«Վեոն» ընկերությունը, որին պատկանում է «Բիլայն» ապրանքանիշը, դադարեցրել է «Յուքոմ» ընկերության հետ միավորման հնարավոր գործարքի շուրջ բանակցությունները։ Բանակցությունները, հիշեցնենք, սկսվել էին 2020 թվակամի հունվարի 15-ից:
Ավելի ուշ՝ ապրիլի ապրիլի 10-ին հայտնի էր դարձել, որ «Յուքոմի» հիմնադիրներ և մոտ 6 տոկոսի բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները և հարյուրավոր աշխատակիցներ, այդ թվում՝ գրեթե ամբողջ ղեկավար անձնակազմը ու տեխնիկական թիմը, աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել, երբ իմացել են ընկերության խոշոր բաժնետերերի և «Բիլայնի» տնօրեն Անդրեյ Պյատախինի միջև ստվերային պայմանավորվածությունների մասին։ «Բիլայնի» գործադիր տնօրենը «Յուքոմի» սեփականատերերին փոխանցել է իր ղեկավարած ընկերության ներքին՝ կոմերցիոն գաղտնիք հանդիսացող տեղեկությունները՝ ակնկալելով, որ «Յուքոմի» և «Բիլայնի» միացումից հետո կմնա գործադիր տնօրեն, ինչի հետ կտրուկ համաձայն չեն եղել «Յուքոմի» հիմնադիրները։
Epress.am-ն անանուն զրուցել էր «Յուքոմի» աշխատակիցների հետ, որոնք տեղեկացրել էին նաև, որ ստեղծված իրավիճակի վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև Հայաստանի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը (այս պահին հետախուզման մեջ է), որին դե ֆակտո պատկանում է ընկերության բաժնետոմսերի մի մասը և որը ընկերության կառավարման խորհդում ներկայացված է ի դեմս ֆինանսիստ Ահարոն Լևոնյանի։
Հիշեցնենք, որ Յուքոմի բաժնեմասերի գերակշիռ մասը՝ 76,8 տոկոսը, պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար, 2019 թվականից կալանավորված Գագիկ Խաչատրյանի ընտանիքին․ 29 տոկոսը պատկանում է օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան Կղզիներում թաքնվող Խաչատրյանների «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, նախկին նախարարի որդիներ Գուրգեն (մայսիսի 4-ից հետախուզման մեջ է) և Արտյոմ Խաչատրյաններից յուրաքանչյուրը տնօրինում է 11,9 տոկոս բաժնեմասը, նրանց հորեղբոր որդուն՝ Արամ Խաչատրյանին է պատկանում 24 տոկոսը։
Ապրիլի 28-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր Խաչատրյանների ունեցվածքին և «Յուքոմում» ունեցած փայաբաժնին և նշել էր, որ, ըստ կառավարության տեղեկությունների, Յուքոմում «կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը», ով Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի իրական սեփականատերն է:
Խաչատրյանների բաժնեմասերի վրա մարտի 27-ից կալանք է դրվել։
«Յուքոմի» բաժենմասերի 10 տոկոսը պատկանում է ռուսաստանյան միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ին, 6 տոկոսը՝ նրա քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին։