Հայաստանի արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի Կորոնավիրուսային բաժանմունքում անմարդկային և մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմաններ են: Այս եզրակացության է եկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման խումբը՝ այցելելով հիվանդանոցի «Թոքախտաբանական» մասնաշենքի առաջին հարկի մի հատված, որն առանձնացված է կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների ստացիոնար բուժման համար:
Բաժանմունքում առկա է երկու հիվանդասենյակ և մեկ սանհանգույց: Հիվանդասենյակները կահավորված են հնամաշ և կոտրված կողապահարաններով և երկաթյա մահճակալներով: Հիվանդասենյակների հատակը հնամաշ է, պատերի և առաստաղի ծեփամածիկը՝ թափված: Նույն վիճակն արձանագրվել է նաև միջանցքում:
Կորոնավիրուսային բաժանմունքի սանհանգույցը սանիտարահիգիենիկ խիստ անընդունելի վիճակում է, ունի արժանապատվությունը նվաստացնող ու անմարդկային պայմաններ:
Լվացարանները հնամաշ են և կեղտոտ: Բարձր խոնավության պատճառով սանհանգույցի պատերը բորբոսնած են, իսկ առաստաղի ծեփամածիկը՝ ամբողջությամբ թափված:
Սանհանգույցները կահավորված են ասիական տիպի զուգարաններով, որոնք նույնպես սանիտարահիգիենիկ անթույլատրելի վիճակում են: Սանհանգույցի տեսանելի ջրի խողովակները ժանգոտած են:
Ըստ հաղորդագրության՝ օմբուդսմենի աշխատակազմին տրամադրվել են պարզաբանումներ, որ Դատապարտյալների հիվանդանոցն առաջնորդվում է միայն ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի ապրիլի 7-ի ցուցումով, որը ՔԿՀ մուտք գործած անձանց կարանտինային բաժնում 14 օր պահելուց զատ այլ հստակ կարգավորումներ (սանիտարական կանոններ, դրանց իրականացման ու արձանագրման եղանակներ և դրա համար պատասխանատու անձանց շրջանակ) չի ամրագրում:
Պարզվել է, որ հիվանդանոց մուտք գործող ազատությունից զրկված անձինք չեն մեկուսացվում հիմնարկի կարանտինային բաժանմունքում և անմիջապես տեղաբաշխվում են համապատասխան բաժանմունքում:
Անթույլատրելի է, որ կարանտինային բաժանմունքը շահագործվում է ոչ նպատակային նշանակությամբ, ինչի հետևանքով նաև չի ապահովվում քրեակատարողական հիմնարկ ընդունված անձանց՝ 14-օրյա կանխարգելիչ մեկուսացումը, նշում է ՄԻՊ-ը։
«Նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բնակելի գոտի մուտքի հարևանությամբ տեղադրվել է սանիտարական մշակման տնակ, որն ապահովված է ջրամատակարարմամբ, կոյուղով, լոգարանով, լվացարանով և այլ անհրաժեշտ պարագաներով՝ բժշկական անձնակազմի մուտքի և ելքի ժամանակ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով, սակայն այցի պահին արձանագրվել է, որ այն չի շահագործվում:
Նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման կապակցությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տարածք մուտք գործելիս ջերմաչափում և կանխարգելիչ այլ միջոցառումներ չեն իրականացվում:
Ազատությունից զրկված անձանց շրջանում ջերմաչափումները պարբերական բնույթ չունեն: Ազատությունից զրկված անձինք ջերմաչափվում են՝ ըստ անհրաժեշտության և բժշկական ցուցումի:
Հիմնարկի տարածքում թերություններով են իրականացվում նաև վարակի կանխարգելման այլ միջոցառումներ: Այսպես, այցի ընթացքում արձանագրվել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչական շենքում աշխատակիցների մեծ մասը դիմակներ չեն կրում, չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները, չի իրականացվում ձեռքերի ախտահանում և սոցիալական հեռավորության պահպանում։ Դիմակներ չեն կրել (կամ կրել են ոչ պատշաճ ձևով) նաև բժշկական անձնակազմի որոշ ներկայացուցիչներ:
Քրեակատարողական հիմնարկի որոշ բաժանմունքների միջանցքներում առկա չեն եղել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամաններ: ՔԿՀ-ի մուտքին հարակից և ռեժիմային գոտու պատերին ամրացված ախտահանիչ հեղուկով դիսպենսերները եղել են դատարկ:
Պարզվել է, որ ազատությունից զրկված անձանց բժշկական դիմակներ տրամադրվում են հիմնարկից դուրսբերման դեպքում:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանումը (այսուհետ՝ Ստորաբաժանում) համալրված է եղել ախտահանիչ նյութերով, քլորով և անհատական պաշտպանիչ միջոցներով։ Ինչ վերաբերում է քրեակատարողական ծառայողներին դրանց հասանելիությանը, ապա նրանք օգտվելու հնարավորություն չեն ունեցել ստորաբաժանմանը հատկացված ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներից:
Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը բավարար ջանքեր չի գործադրում աշխատակիցներին ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներով ապահովելու ուղղությամբ:
Քրեակատարողական հիմնարկի տարբեր բաժանմունքների միջանցքներում և բժիշկների աշխատասենյակներում փակցված են եղել նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման վերաբերյալ տեղեկատվական պաստառներ․․․», – մասնավորապես նշվում է օմբուդսմենի հայտարարությունում: