Home / Դատարան / Միքայել Մինասյանին կկալանավորեն

Միքայել Մինասյանին կկալանավորեն

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի երկու միջնորդություն, Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը. նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախկինում ներկայացված միջնորդությունները մերժվել էին բացառապես քրեադատավարական ընթացակարգային նորմերի հիման վրա։

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ սեպտեմբերի 22-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ բավարարվել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝  Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, քրեական գործով մեղադրյալ Միքայել Արայի Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

– Կոմիտեն հարկ է համարում նշել, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախկինում ներկայացված միջնորդությունները մերժվել էին բացառապես քրեադատավարական ընթացակարգային նորմերի հիման վրա, և դրանց ընթացքում դատարանների կողմից քննության առարկա չէին դարձել և անդրադարձ չէր կատարվել Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածին և կալանավորման հիմքերին, բացառությամբ 06.05.2020թ.-ի դատական ակտի, որով քննարկվել և վերլուծվել էր Մինասյանին մեղսագրվող մեղադրանքի հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը, որը դատարանի կողմից գնահատվել էր իրավաչափ: Սակայն հիշյալ դատական ակտը, պաշտպանական կողմի բողոքի հիման վրա, բեկանվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից և ուղարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Ընդ որում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կրկին քննարկման առարկա չէին դարձել մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքները և կալանավորման հիմքերը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վերը նշված գործընթացներին զուգահեռ շարունակվել է նաև քրեական գործի նախաքննությունը որի ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ սեպտեմբերի 3-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը փոփոխելու և լրացնելու մասին, ու նույն օրը Մինասյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը), երկու դրվագ), 310-րդ հոդվածով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հինգ դրվագ), որից հետո մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նոր միջնորդություն է ներկայացվել դատարան, ինչը, ինչպես արդեն վերը նշվել է, բավարարվել է դատարանի սեպտեմբերի 22-ի որոշմամբ:

– Բացի այդ՝ քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ հանրորեն վտանգավոր որոշակի արարքներ Մինասյանը կատարել է իր մտերիմ անձանցից Լեոնիդ Էդուարդի Արևշատյանի օժանդակությամբ, ով հանդիսացել է Մինասյանին պատկանող կազմակերպությունների փաստացի ղեկավարն ու դրանց գործունեության կոորդինատորը: Քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-310-րդ հոդվածով, 38-310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314.3-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը նույնպես բավարարվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։