1-ին ատյանի դատարանի կողմից արդարացված, 1 տարի անց Վերաքննիչ դատարանի կողմից 7 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Կունգորցևը հացադուլ է հայտարարել՝ արտահայտելով իր դժգոհությունը դատարանի որոշման դեմ։
Epress.am-ի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Նինա Կարապետյանցը նշել է, որ դեռևս տեղյակ չէ հացուդուլի մանրամասների մասին։
Հիշեցնենք, որ Կարեն Կունգորցևը մեղադրվում էր 2013 թվականին 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի մեջ։ 2016-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը նրան անմեղ էր ճանաչել և ազատել։ Մեղադրող կողմը դիմել էր Վերաքննիչ՝ բողոքարկելով առաջին ատյանի վճիռը։
Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Կունգորցևը պատմել էր, որ 2013 թվականի հոկտեմբերին ոստիկանները եկել էին իր աշխատավայր ու առանց բացատրությունների ձեռնաշղթաներով տարել ոստիկանության բաժանմունք․ «Ինձ ստիպում էին, որ ստորագրեմ թղթերի տակ, որոնց մասին տեղյակ չէի, ծեծելով ստիպում էին, որ մեղքն իմ վրա վերցնեմ, ասում էին՝ եթե իրենց ասածով անեմ, ամեն ինչ լավ կլինի։ Ինձ խոշտանգելու առթիվ 600 դիմում եմ ուղարկել բազմաթիվ կազմակերպություններ և գերատեսչություններ, բայց ոչ-ոք ուշադրություն չի դարձրել դրանց»։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Վանաձորում զրույցներ կային, որ իրական սպանողն ԱԱԾ աշխատակցի որդի է։