Բանտում հացադուլ են հայտարարել ցմահ դատապարտյալներ Արամ Պետրոսյանը, Արմեն Տեր-Սահակյանն ու Ալիկ Գրիգորյանը․ կիսաբաց ռեժիմից նրանք ավելի վաղ տեղափոխվել էին կիսափակ ռեժիմի։
Արդեն ավելի քան 20 օր է՝ Արամ Պետրոսյանը հացադուլի մեջ է։ Տեր-Սահակյանն ու Գրիգորյանը բողոքին միացել են անցյալ շաբաթ։
«Ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել դատախազության որոշման պատճառով, ըստ որի՝ կասեցվել է ՔԿԾ կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը և դատապարտյալները կիսաբաց ուղղիչ հիմնարկից վերադարձվել են կիսափակ ուղղիչ հիմնարկ․․․», – Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել են Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Ինչու են նրանց տեղափոխել կիսափակ ռեժիմի՝ ՔԿԾ-ն հայտնել հրաժարվել է։
Պատճառներից տեղյակ չէ նաև օմբուդսմենի գրասենյակը։
«Մեր աշխատակիցները հացադուլ հայտարարած երեք անձանց հետ առանձնազրույցներ են ունեցել տարբեր ՔԿՀ-ներում», – Epress.am-ին հայտնել է ՄԻՊ հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։ Դատապարտյալները, ըստ նրա, հաստատել են, որ բողոքն ուղղված է ռեժիմի փոփոխության դեմ։ Ինչու է ռեժիմը փոխվել՝ հայտնի չէ․ «Պատասխաններ ստանալու համար հիմա աշխատանքներ է ընթանում»։
Պատասխաններ չի տալիս նաև Դատախազությունը, որի հանրային կապերի բաժնից՝ մեր հարցին ի պատասխան, խոստացան հետ զանգել։ Հետ չզանգեցին։ Դադարեցին պատասխանել նաև մեր զանգերին։
Պատճառներից տեղյակ է, սակայն, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Ըստ նրա՝ «մարդուն կոտրելը, նսեմացնելը դատախազության սովորական գործելաոճն է, նրանց ձեռքը ոչ ոք չի բռնում»։
Ալեքսանյանի փոխանցմամբ՝ 2019 թվականին ընդունված օրենքի համաձայն՝ 20 տարուց ավել փակ ռեժիմի բանտերում իրենց պատիժը կրած ցմահ դատապարտյալները տեղափոխվում են բաց կամ կիսաբաց ռեժիմի բանտեր։ Այժմ հացադուլ անող դատապարտյալները տեղափոխվել են կիսաբաց ռեժիմի։ Դատախազությունը հետո կասեցրել է որոշումը։
«․․․Ընդ որում [դատախազությունը] դա անում է սադիստական էլեմենտներով․ սպասում է, որ ցմահները մի քիչ ազատություն շնչեն, ապա նրանց հետ են բերում նախկին փակ ռեժիմին։
Հիմնավորումներ դատախազությունը չի ներկայացնում, իսկ կեղծ տվյալներ ձեռքի տակ ինչքան ուզես կան։ Անմարդկային վերաբերմունքը՝ մարդուն կոտրելը, նսեմացնելը դատախազության սովորական գործելաոճն է, նրանց ձեռքը ոչ ոք չի բռնում․․․», – ֆեյսբուքի իր էջում գրել է Ալեքսանյանը։
Արամ Պետրոսյանը, ըստ ՔԿԾ-ի, հացադուլ է հայտարարել սեպտեմբերի 13-ին, Արմեն Տեր-Սահակյանը՝ սեպտեմբերի 27-ին, Ալիկ Գրիգորյանը՝ սեպտեմբերի 29-ին։