«Վերջին երեք ամսում բանտարկյալները մասնակցել են մի շարք մշակութային և մարզական միջոցառումների՝ որպես խրախուսանք հարազատների հետ երկար հանդիպումներ ստանալով և այլն։ Նախկինում խրախուսանքի մասին մենք չէինք էլ երազում»։
JAMnews-ի «Նամակներ բանտից» նախագիծը սկսվեց մի նամակից, որը խմբագրությունը ստացել էր ցմահ դատապարտյալ Յուրի Սարգսյանից: Նա արդեն 24 տարի է, ինչ բանտում է: Յուրին գրել էր, որովհետև ցանկանում էր արտահայտվել և կարծում էր, որ հասարակության համար կարևոր է լսել «այն կողմում» ապրողներին: Կայքը համաձայնեց նրա հետ, այդպես ծնվեց այս նախագիծը:
Սա Յուրի Սարգսյանի քսանմեկերորդ նամակն է:
Այս անգամ լավ լուրեր ունեմ։ Հարցրեք՝ դրական ի՞նչ կարող է տեղի ունենալ բանտում, որտեղ ամեն ինչ, ինչպես ընդունված է համարել, ուղղված է մարդուն կոտրելուն։ Իսկ դուք կարդացեք և կտեսնեք։
Որքան հասկացա, Հայաստանի քրեակատարողական համակարգը մտադիր է դուրս գալ քարանձավից, ուր այն գցում էին քաղաքական գործիչները պատիժների կատարման պատմության ողջ ընթացքում։ Կարծես, այս ոլորտի բարեփոխումները, որոնք հայտարարվել են հանրապետության հեղափոխական կառավարութան կողմից, սկսել են իրագործվել։
Վերջին երեք ամսում բանտարկյալները մասնակցել են մի շարք մշակութային և մարզական միջոցառումների՝ որպես խրախուսանք հարազատների հետ երկար հանդիպումներ ստանալով և այլն։ Նախկինում խրախուսանքի մասին մենք չէինք էլ երազում։
Դատապարտյալների մեծ մասի՝ պահպանման ռեժիմն ավելի մեղմ դարձնելու խնդրանքները բավարարվել են։ Այդ թվում, երկու ցմահ բանտարկյալ կիսաբաց ռեժիմի է անցել այն հույսով, որ դա պայմանական-վաղաժամկետ ազատ արձակմանը նախորդող վերջին փուլն է։
Ցմահ բանտարկյալների ջանքերով և «Նուբարաշեն» բանտի ղեկավարության աջակցությամբ փոքր աղոթատեղի է բացվել, գրադարան է սկսել գործել, տեսակապ է հաստատվել արտասահմանում բնակվող ազգականների հետ։
Հաստատության պետի՝ արդարադատության գնդապետ Սամվել Մկրտչյանի խոսքով, բանտային հիվանդանոցի աշխատակազմն ինտենսիվորեն համալրվում է նոր մասնագետներով, և շուտով բանտարկյալները կարող են լիարժեք բուժսպասարկում ստանալ։
Իսկ հոկտեմբերի 15-ից մեր երկու հիմնական բանտերում՝ «Նուբարաշենում» և «Արմավիրում», մեկնարկել է բանտարկյալներին որակյալ երեքանգամյա սննդով ապահովելու փորձնական ծրագիրը։
Մինչ այդ բանտերում սնունդը միշտ պատժիչ միջոցների մի մասն էր և չէր համապատասխանում համընդհանուր սանիտարական նորմերին։
Այս անգամ մտադիր եմ պատմել հենց այն մասին՝ լավ է դա, թե վատ, և ինչպես կարող են այդ փոփոխություններն ազդել կալանավորների հետագա ճակատագրի և երկրում հանցավորության ընդհանուր ցուցանիշի վրա։ Սակայն սկզբից մի քիչ նախապատմություն։
Արտաքին աշխարհի հետ կապն ու մեր կենցաղը հեռավոր իննսունականներին և դեռևս բոլորովին վերջերս սահմանափակվում էին ինչպես օրենսդիրներով, այնպես էլ բանտապանների կանխակալ վերաբերմունքով։
Համարվում էր, որ, ճաղերի հետևում հայտնվելով, բանտարկյալը կորցնում է մարդկային իրավունքները։ Եվ նրա հետ միասին այդ իրավունքներից զրկվում են նրա հարազատները, որոնք փորձում են բանտարկյալին զերծ պահել անազատության քայքայող ազդեցությունից։ Ցանկացած ամենափոքր զիջման համար պետք էր վճարել։ Երբեմն՝ առանց կերակրողի մնացած ընտանիքի համար չափազանց բարձր գին։
Սովորական հիվանդություն հաճախ ուղեկցվում էր բարդություններով, որոնք պրոֆեսիոնալ միջամտություն էին պահանջում։ Ծախսերն ընկնում էին ընտանիքի ուսերին։ Հակառակ դեպքում՝ ավարտվում էին հաշմանդամությամբ կամ ավելի վատ վախճանի էին ունենում։ Բանտային բժշկի ոչ հեղինակավոր պաշտոնը քչերին էր գրավում։ Ախտորոշումն ու բուժումը նշանակում էին բուժակները։ Եվ արդյունքը, բնականաբար, համապատասխան էր։
Անհիշելի ժամանակներից «բալանդան» անազատության անբաժանելի մաս էր կազմում։ Այն նաև բազում բանտային հիվանդությունների, ինչպես նաև դատապարտյալի ասոցիալական վարքի պատճառ էր։ Ի՞նչ էր իրենից ներկայացնում «բալանդա» կոչվող այդ կերակուրը։
Իննսունականներին և երկուհազարականների սկզբին մեզ կերակրում էին հացահատիկի, փտած բանջարեղենի և փչացած մսի ինչ-որ խառնուրդով։ Սնունդ ընդունելը զգալի ժամանակ էր խլում։ Սկզբից մենք ափսեներից հանում էինք որդերը, հետո այն, ինչ մնացել էր, լվանում էինք եռացրած ջրով, որից հետո նոր ուտում էինք։ Որպես աղանդեր ծանր, սև, կպչուն հաց էին տալիս։ Հետո ատամների արանքը մնացած որդերն էինք հանում, որ չէինք նկատել ափսեի մեջ, և եռացրած ջուր էինք խմում։ Տղաները ծիծաղում էին, թե հիմա մենք ենք որդ ուտում, բայց շուտով մենք ենք նրանց համար կերակուր դառնալու։ Եվ մահացությունն այդ տարիներին իրոք մեծ էր։
2005թ-ից սննդի մեջ որդերի պարունակությունը սկսեց նվազել։ Փչացած միսն ու փտած բանջարեղենը չանհետացան, բայց քողարկվեցին յուղոտ թանձրուկի շերտով։ Երբեմն ծիրանի չիր և պանիր էին տալիս, հազվադեպ՝ տարին մեկ անգամ, թարմ միրգ։
Բանտարկյալների սննդի համար հատկացվող փողերի առյուծի բաժինը գնում էր պաշտոնյաների գրպանները․ որակյալ մթերքի փոխարեն գնում էին փտածն, իսկ տարբերությունը՝ կիսում։
Բանտարկյալները չէին բողոքում իրերի նման դասավորությունից՝ դա արժանի պատիժ համարելով։ Մենք էլ էինք այս պատերի ներսում փտում հոգով ու մարմնով։ Դժգոհության և չարության որդը կրծում էր մեր հոգեկան և ֆիզիկական առողջությունը։
Դեռևս 99-ին ինձ մոտ հիշողության, լյարդի և ատամների խնդիներ սկսվեցին։ Ես կապ գտա նրա միջև, թե ինչ եմ ուտում և առողջությանս ու սեփական վարքի միջև։ Սրանք միայն մտորումներ չեն։
Պատճառը գտնելու համար մի շարք գրքեր և գիտական հոդվածներ կարդացի, որոնցում նշվում էր մասնագետների՝ բժիշկների, հոգեբանների, սոցիոլոգների միանշանակ կարծիքը, որը հաստատում էր իմ ենթադրությունները։
Իհարկե, դժվար է սնունդը պատկերացնել որպես ուղղիչ միջոց։ Սակայն, այնուամենայնիվ, հայտնի է, որ ուղեղի զարգացման և նորմալ գործունեության համար անհրաժեշտ է ճիշտ սնվել։ Այստեղից դժվար չէ հետևություն անել, որ այդ գործառույթների բացասական փոփոխությունը վատ սննդի պատճառով կբերի ոչ միայն ընկճախտային տրամադրության և ինքնազգացողության, այլ նաև կազդի մարդու բնավորության և արարքների վրա։
Հայտնի հին հույն բժշկարար, բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատը պնդում էր, որ մարդու հիվանդությունները ոչ այլ ինչ են, քան սննդի, սովորությունների և բնավորության խախտման արդյունք։ Նա ասում էր․ «Դու այն ես, ինչ ուտում ես»։
Այսօր նոր իշխանությունների թեթև ձեռքով կալանավորների հանապազօրյա հացի մասին՝ և ոչ միայն, հոգում է կողմնակի կազմակերպություն՝ ազնիվ համբավով և բարձր դասի պրոֆեսիոնալներով։ Փորձարկումը կտևի 70 օր։ Եվ եթե այն իրեն արդարացնի, ապա նման նախագծեր կգործարկվեն նաև այլ ռեժիմային պետհաստատություններում։
Ի՞նչ է փոխվելու և ի՞նչ է արդեն փոխվել։ Առաջին հերթին, փոխվել է մարդկային վերաբերմունքը նրանց հանդեպ, ում հասարակության թերմացք են անվանում։ Միայն սա արդեն դրական է բնորոշում պետությանն ու դրա առաջնորդներին։
Երկրորդ հերթին, այդ նույն հաստատության պետի խոսքով՝ նախագծի նպատակը ոչ միայն բանտարկյալների, այլ նաև նրանց ընտանիքների մասին հոգ տանելն է։ Ընտանեկան բյուջեի այն մասնաբաժինը, որը ծախսվում էր բանտարկյալին պահելու համար, կգնա նրա ծնողների, կնոջ, երեխաների կյանքի որակի բարձրացմանը։ Վստահ եմ, որ շնորհակալության զգացումը դատապարտյալներին էլ է բնորոշ։
Եթե նախկինում ամենածանրաբեռնված օրերին՝ երկուշաբթիից ուրբաթ, մթերային հանձնուկների քանակը մի քանի տասնյակի էր հասնում և անգամ անցնում հարյուրն, ապա այսօր այն 10-15 անգամ ավելի քիչ է։ Դրանք էլ մթերքի ու ուտելիքի հանձնուկներ չեն, այլ իրեր։
«Բալանդա» հասկացությունն անհետացել է։ «Բալանդա» բաժանողները նույնպես փոխակերպվել են։ Սննդի բաշխման համար նոր թեթև սայլակներ, նոր սննդային տարաներ դույլերի փոխարեն, սպիտակ խալաթներ և սպիտակ ձեռնոցներ։ Նրանք սովորել են արտասանել անսովոր նոր անվանումներ։ Նախաճաշին, ճաշին և ընթրիքին 3-4 տեսակի բանջարեղենային սալաթ և տաք ուտեստ, կաթնամթերք, հյութ, թեյ, կակաո։
Եթե ծերուկ Հիպոկրատն իրավացի է, ապա առողջ սնունդն առողջ մտքեր, հույզեր և զգացմունքներ է ծնելու։ Իսկ հետո «ազատությունը մեզ ուրախ կդիմավորի մուտքի մոտ» [հեղինակը հղում է կատարում «Темницы рухнут – и свобода вас примет радостно у входа» Պուշկինի բանաստեղծության տողերին – JAMnews]։