Home / Ազգային ժողով / Որքանով կիրառելի կլինի քրեական ենթամշակույթի մասին օրենքը

Որքանով կիրառելի կլինի քրեական ենթամշակույթի մասին օրենքը

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պայմանավորված է սոցիալական անհրաժեշտությամբ, ասում է Արդարադատության նախարարության ներկայացուցիչը։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը դրական է համարում քրեական էլեմենտների հետ պայքարելու իշխանությունների ցանկությունը, սակայն կասկածում է, որ իրավապահ մարմինները կարող են ինչ֊ինչ պարտավորվածություններ ունենալ քրեական աշխարհի նկատմամբ։

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պայմանավորված է սոցիալական անհրաժեշտությամբ, որովհետև քրեական ենթամշակույթին հարողներն, ըստ էության, շեղվում են պետության կողմից սահմանված համապարտադիր վարքագծի կանոններից և իրե՛նք են սահմանում իրենց ուրույն կանոնները, որոնցով էլ առաջնորդվում են իրենց գործունեության ընթացքում։ Այս մասին սեպտեմբերի 2-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարարության Քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփի Սարգսյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին կառավարությունը հավանության արժանացրեց օրենսդրական այն նախաձեռնությունը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել հանցավոր ենթամշակույթ կրողներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում հատուկ նշեց, որ խոսքն օրենքով գողերի, սխոդկաների և նմանատիպ այլ երևույթների մասին է։

Ըստ Սարգսյանի՝ նմանատիպ խմբավորումները սպառնում են հասարակական անվտանգությանը, քանի որ եթե պետության ներսում ստեղծվում են պետության կողմից սահմանված վարքագծի կանոններից տարբերվող վարքագծի կանոններով առաջնորդվող խմբավորումներ, ապա դա վտանգ է քաղաքացիների, հասարակության և պետության կենսական շահերի համար։

«Քրեական ենթամշակույթ ստեղծելը քրեականացնող օրինագծի շրջանակներում 4 արարքներ են դիտարկվում որպես հանցակազմ․ քրեական աստիճանակարգությամբ բարձրագույն կարգավիճակ տալը կամ պահպանելը, կամ այն ստանալը, ինչպես նաև քրեական ենթամշակույթ ստեղծելու կամ ղեկավարելու համար է պատասխանատվություն նախատեսվում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու/անդամակցելու համար և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին դիմելու կամ քրեական աստիճանակարգությամբ բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։
Ենթամշակույթ կրող խմբավորման տեսանկյունից մենք փորձել ենք հնարավորինս իրավական որոշակիության սկզբունքը պահպանել և տալ այնպիսի ձևակերպումներ, որոնք հետագայում իրավակիրառ մարմնին կօգնեն հասկանալ, որ խմբավորումն է, որ պետք է դիտարկվի այսպիսի խմբավորում, և ով է այն անձը, ով պետք է դիտարկվի քրեական աստիճականարգությամբ բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ։

Հասկացությունների առումով մի քանի շեշտադրում․ առաջինը՝ ենթամշակույթ կրող խմբավորումը դա միջանձնային հիերարխիկ կառուցվածքով օժտված անձանց միավորումն է, որն իր կողմից սահմանված և ճանաչված կանոններով է առաջնորդվում, և այդ կանոնները չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապատրադիր կանոններին կամ գոնե դրանց իրացման իրավաչափ ձևերին», ֊ մանրամասնել է բաժնի պետը։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցի կարծիքով՝ քրեական ենթամշակույթի հետ պայքարն անհրաժեշտ էր, որովհետև իրականությունն այնքան էր սերտաճել քրեական էլէմենտների հետ, որ այլևս դրանց հնարավոր չէր տարանջատել․ «Նախորդ հանցավոր ռեժիմներն օգտագործում էին տարբեր գործիքներ, ինչպես օգտագործում էին արդարադատություն իրականացնող մարմինների համակցությունն իրենց նպատակներին հասնելու համար, ակտիվ մարդկանց ճնշելու համար, մարդկանց ունեզրկելու, հետապնդելու համար, այնպես էլ օգտագործում էին քրեական էլէմենտներն իրենց իշխանությունը պահելու համար։ Դրա ամենավառ օրինակն ընտրություններն էին, երբ նախընտրական փուլից սկսած մինչև հաշվարկն ու վերջնական հայտարարությունը կարող էինք տեսնել, ինչ ակտիվ գործունեություն էին իրականացնում էդ նույն քրեական էլէմենտները։ Էլ քրեակատարողական հիմնարկներում նրանք ինչ բացառիկ դերակատարություն ունեին, դրա մասին անիմաստ է խոսել․ շատ անգամներ շատ հարցեր ավելի շուտ ներսում լուծվում էին քրեական էլեմենտների, քան ադմինիստրացիայի կողմից»։

Ըստ իրավապաշտպանի՝ այս ամենի արդյունքում քրեական էլեմենտներն այնքան էին արժևորվել, որ անգամ եկել֊հասել էին Ազգային ժողով։

Կարապետյանցը դրական է համարում ներկայիս իշխանությունների՝ քրեական էլեմենտների հետ պայքարելու ցանկությունը, սակայն կասկածի տակ է դնում այն, թե որքանով է դա իրատեսական։ «Ի վերջո, իրենք ներսում ինչ֊որ հարցեր կարող են ինքնուրույն էլ կարգավորել, մենք կարող ենք բախվել մի իրավիճակի, որ քրեական աշխարհն իր ներքին պայմանավորվածության համաձայն ինչ֊որ կանոններ փոխի։ Մենք ուղղակի նրանց հետևից չենք հասցնելու։ Ինչքանո՞վ է իրատեսական, որտեղի՞ց ենք սկսում։ Շատ կարևոր է, թե ով է աշխատացնելու այս օրենքը»։

Իրավապաշտպանի համոզմամբ՝ իրավապահ մարմինները ոչ միայն շաղկապված են քրեական աշխարհի հետ, այլև, հնարավոր է, պարտավորվածություն ունեն, ինչի արդյունքում չեն կարող դիմադրել․ «Հիմա մենք ումի՞ց ինչ ենք պահանջելու»։

ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը ևս կարևորել է արարքի քրեականացումը՝ նշելով բազմապրոֆիլ այլ լծակների անհրաժեշտությունը․ «Օրինակ, մենք շատ դժվար ենք պատկերացնում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը քրեակատարողական հիմնարկներում առանց քրեակատարողական ծառայողների սոցիալական երաշխիքների, աշխատավարձի, աշխատանքային պայմանների վերանայման։ Քրեակատարողական հիմնարկներում, մեր կարծիքով, այս մշակույթը ծաղկում է ապրում, որովհետև դրա համար կան նպաստավոր պայմաններ։ Եթե ՔԿՀ֊ներում ենթամշակույթ կրողներն ավելի հեշտ են կարողանում լուծել ազատությունից զրկված անձի առջև ծառացած խնդիրները, հավանականությունը, որ առանձին կդիմեն այդ ենթամշակույթը կրողին, ավելի մեծ է, եթե օրինական ճանապարհն անձի համար ավելի բարդ է և գրեթե անհասանելի»։

Արդարադատության նախարարության Քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետը կիսում է հնչած մտավախությունները՝ նշելով, որ նախագիծն օրենք չի դարձել․ Ազգային ժողովում դեռևս կարող են հնչել առաջարկներ, որոնց հիման վրա այն կկատարելագործվի։