Երեկ Արմավիրի քրեակատարողական հիմնարկում փորձել են խոչընդոտել իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի և հաշմանդամություն ունեցող կալանավորի հանդիպումը։ Այս մասին իրավապաշտպանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Ալեքսանյանը նշել է, որ գնացել էր կալանավորի խնդրանքով։ Հանդիպումն, ըստ իրավապաշտպանի, երկու ամսից ավել չէր կայանում։ Կալանավորի ընտանիքը պնդում էր, որ նա դիմում է գրել հանդիպման համար, մինչդեռ ՔԿՀ վարչությունից ասում էին, թե կալանավորն է հրաժարվում հանդիպել։
«․․․Սովորաբար պետի մոտ ես մտնում, արագ և պատշաճորեն կազմակերպվում է հանդիպումը, բայց ոչ երեկ։ Ասեցին պետը չկա, պետի տեղակալն ասաց, որ ինքը թույլտվությունը չի ստացել։ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանի հեռախոսն անհասանելի էր, նա է կազմակերպում հանդիպումները։ Շուրջ 30 րոպե սպասեցնելուց հետո, թույլ տվեցին և ահա արդեն ներսում հասկանալի դարձավ , որ նախապես պլանավորված սցենարի համաձայն խոչնդոտում են հանդիպմանը ամենագռեհիկ ձևերով, չեմ ուզում անդրադառնալ իմ նկատմամբ ծաղրական և արհամարհական վերաբերմունքին, գռեհիկ հարցուպատասխանին․․․», – նշել է Ալեքսանյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ հանդիպման համար նախատեսված սենյակները զբաղեցրել էին ՔԿՀ աշխատակիցներով, իսկ սայլակին գամված կալանավորի հետ հանդիպումը տեղի է ունեցել զուգարանի ֆոյեում։Հ ՔԿՀ աշխատակիցներից մեկին բերել են ներս, որ հսկի իրենց։ Բացի այդ՝ դուռը բաց են թողել, ինչի պատճառով աղմուկ չի թողել լսել կալանավորին։ Պետի տեղակալի հետ կապվելուց հետո հսկողը դուրս է եկել, բայց քիչ անց սկսվել է հոսքը զուգարան՝ «հռհռալով ու բարձր խոսելով»։
Այս ամենը, Ալեքսանյանի խոսքով, հիշեցնում էր սովետի ժամանակները․ թե ինչպես էր համակարգը միավորվում մեկ անձի դեմ՝ պատրաստ նրան ոչնչացնելու և այս դեպքը ցույց է տալիս, որ մեր կալանավայրերում ոչինչ չի փոխվել, կալանավորն իրենց ձեռքում է, ինչպես ուզեն կվարվեն։ Իսկ, այս կալանավորի հետ արդեն վարվել են, բայց, փաստորեն չեն բավարարվել։
«Նա մեղադրվում է սպանության մեջ, բայց չի ընդունում մեղադրանքը։ Երկու տարի առաջ նա հացադուլ է հայտարարել փորձելով պաշտպանել իր անմեղությունը։ Նուբարաշեն ՔԿ աշխատակիցները հացադուլի 27-րդ օրը նրան անմարդկային ծեծի են ենթարկել, և ահա նա այլևս գամված է հաշմանդամության սայլակին։ Առողջ մարդուն մտցրել են բանտ և հաշմանդամ դարձրել, իսկ կատարողներն, իհարկե ազատության մեջ են ու շարունակում են հսկել իրենց իմացած մեթոդներով», – գրել է իրավապաշտպանը։
«Հետաքրքիր է իմանալ, պարոն Բադասյանը (նկատի ունի՝ արդարադատության նախարարի ժ/պ Ռուստամ Բադասյանին- խմբ․) այս խոշտանգման դեպքը նույնպես իրավաչափ և համաչափ է գնահատել թե, ոչ։ Կամ ինչ էր անում նախարարն իր պաշտոնավարման ընթացքում, երբ կալանավայրում տիրում է այս վիճակը։ Դատախազության մասին ավելորդ եմ համարում խոսել։ Լուռ համագործակցում են», – եզրափակել է Ալեքսանյանը։