Ռուսաստանցի ստենդափ կոմիկ Իդրակ Միրզալիզադեն «ազգամիջյան թշնամանք հարուցելու» հոդվածով դատապարտվել է վարչական կալանքի՝ 10 օր ժամկետով։
Ռուսական դատարանը վճռել է, որ ադրբեջանցի թալիշի իմպրովիզ-ելույթը, որում նա, անդրադառնալով «ոչ սլավոնական արտաքինով» մարդկանց խնդիրներին, կատակում է ռուսների մասին, զգացմունքներ է վիրավորել և հարուցել թշնամանք։ Կոմիկը մեղքը չի ընդունել, փորձել է բացատրել, որ ծաղրել է ոչ թե ռուսներին, այլ քսենոֆոբիան։ Դատարանը, այնուամենայնիվ, վճռել է կալանավորել Միրզալիզադեին։
Stand-up club-ի փոխանցմամբ՝ դատարանից Միրզալիզադեին երեկ տարել են ձերբակալվածների պահման վայր, հետո՝ վերադարձրել դատարան, հետո՝ կրկին տարել ՁՊՎ և, ի վերջո, կալանավորել։
«Իդրակը սիրում է ճամփորդել և չի դժգոհում», – գրել է ակումբի էջը՝ հավելելով, որ փաստաբանի բողոքարկումը քննվելու է վաղն առավոտյան։
Ավելի վաղ Միրզալիզադեն պատմել էր, որ իր խոսքերը՝ կտրված կոնտեքստից, տարածվել են ազգայնական լրատվականների և Կրեմլի անվանի բարձրախոսների՝ մասնավորապես Վլադիմիր Սոլովյովի կողմից, ինչին հաջորդել են հազարավոր սպառնալիքներ ու հաշվեհարդարի առնվազն մեկ փորձ։