Home / Բանտ / ԿԳՄՄ․ կյանք գողերին, մահ մենթերին

ԿԳՄՄ․ կյանք գողերին, մահ մենթերին

Ցմահ դատապարտյալ Յուրի Սարգսյանը JAMnews-ի «Նամակներ բանտից» նախագծի շրջանակներում գրում է բանտերում սեպտեմբերի սկզբի ապստամբության մասին՝ նկարագրելով այդ օրերին  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անցուդարձը, իր տեսած ապստամբություններն ու պատճառները։

«Կյանք՝ գողերին, մահ՝ մենթերին»։ Այս կոչը ազդակ ծառայեց «Նուբարաշեն» բանտում այս տարվա սեպտեմբերի հինգին ապստամբության մեկնարկի համար։ Կոչը էստաֆետայի պես փոխանցվում էր բանտախցից բանտախուց, բայց արդեն առանց դրա երկրորդ մասի, առանց հակառակորդներին մահ ցանկանալու։ «Կյանք՝ գողերին» արտահայտության պատասխանը «Ամեն» բացականչությանը հավասարազոր «Հավետն» էր։ Կատաղի գոռգոռոցները զուգակցվում էին հարվածներով դռանը և պահանջներով, որոնք պարզ չէին լսվում։

Ավելի ուշ, երբ դատապարտյալներից կազմված սպասարկող անձակազմի փոխարեն ընթրիքը բաժանում էին արդարադատության՝ սպիտակ խալաթներով սպաները, մենք հասկացանք իրավիճակի լրջությունը։ Չէ՞ որ սպասարկողներն աշխատավարձ են ստանում պետությունից, սակայն այսօր նրանք էլ են դեմ գնացել իրենց գործատուին։

Պարզվեց, որ «զոն նայողներին» դուր չէր եկել Հայաստանի Քրեական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների նախագիծը։ Ըստ նախագծի՝ առաջարկվում էր քրեական հետապնդում մտցնել գողական համայնքին պատկանելու համար միայն։ Եվ նրանք որոշել էին իշխանություններին ցույց տալ, «թե ով է տանտերը»։

Սակայն ապստամբությունն աղմկահարույց և երկարատև չէր։ Ազատության մեջ գտնվող աջակցության խմբին, որը հանցագործներից էր կազմված և որն արգելափակել էր բանտի մուտքը, վախեցրին ժամանակին տեղ հասած ոստիկանները։ Իսկ հինգհարկանի հաստատությունից ցույցին սատարեցին միայն երրորդ և չորրորդ հարկի «բնակիչները»։

Առաջինում տուգանված և կարանտին անցնող բանտարկյալներն են։ Երկրորդում վերանորոգում է, և այն փակ է։ Հինգում մենք ենք՝ բարձրագույն պատժամիջոցի դատապարտվածները, և մասնակցությունն ապստամբությանը կարող է մեզ զրկել ազատությունից, ավելի ճիշտ՝ ազատ արձակվելու խաբուսիկ հույսից։

Սովորաբար բանտային ապստամբությունը սեփական արժանապատվության զգացումը պաշտպանելու բանտարկյալների փորձ է՝ չնայած սոցիալական հատակին գտնվելու փաստին, որի հետ ստիպված են համակերպվել։ Հիշում եմ իմ բանտային ոդիսականի առաջին ապստամբությունը Վրաստանի ՆԳՆ վարչության նկուղներում։ Այնտեղ պատճառն այլ էր․ հարցաքննությունից յոթանասունամյա մի ծերունու էին բերել՝ գիտակցությունը կորցնելու աստիճան ծեծված։ Ցանկացած ամենաթողության դեմ մարդու բողոքն արդար է և արդարացված։ Այն ժամանակ ես, բռնկված ընդհանուր վրդովմունքով, առանց մտածելու միացա պայքարին։

Մենք կոտրում էինք այն ամենն, ինչ կոտրվում էր։ Զինվում էինք այն ամենով, ինչը կարող էր որպես զենք ծառայել։ Արգելափակում էինք բանտախցերի դռներն ինչով պատահի։ Մեկը մյուսի վրա էինք լցնում բոլոր մեր ներքնակները՝ մտադրվելով անհրաժեշտության դեպքում այրել դրանք։ Ոմանք սրում էին ալյումինե ափսեների պռունկները։

Բանտարկյալի վրա թանկ են նստում սեփական մեղքերը։ Այդ պատճառով էլ անհանդուրժողականությունն անպատիժ հանցանք գործող բանտապանների նկատմամբ ծայրահեղ ձևեր է ընդունում։ Բանտը պատրաստվում էր հատուկ ջոկատայինների հնարավոր գրոհին հակազդելուն։ Սակայն, փառք Աստծո, Թբիլիսում ամեն ինչ լավ ավարտվեց։ Վարչակազմը խոստացավ հետևել հարցաքննությունների անցկացման օրինականությանը։

2000թ-ի սկզբին նմանատիպ պատճառով ապստամբություն էր նախապատրաստվում արդեն այստեղ՝ Նուբարաշենի բանտում։ Հաղորդագրություն կար երեք օրենքով գողերից՝ բոլոր իննսուն բանտախուց ուղարկված երկտողեր, որոնցում ասվում էր, որ հրաժարվենք սննդից, դռների դիմաց բարիկադներ սարքենք և ներս չթողնենք բանտապաններին։ Վարչակազմից պահանջում էին դադարեցնել ապօրինի դրամահավաքները, որոնք շորթվում էին ցանկացած առիթով՝ ամենաանշան զանցանքների համար, և դադարել ծեծել բանտարկյալներին պատժախցում։

Իսկական ապստամբության բանը չհասավ։ Գողերին փոխադրեցին Պետական անվտագության կոմիտեի նկուղ։ Իշխանությունները որոշակի զիջումների գնացին։ Եվ դրանով ամեն ինչ հանդարտվեց։

Այնպիսի ապստամբություններ էլ էին լինում, երբ մենք պարզապես մոլեգնում էինք՝ չիմանալով պատճառները։ Լսում էինք բանտարկյալների բղավոցները, մետաղական դռներին և ճաղավանդակներին ալյումինե սպասքի հարվածները և նույնպես սկսում էինք մոլեգնել։ Կուտակված նեգատիվը ելք էր փնտրում, և մենք միայն օգտվում էինք առիթից։

Այդպես էր «Գորիս» բանտում։ Արդեն ապստամբություն ավարտից հետո իմացանք, որ բանտարկյալների մի մասը բողոքում էր «զոն նայողի» փոխադրման դեմ։ Նրանք, իհարկե, ոչնչի չհասան։ Փոխարենը պատի մեջ խրված մետաղաձողը շարժվել էր և հեշտությամբ ճանապարհ բացել դեպի ազատություն, որից հետագայում օգտվեցին մյուս բանտարկյալները։

Այս տարվա սեպտեմբերի հինգի հուզումներին էլ շատ բանտարկյալներ միացան ոչ այնքան գաղափարական նկատառումներից։ Ինչ-որ մեկը միացել էր ապստամբությանը՝ կուտակված նեգատիվից ազատվելու անգիտակցական ցանկության պատճառով։ Ոմանք ենթարկվել էին «զոն նայողի» ճնշմանը կամ սատարել ապստամբությանը հոգեբանական բնույթի այլ նկատառումներով։

Առավել հետաքրքիր է մեկ այլ ան։ Ինչո՞ւ այդ ապստամբությունն ընդհանրապես հնարավոր եղավ։

Կարծում եմ, որ այն սադրել էր վարչակազմը, որն իր խնամակալների բարոյական պատկերի համար պատասխանատվությունը դրել է հեղինակավոր հանցագործների վրա։ Դժվար չէ կռահել, թե ինչ մեթոդներով է դա արվել։ Եվ ինչու է հանցագործ աշխարհի հանդեպ վախն ավելի ուժեղ, քան օրենքի առջև վախը, քան պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու ցանկությունը։

Բանտարկյալների ութսուն տոկոսը ոչ մի կապ չունի գողական աշխարհի հետ, սակայն ստիպված է ապրել դրա կանոններով՝ պատժի վախից ելնելով։ Վախը նույնիսկ նորմալ մարդկանց է ստիպում իրենց պահել պաթոլոգիկ, սովորական վարքագծին ոչ բնորոշ կերպով։

Այսօր շատ բանտապաններ կասկածում են, որ կարող են քրեակատարողական հաստատություններում իրավիճակը վերահսկել առանց օրենքով գողերի։ Ենթադրում են, որ նրանց փոխարեն առանձին խմբավորումներ կհայտնվեն, որոնք դժվար կլինի վերահսկել։ Եվ այդ մտավախություններն անհիմն չեն․ սուրբ տեղը դատարկ չի մնում։ Եթե քրեակատարողական հաստատությունների վարչակազմը չզբաղվի դատապարտյալների դաստիարակչական աշխատանքով, ապա դրանով կզբաղվեն առավել նախաձեռնող դատապարտյալները։ Սակայն հաստատ՝ ոչ ի շահ հասարակության։

ԿԳՄՄ հապավումը (կյանք՝ գողերին, մահ՝ մենթերին) զարդարում է բոլոր զբոսանքային բանտախցերի պատերը։ Այս կարգախոսն ընդունված է վանկարկել նաև գողական «ավարի» բաշխման ժամանակ։ Օրենքի սպասավորների մահվան կոչը ցնցում է մռայլ միջանցքները շաբաթական մի քանի անգամ։ Բանտի աշխատակիցները վախենում են և չեն միջամտում։ Վեց-յոթ տարի առաջ նման լպիրշություն դժվար էր պատկերացնել։ Սակայն չարի ոտքը կարճ է, իսկ բարին միշտ հաղթում է։ Աստված է դա սովորեցնում, ինձ դա սովորեցրել է իմ սեփական կենսափորձը։