքի հեղեղով . . . : Բեն Գուրիոն օդանավակայանը Իսրայելում . . . «Իլյուշին» ինքնաթիռները ներս ու դուրս են անում, մինչդեռ ոչ մի ուրիշ ինքնաթիռ չի մտնում [Բաքու], իսրայելական զենք ուղարկելով Ադրբեջան, որպեսզի նրանք կարողանան սպանել մարդկանց՝ Լեռնային Ղարաբաղի հայերին: Այնպես որ այո, սա էսկալյացիա է: Միջազգային: Ռուսաստանը երկկողմանի դեր է ստանձնել, Իրանն աջակցում է Հայաստանին, շատ տարօրինակ հարաբերություններ են: Սարսափելի է այնտեղի մարդկանց համար: Իրավիճակը շատ վտանգավոր է: Ժամանակն է, որ միջազգային դիվանագիտությունը գործի անցնի, բանակցություններ ընթանան, որպեսզի փորձեն հանդարտեցնել իրավիճակը:
Գործող անձինք, մեղմ ասած, աշխարհի լավագույններից չեն: Էրդողանը Թուրքիայում, ըստ էության, փորձում է ստեղծել Օսմանյան խալիֆայության պես մի բան, որտեղ ինքը կլինի խալիֆ, գերագույն առաջնորդ՝ շուրջբոլորը տարածելով իր կշիռը և միաժամանակ Թուրքիայում ոչնչացնելով ժողովրդավարության մնացորդները:
Իսրայելը հետաքրքրված է միայն զենքի վաճառքով։ Նրանք կվաճառեն զենք ցանկացածին՝ հաշվի չառնելով, թե ում են սպանելու դրանով: Դա նրանց տնտեսության հիմնական ոլորտն է. անվտանգություն և զենք: Նույնիսկ հենց այստեղ, որտեղ ես ապրում եմ, սահմանը, որ հեռու չէ իմ բնակության վայրից, ամրացվում է իսրայելական, այսպես կոչված, անվտանգության ուժերի և կազմակերպությունների հիմնական աջակցությամբ: Դա նրանց գործն է: Այս դեպքում՝ Էլբիթինը [Էլբիթ Սիսթեմզ]:
Ներգրավված են մեծ թվով չարաբաղձ ուժեր, և մենք կարող ենք միայն հույս ունենալ, որ միջազգային ջանքեր կգործադրվեն բարբարոսությունները և ագրեսիան հանդարտեցնելու համար, քանի դեռ իրավիճակը տեղում չի վերաճել զանգվածային ջարդերի, հնարավոր է՝ միջազգային պատերազմի, քանի որ ներգրավված են բազմաթիվ հզոր միջազգային ուժեր:
Դեյվիդ Բարսամյան — Թուրքիան նաև «Իսլամական պետության» (ISIS) ջիհադական գրոհայինների է տեղափոխում Սիրիայից և վճարում նրանց ադրբեջանցիների հետ հայաստանցիների դեմ կռվելու համար:
Նոամ Չոմսկի — Ակնհայտորեն այդպես է: Թուրքիան հավանաբար նույնն է անում Լիբիայում, մեկ այլ տեղ, որտեղ Էրդողանը փորձում է ցուցադրել իր ուժը: Այո, դա արձանագրվել է Ադրբեջանում:
Դեյվիդ Բարսամյան — 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանում տեղի ունեցավ խաղաղ ժողովրդավարական հեղափոխություն՝ տապալելով իշխող օլիգարխիան: Սա հետխորհրդային պետություններում այն քիչ դեպքերից է, որտեղ ավտոկրատական ռեժիմին եկավ փոխարինելու խաղաղ հեղափոխությունը: Դա բավականաչափ լավ չլուսաբանվեց այստեղ՝ ԱՄՆ-ում:
Նոամ Չոմսկի — Որքանով ես տեղյակ եմ, Միացյալ Նահանգներում էական հետաքրքրվածություն չի եղել: Եթե եղել է, ես այն չեմ նկատել: Այո, ըստ երևույթին դա իրական ժողովրդավարական հեղափոխություն էր: Թե դրանից անդին ինչ է տեղի ունեցել՝ իրականում մանրամասները չգիտեմ:
Դեյվիդ Բարսամյան — Գիտեք, ես ծագումով հայ եմ, եղել եմ Հայաստանի Հանրապետությունում: Երկիրը հարաբերականորեն աղքատ է, չունի ելք դեպի ծով, ունի փոքրաթիվ՝ երեք միլիոնանոց բնակչություն: Գնացել եմ որոշ գյուղեր և նկատել, որ այնտեղ չկան երիտասարդ ու միջին տարիքի տղամարդիկ, հարցուփորձ եմ արել, թե որտե՞ղ են բոլորը: Ինձ ասացին, որ տղամարդիկ գնացել են Ռուսաստան, որովհետև այստեղ աշխատանք չկա: Հայաստանը ինչ-որ առումով հուսահատ դրության մեջ է:
Նոամ Չոմսկի — Ահա թե ինչու անհրաժեշտ է միջազգային մեծ ջանք գործադրել, որպեսզի դադարեցնեն ներկա ագրեսիան, և փորձեն միջոց գտնել լուծելու Լեռնային Ղարաբաղի բարդ խնդիրը, որտեղ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում հայ ազգաբնակչություն կա: Սա հեշտ լուծվող խնդիրներից չէ, բայց ողջամիտ բանակցությունների միջոցով կարելի է հասնել արդյունքի: Դա հնարավոր է:
Առաջնագիրն ու հարցազրույցը՝ armenianweekly.com-ի