Փետրվարի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծեծի են ենթարկել կալանավոր Վահագն Աբգարյանին, ով հայտնի է «Ալավերդցի Վահագ» մականունով։
Քրեակատարողական ծառայությունը, հղվելով տուժողի ցուցմունքներին, տեղի ունեցածը նախ ներկայացրել է որպես «սայթաքելու հետևանքով ստացած վնասվածքներ», այնուհետև՝ պաշտոնապես հայտարարել, որ քրեական հեղինակություն հանդիսացող Վահագն Աբգարյանին խմբակային ծեծի են ենթարկել արտերկրում բնակվող քրեական հեղինակության պատվերով։ Խոսքը, ըստ լրագրողների, իրավապաշտպանների և ալավերդցիների, «Արման Կալուժսկի» մականունով հայտնի ալավերդցի Արման Ջանինյանի մասին է։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է՝ մինչ այժմ քրեական գործ այս դեպքով հարուցված չէ կամ եթե հարուցված է՝ ոչ ոք, այդ թվում՝ Վահագն Աբգարյանը, նրա ներկայացուցիչները և պաշտպանը, այդ մասին չգիտեն։
Կան ծանրակշիռ փաստեր, որ կալանավորի նկատմամբ պատվիրված հարձակումը կատարվել է բանտի տնօրինության և վարչակազմի ուղղակի մասնակցությամբ, նվազագույնը՝ թողտվությամբ, բայց նրանցից ոչ ոք պատասխանատվության չի կանչվել։ Իրավապաշտպանի հաղորդմամբ, «Նուբարաշենի» պետը, որը տեղի ունեցածի առաջին պատասխանատուն է, ընդհամենը ազատվել է պաշտոնից․․․ և անմիջապես վերանշնակավել՝ որպես «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ։
«Ոչ մեկ հարց չի տալիս, իսկ Քրեակատարողական ծառայությունը չի պարզաբանում, թե ինչպե՞ս է արտերկրից մեկը (պաշտոնական փաստաթղթերից մեկում նշված արտահայտության համաձայն՝ «օրենքով գողը») ուղղորդում և կազմակերպում մահափորձ անձի նկատմամբ, որը գտնվում է Քրեակատարողական հիմնարկում՝ պետության պաշտպանության ներքո։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ն փակ հաստատություն է։ Կալանավորվածների խցերը փակ են։ Բաց տարածք չկա, որտեղ մարդիկ իրար կարող են հանդիպել՝ առանց բանտի վարչակազմի վերահսկողության», – ասում է իրավապաշտպանը։ Ըստ նրա, առանց հիմնարկի աշխատակազմի թողտվության կամ աջակցության նման գործողություն պարզապես չէր կարող կատարվել։
Բանտում, ինչպես և ցանկացած փակ հաստատությունում տեղի ունեցած բռնությունների, առավել ևս՝ սպանությունների կամ սպանության փորձերի համար պատասխանատվություն է կրում նախևառաջ այդ հաստատության ղեկաբարությունը։ Սա՝ որպես ընդհանուր սկզբունք։
Բայց Վահագն Աբգարյանի սպանության փորձը առանձնահատուկ է, ասում է իրավապաշտպանը։ Խոսքն այստեղ ընդհանուր պատասխանատվության մասին չէ, օրինակ, ոչ կանոնակարգային հարաբերությունները չկասեցնելու կամ վերահսկողության մեջ թերանալու համար։ Խոսքը իրավապահ համակարգի և քրեական աշխարհի համագործակցության, նվազագույնը՝ իրավապահ համակարգի հանցավոր անգործության և քրեական աշխարհի հովանավորության մասին է, և դա ամբողջությամբ ապացուցվում է պաշտոնական փասթաթղերով։
1. Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, նախ, ներկայացնում է Գլխավոր դատախազության 2017 թվականի դեկտեմբերի 1-ի գրությունը՝ ուղղված Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանին։
Այն Վահագն Հարությունյանին, ով Աբգարյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ամիսներ առաջ մեղադրյալ է ճանաչվել (կալանավորին բռնության ենթարկելու համար) և գտնվում է փախուստի մեջ։ Հարությունյանը, հիշեցնենք, հայտնի քննիչ է։ Ժամանակին նա Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար է եղել, և հեղափոխությունից հետո հարուցված մեղադրվում է «ապացույցներ կոծկելու» մեջ։
Ինչևէ, Հարությունյանին ուղղված գրությամբ, ըստ իրավապաշտպանի, Դատախազությունը դեռևս 2017 թվականին հայտնել է ռուսաստանաբնակ օրենքով գող Արման Ջանինյանի՝ «Արման Կալուժսկու» և Կարեն Սոխակյանի՝ «Սոխի» վեճի, ինչպես նաև՝ օրենքով գող Ջանինյանի՝ Վահագն Աբգարյանի հետ կապված քրեական գործերում ուղղակի և ակտիվ մասնակցության մասին։ Սա ֆիքսենք՝ որպես վկայութնուն, որ Ջանինյանի շահագրգռվածության մասին իրավապահները տեղյակ են եղել առնվազն 2017 թվականից։
2․ Հաջորդ պաշտոնական փաստաթուղթը, որը ներկայացնում է իրավապաշտպանը, Վահագն Աբգարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանի միջնորդությունն է։ 2018 թվականի հունվարի 20-ին փաստաբանը միջնորդել է քննիչին՝ խնդրելով փոխել Վահագն Աբգարյանի կալանքի վայրը՝ «Նուբարաշենքից» «Կենտրոն» կամ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, քանի որ «Նուբարաշենում» նա խնդիրներ կունի անձնակազմի հետ, և նրա կյանքին վտանգ կարող է սպառնալ։
3․ Երրորդ փաստաթուղթը, ասում է Սաքունցը, դա հենց Վահագն Աբգարյանի բացատրությունն է, որը 2018 թվականի հունվարի 31-ին գրությամբ ներկայցվել է Հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության ավագ քննիչ Աղաբաբյանին՝ այդ ժամանակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Սերոբ Հարությունյանի կողմից։
Կալանավորված Վահագն Աբգարյանը կալանավայրը փոխելու միջնորդության վերաբերյալ բացատրություն է տվել և վերահաստատել՝ «Նուբարաշեն ՔԿ հիմնարկի ընդհանուր քանակակազմի հետ ունեմ լուրջ խնդիրներ, որոնք կխնդրեի չմեկնաբանել՝ քրեական գործի շրջանակներից ելնելով։ Միայն կարող եմ ասել, որ այդ խնդիրները այնքան լուրջ են, որ կարող են նույնիսկ կյանքի հարց լինել»։
Սաքունցը ընդգծում է՝ սա նշանակում է, որ փաստաբանը դեռևս 2018-ին ՔԿՀ-ից տեղափոխելու միջնորդություն է ներկայացրել՝ նշելով, որ կալանավորին «Նուբարաշենում» վտանգ է սպառնում, ՔԿՀ պետը կալանավորից բացատրություն է վերցրել, որով վերջինս վերահաստատել է՝ «ՔՀԿ քանակակազմի հետ խնդիրներն այնքան լուրջ են, որ կարող են կյանքի հարց լինել», բայց միջնորդությունը մերժվել է քննիչի կողմից, ով դեռևս 2017 թվականից ունենալով Գլխավոր դատախազության գրությունը օրենքով գող Ջանինյանի՝ Վահագն Աբգարյանի հետ կապված քրեական գործերում ուղղակի և ակտիվ մասնակցության մասին, ոչ մի միջոց չի ձեռնարկել Աբգարյանի անվտանգությունը ապահովելու համար։
Իրավապաշտպանը նշում է՝ կա նշում, իբր ահազանգելուց հետո Աբգարյանը ՔԿՀ-ի քանակակազմից առանձին է պահվել, և այն չի համապատասխանում իրականությանը։ Աբգարյանը, Սաքունցի հաղորդմամբ, մշտապես պահվել է ընդհանուր խցում, ընդ որում՝ նրա հետ նույն խցում է պահվել նաև իր հետ նույն քրեական գործով անցնող մեկ այլ անձի եղբայրը։ Հակադիր շահերի հանգամանքը ՔԿՀ ղեկավարության կողմից ևս անտեսվել է։
Սաքունցի կարծիքով, այս ամենը նախևառաջ վկայում է քրեական աշխարհի և իրավապահ մարմինների սերտաճածության մասին։
«Չի կարող նման բան լինել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անձին խցից հանեն, ասեն՝ «պետը ձեզ կանչում է», տեղափոխեն մեկ այլ տեղ, որտեղ պետի փոխարեն կլինեն ծեծողները։
Ձե՞ռք եք առնում։ Եվ փոխարեն անհապաղ քրեական գործ հարուցվի, բոլորը մեկուսացվեն՝ սմենի պետից, հերթապահից, ՔԿՀ պետից սկսած։ Չէ, մի հատ էլ տեղից տեղ են տեղափոխում, վերանշանակում։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի արդեն նախկին պետի վերանշանակումը «Գորիս» ՔԿՀ պետի պաշտոնում ուղղակի անպատժելիության ապացույց է և հիմնավորում։ Դատախազության կողմից մինչև հիմա քրեական գործ չհարուցելը հանդիսանում է անպատժելիության տիպիկ դրսևորում։ Եվ սա համակարգային խնդիր է»։
Վահագն Աբգարյանը այժմ գտնվում է «Աստղիկ» ԲԿ-ում։ Սաքունցի խոսքերով, իր հաշվին է բուժում ստանում՝ վճարելով օրական 57 հազար դրամի կարգի․ «Այսինքն՝ պետության ակնհայտ մասնակցությամբ կատարված հանցագործության հետևանքով տուժած անձի խդնիրները հոգում է ինքը՝ տուժածը, ով դանակահարված, մեծ քանակությամբ արյուն կորցրած, տեղափոխվել է հիվանդանոց»։