Home / Ազգային ժողով / Ուզո՞ւմ եք սոցիալական բունտ, հրահրե՛ք սոցիալական բունտ․ Փաշինյան

Ուզո՞ւմ եք սոցիալական բունտ, հրահրե՛ք սոցիալական բունտ․ Փաշինյան

«Ընդամենը մեկ ամիս առաջ ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունը, որը հետևում է ազատությունների իրավիճակին, արձանագրեց, որ իր զեկույցների ողջ պատմության ընթացքում Հայաստանն արձանագրել է երկամյա ամենաբարձր առաջընթացը ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության ոլորտում։

Մեզ էսօր ասում են խոսքի ազատության սահմանափակումներից», – Ազգային ժողովի ամբիոնից այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ այնուհետև անդրադարձել մի շարք հարցերի։ Օրինակ, նա խնդրեց ասել, թե երրորդ հանրապետության պատմության մեջ ե՞րբ կար մի իրավիճակ, երբ առնվազն երեք-չորս, եթե ոչ՝ չորս-հինգ, վեց-յոթ հեռուստաալիքով ելույթ են ունենում քաղաքական դիակներ՝ գարշահոտություն տարածելով երկրով մեկ։

«Եկեք նայենք, թե Հայաստանում խոսքի ազատության ի՞նչ մակարդակ կա և ի՞նչպես է այն օգտագործվում։

Ելնելով այն կանխավարկածից, որ համաճարակը համազգային հարց է, հո կառավարություն-ընդդիմություն հարց չի, մենք հանեցինք խոսքի ազատության սահմանափակումը՝ կորոնավիրուսի հետ կապված։ Եվ տեսեք, թե ինչ սկսվեց դրանից հետո։

Այ որ ասում են՝ ի՞նչ եք արել սխալ։ Այ է՛դ ենք արել սխալ։

Մարդկանց էսօր էդ մամուլը, էդ սոցիալական ցանցերի ազատությունը, (որից մենք չենք պատրաստվում հրաժարվել, բայց մենք չենք հրաժարվում բարձրաձայնել էդ մասին), մարդկանց մղում են մահվան։

Ընդ որում, մարդկանց մղում են մահվան էդ իմ ասած գարշահոտությունը տարածող ուժերի ֆինանսավորմամբ, որովհետև գարշահոտությունը տարածող ուժերը համարում են, որ ինչքան շատ մարդ վարակվի Հայաստանում կորոնավիրուսով, ինչքան շատ մարդ մահանա, էնքան իրենք ավելի բարձր խոսելու հնարավորություն կունենան։

Այո՛, ասել ենք և ասում ենք․ Հայաստանի Հանրապետությունում կուսակցությունները, լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները պետք է լինեն 100 տոկոսով թափանցիկ, որ էդ ձեր ասած նախկին նախագահ կոչվածներն իրենց թալանած փողերով չբերեն ֆինանսավորեն ֆեյքերի դասակներ, գումարտակներ և այլ լրատվամիջոցների՝ Հայաստանի ժողովրդի նկատմամբ հիբրիդային պատերազմ մղելու համար։

Էս ամբիոնից խոսում են ֆեյքերի մասին էն մարդիկ, ովքեր աշխատավարձերով 3500 ֆեյք ունեն իրենց տիրապետության տակ, որը ղեկավարվում է ԱԺ պատգամավորի կողմից։

Ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում։ Մենք պետք է ժողովդրավարությունը պաշտպանենք ոմանցից, որովհետև ժողովրդավարությունն ամենաթողություն չի, ժողովրդավարությունը պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի՛ կարող մնալ։

Ասում եք՝ քաղաքական հետապնդում։ Տեսել ենք 30 տարի քաղաքական հետապնդում․․․ Էդ որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տալ։ Բա էդ մեզ ինչի՞ չէին հրաժարվում կալանք տալ։ Բա ասեին՝ չէ, չենք կալանավորում։ Վզները կոլորեին հինգ րոպեից․․․ Սեղանի տակից դուրս չէին գալիս։

Առավոտից իրիկուն ճամարտակում եք հակակշիռների և փոխզսպումների մասին։ Հակակշիռն ու փոխզսպումը չորսականի տրակտո՞ր ա, թե՞ հեծանիվ ա»։

Այնուհետև վարչապետը խոսեց մեկ այլ՝ դատարանների խնդրի մասին։ Ըստ նրա՝ պետք է հասկանալ, թե ներկայիս դատավորներն ովքեր են․ «Այո, մենք հրաժարվում ենք դատական համակարգի նկատմամբ ապօրինի ազդեցություններից։ Բայց դա նշանակում ա, որ էդ հին ազդեցության համակարգերը պետք է շարունակեն գործե՞լ։ Ոչ, չե՛ն գործելու։ Թող դրսևորվեն և ցույց տանք՝ ով ով է։

Ինչի՞ մինչև հիմա դատարանների հարցը լուծված չէ։ Մենք չենք ուզել և չենք ուզում խամաճիկային հին համակարգը փոխարինել խամաճիկային նոր համակարգով։ Մենք ուզում ենք, որ երկրում լինի իրական անկախ դատարան»։

«Բարգավաճ Հայաստան»-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսելով, ինչպես նաև մեկնաբանելով տվյալ խբմակցության կողմից նիստը բոյկոտելը, Փաշինյանը նկատեց, որ այս քաղաքական ուժն ինքնաոչնչացվել է․

«Էս ամբիոնից հերքվում է մի բան, որը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները գիտեն՝ առանց բացառության։ Նորությո՞ւն է որևէ մեկի համար, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանել, նորությո՞ւն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրակաշառքով է ընտրվել։

Իրենք այսօր այստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ նրա համար, որ չկան այլևս, որովհետև ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեութուն չի՛ ծավալելու։

Այսօր տեղի է ունենում ամենամեծ բարեփոխումը Հայաստանում․ քաղաքական դաշտի բարեփոխում է տեղի ունենում։ Եվ նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների նման կառավարվել են, այլևս Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չե՛ն ունենալու, և նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետրների են կառավարել, այս քաղաքական դաշտում տեղ չե՛ն ունենալու։

Թույլ տվեք կանխատեսել՝ հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն ու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբաորեն պաշտպանում են 2018 թվականի ոչ բռնի հեղափոխության արժեքները»։

Ինչ վերաբերում է իշխանությանը վերադառնալ ցանկացողներին, վարչապետի խոսքով, կորոնավիրուսի համաճարակը երկնային մանանայի նման թափվել է նրանց գլխին․ «Նրանց թվում է, որ քաղաքական բացիլը վերակենդանանալու շանս է ստացել։

Հիմա եկել, սովերից են խոսում, սոցիալական բունտերից են խոսում։

Այ ժողովուրդ ջան, այդ սոցիալական բունտից, որ խոսում եք, դո՛ւք վախեցեք։ Դա որ էղավ, մենք ի՞նչ ունենք, որ սոցիալական բունտի զոհ դառնանք։ Առաջին հերթին, ձեր ապօրինի կառուցած դղյակները, բենթլիներն են դառնալու սոցիալական բունտի զոհ։

Ուզո՞ւմ եք սոցիալական բունտ, հրահրե՛ք սոցիալական բունտ։ Տեսնենք՝ էդ սոցիալական բունտի արդյունքում դուք որտե՞ղ եք հայտնվելու և ի՞նչ դիրքով»։

Վարչապետը նաև խորհուրդ տվեց ԲՀԿ-ականներին, որոնցից մի քանիսը կորոնավիրուսով է վարակվել (ինչը հայտնի դարձավ իրենց կողմից՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի կազմակերպված հավաքներից հետո), իշխանություններին ոչ թե հանրահավաքներով վախեցնել, այլ, օրինակ, թալանելու կարողությամբ։

«Դուք եկեք, մեզ վախեցրեք ձեր կրթական ցենզով։ Այ վախենալու բան է։ Եկել եք, մեզ հանրահավաքով վախեցնո՞ւմ եք», – շարունակում էր Փաշինյանը ներկաների ծիծաղի ներքո։

Անդրադառնալով իրավական համակարգի՝ կոռուպցիոն և հարակից գործերը պատշաճ չքննելու հարցին, վարչապետը կրկին հիշեց Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանին․

«Մի հոգի կա մեկի ընտանիքից, ասում է՝ ես եմ տղամարդը, կուխնյու սեղանի տակից դուրս չեմ գալիս։ Մի հատ էլ ուրիշներին խորհուրդ է տալիս՝ դո՛ւրս եկեք ֆեյսբուքից և հաղորդակցվեք իրականության հետ․․․ Ա, դու հլը կուխնուց դուրս արի, նոր ուրիշներին ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր»։

Այնուհետև նա վերադարձավ 2019-ի բյուջեի ամենաչկատարված մասին, որն, ըստ կառավարության ղեկավարի, կոռուպցիոն գումարների վերադարձն է․

«Ընդ որում, առաջին հերթին, անվտանգության ոլորտի հետ առնչություն ունի։ Ես նախընտրական շրջանում ասել եմ՝ առաջիկա տարիներին մենք պետք է մեկուկես-երկու միլիարդ դոլար ի վիճակի լինենք դնել Զինված ուժերի և մեր անվտանգության բարձրացման վրա, և այդ գումարները պետք է գոյանան կոռումպացված, գողացված գումարների վերադարձից։

Կոռուպցիոն համակարգն ամենաշատը սիրում է փողը, և նրանք չեն ուզում իրենց փողից հրաժարվել։

Ուզում են մեզ ներքաշել անիմաստ խոսակցության մեջ։ Ասում ենք, օրինակ, «Ձորահեկ»-ը գողացել եք՝ Սերժ Սարգսյանի ընտանիք,  «Սպայկա» ընկերությունով մաքսանենգություն եք արել,  «Հիլթոն» հյուրանոցը ձերն է, «Օպերա Սյութ» հյուրանոցը ձերն է, Հայաստանի լրատվական դաշտը սեփականատերերից, ըստ էության, զոռով խլել եք՝ «Արմենիա»,  «Շանթ», այլ հեռուստաընկերություններ»։

Վարչապետը, բացատրելով, թե ինչո՞ւ են ընդդիմախոսները, մասնավորապես, Մինասյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերներում, կենտրոնանում հատկապես իր ընտանիքի վրա՝ մեղադրելով մաքսանենգությամբ և կոռուպցիայով զբաղվելու մեջ, նա ասել է, որ այդկերպ փորձ է արվում Փաշինյաններից ստանալ իրենց իսկ կերպարը․

«Հասկացել են, որ իրենց կերպարն է հեղափոխության շարժիչ ուժը։ Հիմա քանի որ ուզում են հեղափոխություն անել, ուզում են, որ էդ «ազատ» լրատվամիջոցների ձեռամբ ինձնից կերտեն Սերժ Սարգսյան, իրանց նման մի հատ․․․ չարժի, չէ՞, էդ բառն ասել Ազգային ժողովի ամբիոնից․․․ մի հատ եղկելի կերպար։

Սա՛ է նրանց ամբողջ նպատակը։

Բայց այդ նպատակը չի անցնի, որովհետև․․․ մի հատ շատ հայտնի ռուսական ֆիլմ կա, շատ հայտնի նախադասությամբ՝ ты думаешь, в деньгах сила? Нет, в правде сила. Կարծում ես՝ փողի մե՞ջ է ուժը, ո՛չ, ճշմարտության մեջ է ուժը», – հայտարարել է վարչապետը։