Home / Բանտ / Ո՞վ է փոխանցել արգելված իրերը․ իրավապաշտպանները՝ Նուբարաշենի «խուզարկության» մասին

Ո՞վ է փոխանցել արգելված իրերը․ իրավապաշտպանները՝ Նուբարաշենի «խուզարկության» մասին

Օգոստոսի 24-ին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ահազանգել էր, որ դիմակավորված անձինք ներխուժել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պատժախցերից մեկը և դաժան բռնության ենթարկել խցում պահվող դատապարտյալներին։ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ի առավոտյան․ ահազանգով նկարագրված պահին խցում գտնվել է 3 ազատազրկված անձ, որոնցից մեկը, ըստ Ալեքսանյանի, վերջերս Արմավիր ՔԿՀ-ից տեղափոխել էր Նուբարաշեն:

Արդարադատության նախարարությունը (ԱՆ) տեղի ունեցածի կապակցությամբ ավելի ուշ պարզաբանում էր տարածել։ «Քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով, պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով», – գրված էր ԱՆ խոսնակի գրառման մեջ, ըստ որի, «պետք է նկատի ունենալ նաև, որ գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ»։ 

Ես սա համարում եմ կեղծ պարզաբանում, ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Ինձ բավականին մանրամասն նկարագրել են ծեծվածների, բռնության ենթարկվածների վիճակը։ Դա ծանր վիճակ է։ Համարում եմ, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարտավոր էր բացատրել, թե ինչու են իր ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում բռնությունների այդպիսի դեպքեր լինում և փարատեր կասկածները, որ դրանք կարող են կրկնվել։  Դրա փոխարեն նրանք տարածել են մի պարզաբանում, որը ոչ մի քննադատության չի դիմանում։

․․․Եթե դուք 20 հոգի հատուկ ջոկատայիններ եք խուց ուղարկում, ո՞վ պետք է ձեզ դիմադրի։ Ի՞նչ դիմադրության կամ համաչափ ուժի կիրառման մասին է խոսվում։ Ինչքա՞ն կարելի է այդ կեղծ արտահայտությունները շրջանառության մեջ դնել», – «Մեդիա կենտրոն»-ի կողմից կազմակերպված առցանց ասուլիսի ընթացքում ասել է Ալեքսանյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ՝ ուշադրություն հրավիրելով նախարարության այն մեկնաբանության վրա, թե միջադեպը «արգելված իրերի հայտնաբերման նպատակով իրականացված խուզարկության ժամանակ» է տեղի ունեցել, հիշեցնում է՝ համավարակով պայմանավորված՝ հանձնուքների ընդունումը խիստ սահմանափակված է, իսկ հարազատների հետ տեսակցություններն առհասարակ արգելված են։ Հարց է առաջանում՝ որտեղի՞ց են դատապարտյալները ստանում այն «արգելված իրերը», որոնց հայտնաբերման համար նման «խուզարկություններ» են կազմակերպվում։ 

«Արգելված իրերը փոխանցող միակ աղբյուրը, ինչպես և միշտ է եղել, քրեակատարողական հիմնարկի աշխատակազմն է։ Նման պայմաններում արգելված իրերի առկայությունը խոսում է աշխատակազմի ուղղակի մասնակցության մասին։

․․․Հիմա ո՞ւմ նկատմամբ եք հարց բարձրացնում․ ենթադրյալ արգելված իրն արդեն ունեցողի՞, թե՞ այդ իրը նրան փոխանցողի, որը, նորից եմ կրկնում, կարող է լինել միայն ՔԿՀ աշխատակազմից։

Դուք տեսե՞լ եք ջանքեր՝ այդ աշխատակիցներին բացահայտելու ուղղությամբ։ Կամ հայտարարություններ՝ նրանց բացահայտման մասին։ Եվ փոխանակ այդ ուղղությամբ քննություն կատարեն, գնում են բանտարկյալների վրա ճնշումների ճանապարհով», – նշել է իրավապաշտպանը։

Ըստ նրա՝ անհասկանալի է նաև, ինչ է տեղի ունեցել, որ 20 հոգանոց հատուկ ջոկատայինների խումբ է ուղարկվել։

«Եթե դիմադրություն կա, դիմադրությունը կանխելու հնարքներ գոյություն ունեն, որոնք չեն ենթադրում բռնության կիրառում, չեն ենթադրում այնպիսի վնասվածնքեր կամ հետքեր, որոնք արձանագրվել են ազատազրկված անձանց մարմնի վրա։ 

Այսինքն՝ սա ոչ թե հնարքի կիրառում է եղել, որպեսզի մարդկանց հնազանդեցնեն կամ նրանց կողմից ենթադրյալ բռնությունը կանխեն, այլ հանտուկ պատժիչ նշանակություն է ունեցել, ինչն այլևս ակնհայտ է, և որևէ քննիչ կամ քննչական մարմին փորձի հեքիաթնե՞ր պատմել, թե այդ երկուսը այնպես էին պատսպարվել, այնպես էին ջարդում-փշրում, որ պետք էր 20 հոգի, որպեսզի նրանց կանխե՞ն։ Այսպիսի բան չկա»։

Բռնությունները չեն կարող քողարկվել քրեական ենթամշակույթի դեմ պայքարով։ Ապօրինի մեթոդներով ապօրինության դեմ պայքարել ոչ մի անգամ չի հաջողվել, ապօրինությունն է ավելի խորացել, ասում է Սաքունցը։

«Ի՞նչ է՝ նոր իմացան, որ նրանք քրեական հեղինակություններ կամ զոն նայողներ են։

․․․Ակնհայտ շահերի ընդհանրություն գոյություն ունի քրեական տարրերի և քրեական հիմնարկի շատ աշխատակիցների միջև, որոնք անմիջական առնչվում են ազատազրկված անձանց հետ։ Շահերի ընդհանրություն կա հենց քրեական աշխարհի կանոնների տեսակետից։ Եվ հիմա եթե [քրեական ենթամշակույթի դեմ պայքարի] օրենքը կիրառեն, շահերի բախում կարող է առաջանալ, որովետև այդ մարդիկ իրենք իրենց դեմ վկայություն չեն տալու, որովհետև իրենք են համագործակցել, իրենք են ապօրինություններ թույլ տվել։

Երբ վիճակը իրապես չի փոխվել՝ անձնակազմի տեսակետից, մոտեցումների տեսակետից, պատրաստվածության տեսակետից, բայց խնդիրը, որը դրվել է, նոր բնույթի խնդիր է, համակարգն այս վիճակով այն լուծվել չի կարող։ Որովհետև մթնոլորտը չի փոխվել, վերաբերմունքը, աշխատակազմի կրթվածություն չի փոխվել»։

Հեղափոխությանը հաջորդած 2 տարիների ընթացքում, նշում է Արթուր Սաքունցը, մինչհեղափոխական զանգվածային խախտումները, որոնց մասին հանրությունը առանձին էպիզոդներով էր իմանում, մնացին անտեսված։ Դրանց մասին բարձրաձայնումներ չեղան։ Չեղան նաև էական փոփոխություններ։  Ազատազրկված անձինք, ըստ նրա, պետք է իմանային, որ իրենց նկատմամբ ապօրինությունների մասին բարձրաձայնելը խրախուսվում է, և որ այդ ապօրինությունները քննվում են։ Բայց դրանք ոչ միայն չեն քննվում, այլև դրանց հեղինակները շարունակում են պաշտոնավարել կամ աշխատել քրեակատարողական համակարգում։

Ժաննա Ալեքսանյանն էլ ընդգծում է՝ քրեակատարողական հիմնարկները հեղափոխությունից հետո պետք է ավելի բաց լինեին, փոխարենը՝ ավելի են փակվել։ Չկա ոչ դատախազական, ոչ պատգամավորական վերահսկողություն։ Բռնության մասին ահազանգերը պատշաճ արձագանք չեն ստանում։ «Պատգամավորներից ոչ մեկը չի գնում տեսնի՝ ինչ վիճակ է, ինչ է տեղի ունեցել, ու դա այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավոր եղած ժամանակ, պարբերաբար նման այցեր կատարում էր, իրենից էինք իմանում՝ ինչ է կատարվում քրեակատարողական հիմնարկում», – ասել է Ալեքսանյանը։

Իրավապաշտպանը հիշեցրել է նաև 2020 թվականի մարտին տեղի ունեցած միջադեպի մասին, երբ արտերկրում բնակվող օրենքով գողերից մեկի պատվերով «Նուբարաշենում» դաժան ծեծի էին ենթարկել և, ըստ որոշ տեսեկությունների, դանակահարել «Ալավերդցի Վահագ» մականունով հայտնի Վահագն Աբգարյանին։

Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել․ ըստ իրավապաշտպանի՝ վեց ամիս է անցել, բայց գործով ոչ  կասկածյալ կա, ոչ մեղադրյալ։ «Ընդհամենը Նուբարաշենի պետին տեղափոխեցին Գորիսի քրեակատարողական հիմնարկ, այնտեղ էլի պետ դարձրեցին», – ասում է Ալեքսանյանը՝ ըդգծելով, որ անպատժելիությունն է, որ ծնում է նորանոր հանցանքներ։

Ըստ Սաքունցի՝ Արդարադատության նախարարությունը քրեակատարողական հիմնարկները վերափոխելու քաղաքական կամք չունի․ «Քրեակատարողական հիմնարկը պետք է ազատել աշխատակիցներից, որոնք շարունակում են ազատազրկված անձին վերաբերվել պատժիչ գործողությունների տրամաբանությամբ։ Ազատազրկումն ամենամեծ պատիժն է։ Լրացուցիչ պատժի ենթարկելը մարդու իրավունքի կոպիտ խախտում է»։

Tekali Taxi