Արդարադատության նախարարը ստել է Նուբարաշենի բանտի մասին
Նուբարաշենի բանտից ազատվելուց հետո ղարաբաղցի ընդդիմադիր Աթուր Օսիպյանը լրագրողներին պատմել է բանտային պայմանների մասին։ Նկուղային, խոնավ, անարև խցում 23 օրանոց հացադուլից մաշված Օսիպյանի խոսքերով, այնտեղ բոլորի՛ առողջական վիճակն է վատ.
«Կանալիզացիայի հոտը սպանում ա: Դուռն ենք բացում՝ կանալիզացիայի հոտն ա գալիս, պատուհան ենք բացում՝ աղբանոցի: Միակ տարբերակը, որ սիգարետն էնքան ծխենք, որ սիգարետի հոտով էդ հոտը խլացնենք: Ոնց որ մոխրամանում նստած լինենք։ Դա մի պահ բերեց առողջական որոշ խնդիրների: Բոլորի վիճակն է էնտեղ ծանրացել»:
Նուբարաշենը Օսիպյանի համար առաջին անազատության փորձը չէ: Ղարաբաղի կոռումպացված ղեկավարությանը քննադատելու համար նրան ժամանակին նստացրել էին Շուշիի բանտ։ Կալանավորելուց առաջ Օսիպյանին հանել էին Արցախի պետական համալսարանից, որում մաթեմի դասախոս էր։
Բանտերի անմխիթար վիճակի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում են նաև Հայաստանի ՄԻՊ-ի ներկայացուցիչները, դիտորդներն ու իրավապաշտպանները։ Կառավարությունը, որի ղեկավարը նույնպես բանտային փորձ ունի, ընդունել է այդ փաստը և ոլորտի բարեփոխման անընդհատ հետաձգվող ծրագիր առաջարկել․ «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ները չունեն մինիմալ կենցաղային պայմաններ և պետք է փակվեն մինչև 2026-ի վերջ։ Դրանք լուծարելու որոշումն ընդունվել է վաղուց, բայց ժամկետներն անընդհատ երկարաձգվում են։ Անպիտան բանտերի ցուցակում է հայտնվել նաև Գորիսի «փակ գաղութը», որը ամենախիստն է համարվում։
Գրեթե բոլոր զեկույցներում հատուկ նշվում է, որ ՔԿՀ-ները պիտանի չեն նաև որպես գործատեղ․ խախտվում են նաև այնտեղ աշխատողների իրավունքները։
Պատասխանելով վարչապետին «նեղացրած» Օսիպյանին՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ստել է Նուբարաշենի բանտի մասին. «Որևէ հարկի հետ կապված որևէ խնդիր չկա, ես բոլոր հարկերում մշտապես լինում եմ։ Մեր քրեակատարողական հիմնարկների պայմաններն այնպիսինն են, ինչպիսին ե՛ն, բայց մենք շարունակաբար դրանք բարելավում ենք»:
Դիտորդներից Զարուհի Հովհաննիսյանը բանտում արված լուսանկարմեր է հրապարակել․ «Այժմ պատերը ներկել են, հատակին սալիկներ են կպցրել, բայց խոնավությունը, գարշահոտը, անսարք ծորակներն ու գույքը, բնական լույսի բացակայությունը շարունակում են խնդիր մնալ։ Նուբարաշեն ՔԿՀ-ն մարդկանց պահելու համար պիտանի տարածք չէ, ու չի կարող լինել»:
լուսանկարը՝ Զարուհի Հովհաննիսյանի ֆեյբուքյան էջից