Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, վերադառնալով խորհրդակցական սենյակից որոշեց մերժել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Օլիգարխի պաշտպաններն իրենց դիրքորոշումը կհայտնեն որոշման հիմնավորումներին ծանոթանալուց հետո։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։
Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունն, իսկ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Ազգային ժողովը զրկել էր օլիգարխին պատգամավորական անձեռնմխելիությունից՝ համաձայնություն տալով նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն։
Տվյալ գործով նա մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ Իսկ ընդհանուր առմամբ Ծառուկյանը հիշատակվում է երեք քրեական գործերով։
Մեկ շաբաթ առաջ Ծառուկյանի առանձնատունը խուզարկվեց, իսկ ինքը ժամեր շարունակ հարցաքննվեց ԱԱԾ-ում։
Այս գործընթացի համատեքստում, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի օրերս գրավով ազատ արձակման հետ կապված, Հայաստանի իշխանություններին շարունակում են հիշեցնել դատական համակարգում վեթինգի անհրաժեշտության մասին։