Անկախության տոնը՝ սեպտեմբերի 21-ը նշվեց Հայաստանի բանտերում։ Ըստ Քրեակատարողական ծառայության նախօրեին տարածած հաղորդագրության, միջոցառումները սպորտային էին, մշակութային և երաժշտական:
Վանաձորի բանտի գրադարանում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել էր ստեղծագործող դատապարտյալների աշխատանքների ցուցադրման տաղավար, որտեղ ներկայացվել էին դատապարտյալ Ռաֆիկ Հախվերդյանի աշխատանքները` նկարների ձևավորմամբ հուշանվերների պատրաստում: Հախվերդյանն իր իսկ նախաձեռնությամբ ցուցադրված աշխատանքները նվիրաբերելու է վարչական տարածքում առկա բաց ցուցահանդես-տաղավարին:
«Սևան» ՔԿՀ-ում Անկախության տոնին նվիրված կազմակերպվել էր սպորտային շաբաթ՝ մարզային տարբեր խաղերով՝ ֆուտբոլ, շախմատ, բիլիարդ, ձեռքի ուժ և այլն:
«Աշխարհի հայտնի կանայք» թեմայով Աբովյանի կալանավայրի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ և «Ինքնագործ մշակութային միավորման» խմբի կին դատապարտյալների մասնակցությամբ անցկացվել էր թեմատիկ քննարկում, որից հետո տոնական տրամադրությունը շարունակվել էր դահլիճում․ ազատազրկված կանայք ազգագրական երգ ու պարով, ասմունքով շնորհավորեցին Անկախության 29-ամյակը, նշված է հաղորդագրության մեջ։