«Արտակարգ դրության ռեժիմի մասին» օրենքով՝ հավաքներ անցկացնել չի կարելի, բայց ո՞վ է ասել, որ էդ պոտենցիալ հավաքի մասնակիցները պիտի պարտադիր դժգոհություն արտահայտեին գործող կառավարությունից։ Ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հանրահավաքի 5 կամ 10, կամ 20, 100 անգամ ավելի մեծ թվով մասնակիցներ դժգոգություն չպիտի արտահայտեին որոշ կոռուպցիոներների գործունեության հետ կապված», – այսօր պարետատան հերթական նիստից հետո ուղիղ եթերում, պատասխանելով, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի թիմակիցների քննադատության մասին հարցին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջիններիս գնահատմամբ, կառավարությունն օգտագործում է կորոնավիրուսով պայմանավորված և արդեն երեք անգամ երկարաձգված արտակարգ դրությունը քաղաքական հարցեր լուծելու համար։
«Կարծում եմ, պետք է շնորհակալ լինեն ոմանք, որ Հայաստանում արտակարգ դրություն է, և հավաքներ անելու հնարավորություն չկա, հակառակ դեպքում, հեղափոխության կոմնակիցներն առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքը կասեին մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց և շրջանակների գործունեության կապակցությամբ։
Թույլ տվեք նաև արձանագրել, որ որոշ այդ կարգի մեկնաբանություններ տվող շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ իրականացնելու իրենց ուժը, որովհետև եթե հանրահավաք ասելով նրանք նկատի ունեն սահմանափակ թվով մարդկանց 10 հազար դրամով հրապարակ բերելը և նրանց հույսը դրա վրա է, ապա նրանց հույսերը շատ արագ կփլուզվեն՝ արտակարգ դրության ժամանակ, թե դրա ավարտից հետո, դա որևէ կապ չունի», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուց և ընտրակաշառք բաժանելու դեպքերով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու փորձից հետո, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Իվետա Տոնոյանը հայտնել էին Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին։ Նրանք ցանկանում են վիճարկել արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը։ Բացի դա, հայտարարեցին կորոնավիրուսի կանխարգելման, հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։