Ղարաբաղի հարցի որևէ լուծում չի կարող գործնականում լուծում դառնալ, եթե այն ընդունելի չէ Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում` երկու երկրների խորհրդարանների համար։ Ազգային ժողովում Կառավարության 2019 թվականի կատարողականի քննարկման ընթացքում՝ արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովրի վերջին հայտարարարությունների առնչությամբ հարցին, այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանի ոչ մի ղեկավար Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ այդքան հաճախ դիրքորոշում չի հայտնել, որքան ինքը․ «Հայաստանի ոչ մի ղեկավար [Ղարաբաղի հարցում] հրապարակային և թափանցիկ չի եղել այնքան, ինչքան ես եմ եղել: Իմ դիրքորոշումները, Կառավարության դիրքորոշումները գոյություն ունեն այնքանով, ինչքանով դրանք մե՛ր դիրքորոշումներն են, իսկ մեր դիրքորոշումը գոյություն ունի` անկախ նրանից, թե աշխարհում էլ ուրիշ ինչ դիրքորոշումներ գոյություն ունեն», – ասել է Փաշինյանը:
Նա նշել է՝ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի և Ղարաբաղի ժողովուրդների և խորհրդարանների համար, չի կարող հակամարտության լուծման որևէ տարբերակ գոյություն ունենալ և չքննարկվել Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգության խորհուրդներում և Ազգային ժողովներում: «Եթե անգամ նախկինում եղել են իշխանություններ, որոնք մտածել են, որ կստորագրեն ու կտանեն լուծում կտան, նրանք գերագնահատել են իրենց ուժերը: Առանց ձեզ չի կարող լուծում լինել, եթե լուծումը լինելու է այս գումարման խորհրդարանում»։
Վարչապետը հավելել է, որ նախկինում հայտնած իր դիրքորոշումներում «ոչ մի ստորակետ ոչ պակասացնելու, ոչ ավելացնելու» անհրաժեշտություն չի տեսնում․ «Այս ամենն ունի ռիսկեր, բայց ընտրության հարց է․ մենք ի՞նչ ենք ուզում որպես երկիր, ինչպե՞ս ենք ուզում դիրքավորվել, ուզում ենք ձեռքներս գլխներիս պահած դիրքավորվե՞լ, որ մի խփեք մեզ, թե՞ դիրքավորվել որպես մի երկիր, որը անհրաժեշտության դեպքում կարող է ընդունել հարվածներ և անհրաժեշտության դեպքում՝ տալ նաև հակահարվածներ», – նշել է Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքին։ Ըստ նրա, հայկական դիվանագետներն այս մոտեցումը եթե անգամ որդեգրել և իրականացնում են, ապա՝ միայն մասնակիորեն․ «Ներողություն խնդրելով դիվանագիտական կորպուսից, պետք է ասեմ․ իսկ դիվանագիտական կորպուսն այս դիրքորոշումը լիարժեք որդեգրել և լիարժեք իրականացնո՞ւմ է։ Ոչ։ Արդյո՞ք ասում եմ, թե ոչ մեկ չի ընդունում։ Դա էլ չեմ ասում: Շատ պրոֆեսիոնալ հատված դա ընդունում է, բայց կա մի հատված, որ տեսնում եմ` իրենք սովոր են հին ռեժիմում աշխատել, սովոր են, որ պետք է վիզը ծռել, հնարավորինս խեղճացած, կռացած գնալ ու բոլորից ինչ-որ բան աղերսել, փշրանք ստանալ ու լինել երջանիկ: Սա իմ գնահատականն է իրավիճակին, բազմաթիվ կոնկրետ օրինակներով գիտեմ, տեսել եմ, վերապրել եմ, նաև ցավով»,-եզրափակել Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ապրիլի 21-ին հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կողմերն այժմ քննարկում են նախագծեր (այդ թվում՝ ներկայացված մոտ մեկ տարի Մոսկվայում), որոնք առաջարկում են հակամարտության կարգավորման փուլային մոտեցում։ «Առաջին փուլում պետք է լուծվեն առավել հրատապ հարցերը՝ ազատագրվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ, ապաշրջափակվեն տրանսպորտային, տնտեսական ու հաղորդակցության այլ միջոցներ», – ասել էր Ռուսաստանի արտգործնախարարը։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ի պատասխան նշել էր, որ Լավրովի հիշատակած տարբերակն բանակցային սեղանի փաստաթուղթ չէ։ «Անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ [տարածքային] զիջումների, որոնք կարող են կրկին վտանգել Արցախի բնակչության անվտանգությունը», – նշել էր Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն փողզիջումների միջոցով, իսկ զիջումներ «չեն եղել և չեն լինելու»։