Home / Բանտ / Ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել, որովհետև ահավոր է

Ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել, որովհետև ահավոր է

«Սևանի» բանտում 7 ցմահ դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել։ Նրանք բողոքում են քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտիների պայմաններից, նոր օրենսգրքից, վերասոցիալականացման ծրագրից և պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու ընթացակարգերից, որոնք «ցմահների» համար չեն գործում և կիրառվում են «խտրական եղանակով»։ Հացադուլը ներկայացվում է որպես աջակցություն ցմահ դատապարտյալներից մեկին, որին բանտի ղեկավարությունը տեղափոխել է այլ անվտանգային գոտի։

Հացադուլավորները՝ «Սևան» ՔԿՀ-ում պահվող Հակոբ Խաչատրյանը, Իգոր Օհանյանը, Արամ Առաքելյանը, Արթուր Մկրտչյանը, Միքայել Մարտիրոսյանը, Արտակ Ալեքսանյանը, Ստեփան Ներսեսյանը, դիմում են գրել, որը ուղարկվել է Հայաստանի վարչապետին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին և Սևան» ՔԿՀ պետին։

«Հայտնում ենք Ձեզ, որ մենք՝ ցմահ դատապարտվածներս, բախվել ենք մի խնդրի, որը հանդիսանում է ինստիտուցիոնալ, հետևանք է ՀՀ Սահմանադրության խախտմամբ օրենքների և որոշումների տարաբնույթ մեկնաբանման, թերի կատարման կամ չկատարման, խտրական եղանակով կիրառման:

ՀՀ Կառավարության կողմից մշակված քաղաքականությունը և ռազմավարությունը, որը ուղղված է մեր վերասոցիալականացմանը՝ «ռեժիմների» և անվտանգային գոտիների փոփոխման եղանակով մեզ հասարակություն վերաինտեգրելուն, չի գործում կամ գործում է թերի, վերապահումներով, կամայականորեն», – գրված է դիմումի մեջ։

Քրեակատարողական նոր օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատիժների կատարումը, դատապարտյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը կարգավորվում են դրանց կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ: Նույն օրենսգրքի նույն հոդվածի հաջորդ՝ 3-րդ մասի համաձայն «պատիժների կատարման ու քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները խստացնելուն ուղղված կամ դատապարտյալի վիճակն այլ կերպ վատթարացնող դրույթները հետադարձ ուժ չունեն»։

Ըստ դատապարտյալների՝ օրենքը կիրառով մարմինները առաջնորդվում են 2-րդ մասով, մինչդեռ 3-րդ մասը փաստացի չի գործում, ինչը «հակասության մեջ է մտնում մայր օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի հետ՝ Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»: Բացի Սահմանադրության 73-րդ հոդվածից, իրավակիրառ մարմինները այսկերպ, ըստ հացադուլավորների, խախտում են նաև Մայր օրենքի 5-րդ, 6-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածները։

«Նախկին Կիսաբաց ուղղիչ հիմնարկի պայմանները, ըստ քրեակատարողական օրենսգրքում գրվածի, չեն տարբերվում Ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններից և Միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից, իսկ այս վերջին երկուսը իրարից տարբերվում են ընդամենը տեսակցությունների քանակով, և այդ երկու գոտիներում գտնվող դատապարտյալները կալանքը կրում են նույն ՔԿՀ-ում: Սակայն եթե նախկինում Կիսաբաց ուղղիչ հիմնարկից Բաց ուղղիչ հիմնարկ մեկ քայլ էր բաժանում, ապա հիմա Միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ անցումը բաժանում է Ցած անվտանգային գոտու խիստ պայմանները․ այս վերջին տարվա փորձը ցույց տվեց, որ 95-րդ հոդվածի 7-կետն էլ է անորոշ (օրինակ այստեղ որոշ մարդիկ 10 ամսից ավելի է արդեն սպասում են, որ իրենց կտեղափոխեն Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ): Եթե նախկինում մեկ մարմին էր գործում՝ ռեժիմը կամ անվտանգային գոտին որոշելու հարցում, ապա այժմ ամեն ինչ բարդացավ՝ ավելացավ նաև Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությամբ՝ քրեակատարողական հիմնարկի պետի որոշումը», – գրված է հացադուլավորների դիմումի մեջ։

Դիմումի մեջ ներկայացված է մեկ ցմահ դատապարտյալի պատմությունը։ Տեղաբաշխման հանձնաժողովի 26.08.2022 թ-ի թիվ 1764 որոշմամբ, համաձայն նոր քրեակատարողական օրենսգրքի 170 հոդվածի, «Սևան» ՔԿՀ պետի 02.09.2022 թ-ի որոշման համաձայն՝ նրան տեղափոխել են ՔԿՀ միջին անվտանգային գոտի․ «Ինձ արհեստականորեն հեռացրեցին բաց կալանք տեղափոխվելու հնարավորությունից», – մեկնաբանել է դատապարտյալը։

Նոր քրեակատարողական օրենսգրքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա Արդարադատության նախարարի N 548-Ն հրամանով ընդունված չափանիշներից առաջինը, ըստ դիմումի հեղինակի, սահմանում է, որ Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը իր եզրակացությունը կազմելիս պարտադիր պետք  հաշվի առնի անձի կատարած հանցագործության բնույթը, դրա հանրային վտանգավորության աստիճանը։ Ցմահ դատապարտյալների դեպքում խոսքը, բնականաբար, ծանրագույն հանցագործությունների մասին է, ինչը չափազանց բարդացնում, «նույնիսկ փակուղային է դարձնում» դրական դատապարտյալ գնահատվելու հնարավորությունը:

«Պարադո՛քս` մի կողմից քրեակատարողական օրենսգիրքը տալիս է հնարավորություն (հոդված 69.2. Դատապարտյալը կարող է տեղափոխվել`1) ցածրանվտանգայինգոտի, եթե`գ. դատապարտվել է ցմահ ազատազրկման և պատիժը կրում է միջին անվտանգային գոտում` նշանակված պատժի առնվազն 20 տարին կրելուց հետո.), իսկ  մյուս կողմից առկա է ՀՀ արդարադատության նախարարի նոր հրամանը, որը բացառում է դառնալ «դրական դատապարտյալ»:

Դրական բնութագրվելով և դրա համար Արմավիր ՔԿՀ-ում ստանալով խրախուսանք, ես տեղափոխվելով (առանց իմ կարծիքը հարցնելու) «Սևան» ՔԿՀ, 1 ամսում առանց փաստական պատճառի դարձա անձ, որի մոտ դեռ պետք է ձևավորել դրական վարքագիծ: ՔԿՀ-ի բոլոր բաժինները իմ վերաբերյալ բացասական գնահատական տվեցին:

Իսկ Առաջին ատյանի Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները, հիմնվելով այդ գնահատականը տվող մարմինների ճշմարիտության, կոմպետենտության, անաչառության կանխավարկածի վրա, իմ բողոքները մերժեցին:

Մինչ այսօր ես շատ եզրակացություններ եմ կարդացել, նրանցում չկա գեթ մեկը, որում հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետն ունենա եզրակացությանը չհամապատասխանող հատուկ կարծիք: Այս փաստը նույնպես շատ բան է նշանակում:

Սա ի՞նչ է նշանակում:

Կամ պաշտոնատար անձինք կատարել են իրենց լիազորություններից և պարտականություններից դուրս և օրենքով չսահմանված, անօրինական գործողություններ և անգործություն, ինչի հետևանքով կայացվել են որոշումներ, որոնք պատճառաբանված և հիմնավորված չեն, նաև անօրինական են և ոչ իրավաչափ: Կամ էլ խնդիրը հենց օրենքի՝ նոր ՀՀ քրեակատարողական օրենսգրքի և ՀՀ ԱՆ 09.09.2022 թ-ի N 548-Ն հրամանի մեջ է:

Որոնց հակասահմանադրական բնույթի հիման վրա ստեղծվել է մի կառույց, որի որոշումները բողոքարկման ենթակա չեն, այսինքն դատական վերահսկողությունից դուրս են և ես իմ Վճռաբեկ բողոքում բարձրացրել էի այդ հարցը՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ վիճարկել վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի և տեղաբաշխման Հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշումը այն պարագայում, երբ այն չի համապատասխանում անձնական գործում առկա տվյալներին, թե՞ նրանց կարծիքը՝ եզրակացությունը անսխալական չափորոշիչ է: Այսինքն տվյալ հիմք-որոշումը սուբյեկտիվ է, թե՞ օբյեկտիվ, ենթակա է կամայականության թե՞ ոչ:

Ինչպես նաև ես ակնկալում էի Վճռաբեկ Դատարանից, որ նա կկայացնի այնպիսի որոշում, որը որոշիչ ուղեցույց կդառնար այն կարգի հարցերի լուծման համար, երբ իրար են բախվում հին և նոր քրեակատարողական օրենսգրքերի բարենպաստ և վատթարացնող դրույթները: Սակայն նրանք իմ բողոքը վարույթ չվերցնելով, այդ հարցերը թողեցին անպատասխան։

Մենք, հայտնվելով նոր անբարենպաստ պայմաններում և մեկ տարուց ավել ապրելով և կատարելով նոր «խաղի»՝ քրեակատարողական օրենսգրքի կանոնները, միևնույնն է մնացինք նույն ծակ նավակով, այս ընթացքում ոչ մի դրական տեղաշարժ չեղավ, ես միայն դեգրադացվում եմ, ուրիշ ոչինչ, և սա ուղիղ պատճառահետևանքային կապ ունի նոր օրենսգրքի հակասահմանադրական բնույթի հետ, եթե նա կտրված է բարի արմատից, ապա և չի կարող բերել բարի պտուղներ:

Վերասոցիալականացման ուղուց կրկին անցում ենք կատարում պատժողական քաղաքականության, որը ՀՀ կառավարության որդեգրած սկզբունքների խախտում է։ Ամեն ինչ դարձել է ձևական, մինչ օրս դեռ դուրս չենք եկել սովետական բյուրոկրատական ճահճից: Իրականությունը այն է, որ ոչ թե օրենքն է գործում, այլ պլան են կատարում՝ ամեն ինչը թղթի վրա է տեղի ունենում, թղթի վրա իմ հետ աշխատանք են տանում, որ իմ մոտ դրական վարքագիծ ձևավորեն, այդ վարքագծի վերաբերյալ բացասական դիրքորոշում են հայտնում, թղթի վրա՝ առանց հիմնավորելու, իմ հանցանք կատարելու բարձր-ցածր հավանականությունն են որոշում, կարծիքներ են իմ մասին կազմում՝ ելնելով այնպիսի տվյալներից, որոնք անհնար է որ փոխվեն (օրինակ՝ կատարած հանցանքի բնույթը) կամ էլ ունեն տասնյակ տարիների վաղեմություն, և այնպիսի «մասնագետների» կողմից, որոնք ինձ միայն թղթերով են ճանաչում», – գրել է ցմահ դատապարտյալը։

Նա և նրան միացած մյուս ցմահ դատապարտյալները որոշել են դիմել բողոքի ծայրահեղ միջոցին․ «Հերթական անգամ մեր վրա նոր օրենքներ փորձարկեցին, որոնք ձախողվեցին, ինչպես այդ ոլորտի որոշ մասնագետներ են հավաստում», «այդ ամենը կատարվեց և շարունակվում է մեր կյանքերի հաշվին», «մենք այս տարվա մարտ ամսին և մինչ այդ բարձրացրել էինք այս խնդիրների լուծման անհրաժեշտության հարցը, որը մնացել էր անպատասխան»։

«Հայտարարում ենք անժամկետ հացադուլ, ակնկալելով, որ այս հարցի հանրայնացնումը միգուցե կստիպի, որ իրավասու մարմինների՝ այս նոր քրեակատարողական օրենսգիրքը գրողների և կիրառողների համար վերը բարձրացրած հարցերը նույնպես կդառնան օրհասական և անօրինականության սառույցը կսկսի հալվել: Պահանջում ենք հարցին արմատական լուծում տվող պաշտոնյաների հետ հանդիպում», – գրել են դիմումի հեղինակները։