2019 թվականին Պուտինի «չար ոգին• Կրեմլից քշել փորձող շաման Ալեքսանդր Գաբիշևին տեղափոխել են Նովոսիբիրսկի ինտենսիվ հսկողությամբ հոգեբուժական հիվանդանոց, հաղորդում է Новая Газета-ն։ Ըստ շամանի փաստաբան Ալեքսեյ Պրյանիշնիկովի՝ նրան տեղափոխել են սեպտեմբերի 26-ին, սակայն մինչ օրս հայտնի չէր, թե կոնկրետ ուր։
Դեռևս այս տարվա հուլիսին դատարանը վճռել էր, որ Գաբիշևը պետք է հենց ինտենսիվ հսկողությամբ հոգեբուժական հիմնարկ տեղափոխվի, իսկ մինչև վճռի ուժի մեջ մտնելը նրան կալանավորել էին։
Նման հաստատություններն առանձնանում են հատկապես հոգեմետ դեղերի բարձր դոզաներով, որոնց նպատակը տեղաշարժման ունակությունը զգալիորեն սահմանափակելն է։
«Դրանք հատուկ պայմաններ են․ ճաղավանդակներ՝ որտեղ հնարավոր է։Նման ռեժիմի են ուղարկում մարդասպաններ, բռնաբարողների, ծանր և առանձնակի ծանր հանցանք կատարածների», – հուլիսին պատմել էր Պրյանիշնիկովը, ընդգծելով՝ նման հաստատություններում մարդկանց պահման ժամկետ չի սահմանվում։
Արդեն այսօր փաստաբանը Новая Газета-ի հետ զրույցում ասել է, որ Գաբիշևի հետ կապ դեռևս չկա, սակայն այժմ նա փորձում է տեսակցության հնարավորություն ստանալ իր պաշտպանյալի հետ։
2019 թվականի մարտին շամանը հայտարարել էր, որ պատրաստվում է քայլելով հասնել Մոսկվա՝ «Կրեմլից Պուտինի չար ոգին դուրս քշելու համար»։ Քայլարշավի ընթացքում որոշ քաղաքներում Գաբիշևը հանրահավաքներ էր իրականացնում՝ «Այսուհետ Պուտինի խոսքն օրենք չէ՝ ազա՛տ ապրեք» կարգախոսով։ Սեպտեմբերի 19-ին ոստիկանները Գաբիշևին հարկադիր բուժման էին ուղարկել, որից կարճ ժամանակ անց շամանն ազատ էր արձակվել։
Այս տարվա հունվարին Գաբիշևին կրկին ձերբակալել էին։ արշավանքը շարունակելու մտադրության մասին իր հայտարարությունից հետո։ Շամանը նշել էր, որ այս անգամ իրեն կարող են սպանել։