«Եթե երկրի էս վիճակը, համաճարակի տարածումը, այս աղքատությունը, այս տնտեսական, ասենք թե, անկումը, ես եմ մեղավոր, պատճառը ես եմ, ես պատրաստ եմ ինքնակամ գնալու՝ պատիժը կրելու։ Բայց սա, ես նորից եմ ձեզ ասում, իմ համար շատ զարմանալի ա ամեն ինչը, ժողովուրդ ջան։ Ես գնացի, ցտեսություն ձեզ։
Պատմության մեջ չկա՝ այս հոդվածով՝ ընտրակաշառքով, մարդ կալանավորեն», – այս մասին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից դուրս գալով, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը։
Դատարանում այսօր շարունակվեց Ծառուկյանի կալանքի հարցով քննությունը, որի վերաբերյալ որոշումը կհրապարակվի կիրակի օրը։
Նախօրեին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Ծառուկյանի կալանքի հարցի քննության ժամանակ նրա փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Ռոբերտ Պապոյանին, որը, սակայն, մերժվեց։
Ավելի ուշ պաշտպանները լրագրողների հետ շփվեցին։ Վերջիններս, իրենց վստահորդի պես, համոզված են, որ գործը շինծու է, իսկ տեղի ունեցողը՝ քաղաքական հետապնդում։ Ըստ փաստաբանների՝ գործի նյութերում չկա փաստ, որը կհաստատի իրենց վստահորդի մասնակցությունը որևէ գործողությունում։
Նրանցից Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ ԱԺ ներկայացրած միջնորդության մեջ ձևակերպված արարքը խիստ տարբերվում է դատարան ներկայացրած արարքից։
«Երբ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացնում Ազգային ժողովին, այսինքն՝ օրենքի իմաստը նրանում է կայանում, որ յուրաքանչյուր պատգամավոր պետք է իր միջնորդությամբ, դրանում նշված արարքի նկարագրությամբ, իր խոսքով հիմնավորի, որ, այո, էս արարքի պարագայում առկա է անձին անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն։
Բայց ստացվում է, որ այլ ձեևակերպումներով ստանում են համաձայնություն, բայց դատարան ներկայացնում են այլ ձևակերպմամբ միջնորդություն։
Եթե, օրինակ, Ազգային ժողովին ներկայացրել են, թե իբր Գագիկ Ծառուկյանը խմբի կազմում անձամբ նաև կաշառք է տվել, էս դեպքում գրվել է՝ խմբի կազմում տվել է կաշառք։
Իսկ, օրինակ, դատարան ներկայացրած միջնորդության մեջ ասված է՝ ղեկավարել է խումբ, որի շրջանակում տրվել է կաշառք», – ասել է փաստաբանը։
«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ին։
Նա մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու մասին հոդվածով։
Օլիգարխը պնդում է, որ ամբողջ գործընթացը կապված է իր՝ հունիսի 5-ին արված հայտարարությունների հետ։