Home / Հայաստան / Հայաստանի դեմոկրատացումն ու «պոպուլիզմի» հակափաստարկը  

Հայաստանի դեմոկրատացումն ու «պոպուլիզմի» հակափաստարկը  

2021 թվականին Հայաստանն անցկացրեց իր եռեսունամյա պատմության ամենամրցակցային ու ամենադեմոկրատական ընտրությունները, ինչը 2018-ի հեղափոխությամբ Հայաստանում սկիզբ դրված դեմոկրատացման գործընթացի տրամաբանական շարունակությունն էր։ Հայաստանի դեմոկրատացման փաստը, սակայն, չեն ընդունում ոչ միայն որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այլև՝ որոշ անկախ հետազոտողներ։ Այս հոդվածում ցույց կտրվի, որ Հայաստանը, իսկապես, դեմոկրատանում է, և հակառակ պնդումներն անհիմն են։ 

Ընտրություններ

Մինչև հեղափոխությունը իշխանության պատկանելիության հարցը, առնվազն ֆորմալ իմաստով, որոշվում էր նախագահական ընտրություններով, հեղափոխությունից հետո՝ խորհրդարանական։ Բոլոր այս ընտրությունները, բացառությամբ 2021-ի խորհրդարանական ընտրությունների, կա՛մ եղել են դեմոկրատական, բայց ոչ մրցակցային1 (1991-ի նախագահականը և 2018-ի խորհրդարանականը), կա՛մ էլ պարզապես կեղծվել են (մինչհեղափոխական շրջանի մյուս ընտրությունները)։ Առնվազն երեք հանգամանք հաստատում են այս պնդումը։ Առաջին՝ ԵԱՀԿ դիտորդների զեկույցները, երկրորդ՝ հետընտրական լուրջ գործընթացների առկայություն-բացակայությունը և երրորդ՝ ընտրությունների արդյունքների վիճակագրական վերլուծությունները։ 

ԵԱՀԿ դիտորդները 1996, 1998 և 2003 թվականի նախագահական ընտրությունները ուղիղ տեքստով համարել են ոչ դեմոկրատական և միջազգային ստանդարտներին չհամապատասխանող2։ 2008 և 2013 թվականի ընտրությունների գնահատականը համեմատաբար մեղմ էր, բայց շեշտվում էր, որ եղել են կարևոր հանգամանքներ (ձայների հաշվարկն ու քվեարկությանն հաջորդող գործընթացները՝ 2008-ին, վարչական ռեսուրսների օգտագործումն ու ընտրողներին ահաբեկելը՝ 2013-ին), որոնք չեն համապատասխանել դեմոկրատական չափանիշներին3։ Միայն 2018-ի և 2021-ի խորհրդարանական ընտրություններն են ուղիղ տեքստով գնահատվել դեմոկրատական, թեև մատնանշվել են նաև որոշ թերություններ4։ 

Մյուս հանգամանքը վերաբերում է հետընտրական գործընթացներին։ Մինչհեղափոխական շրջանի բոլոր նախագահական ընտրությունները (բացառությամբ 1991-ի) ուղեկցվել են լուրջ հետընտրական ընդվզումներով, ինչը չի եղել հետհեղափոխական շրջանի խորհրդարանական ընտրությունների պարագայում։  

Երրորդ հանգամանքը ընտրությունների արդյունքների վիճակագրական վերլուծություններն են։ Ի տարբերություն հետհեղափոխական խորհրդարանական ընտրությունների՝ մինչհեղափոխական նախագահական ընտրություններում ձայների նորմալ  բաշխում չի եղել։ Օրինակ՝ այն տեղամասերում, որտեղ արձանագրվել է անսովոր բարձր մասնակցություն, անհամամասնորեն բարձր է եղել նաև իշխանության թեկնածուի ձայների թիվը։ էականորեն տարբերվել են նաև չվերահսկվող և  վերահսկվող (օրինակ՝ դիտորդների կողմից) տեղամասերի քվեարկության արդյունքները։ Այս ամենը լցոնումների մասին վկայություն է։ Հետհեղափոխական ընտրություններում նման աղճատումներ չեն արձանագրվել5։

Դեմոկրատիայի և ազատությունների ինդեքսները

Ընտրությունները դեմոկրատական ամենակարևոր ինստիտուտներից են (եթե ոչ՝ ամենակարևորը)։ Միայն այս ինստիտուտի կայացումը արդեն բավարար է՝ պնդելու համար, որ հեղափոխությունից հետո Հայաստանը դեմոկրատացվում է։ Այնուամենայնիվ՝ հեղափոխությունից հետո Հայաստանում առաջընթաց է արձանագրվել նաև խոսքի ու հավաքների ազատության բնագավառում։ Դրա  վկայություններից են, օրինակ, ընդգծված ընդդիմադիր հեռուստաալիքների առկայությունը հեղափոխությունից հետո և այն, որ ոստիկանությունը 2021-ի սկզբին ուժ չկիրառեց մոտ մեկ ամիս Բաղրամյան պողոտան փակած  փոքրաթիվ ցուցարարների նկատմամբ։  

Ինչպես երևում է The Economist Intelligence Unit-ի հրապարակած դեմոկրատիայի ինդեքսից, երկար տարիներ մոտ 4 միավոր ունեցող Հայաստանը հեղափոխությունից հետո նկատելի առաջընթաց է արձանագրել՝ գերազանցելով 5 միավորը․

Freedom House -ի գլոբալ ազատության ցուցիչը, որն ավելի շատ շեշտադրում է ազատությունները (քան թե դեմոկրատիան), ևս նմանատիպ պատկեր է արձանագրել6

«Պոպուլիզմի» հակափաստարկը 

Հայաստանի դեմոկրատացման մասին պնդմանը որպես հակափաստարկ բերվում է այն, որ Հայաստանի գործող իշխանությունը պոպուլիստական է, հետևաբար՝ խոսք չի կարող լինել դեմոկրատական ինստիտուտների կառուցման մասին։ Օրինակ, ըստ փիլիսոփա Աշոտ Ոսկանյանի, հեղափոխությունից հետո գործ ունենք ոչ թե դեմոկրատիայի կառուցման, այլ «անսահման պոպուլիզմի և «զրկվածների» ressentiment7 անխնա շահագործման վրա կառուցված ռեժիմ»-ի և «համաշխարհային պատմությունից քաջ հայտնի վտանգավոր մոդել»-ի հետ, «որում ժողովրդական զանգվածների և նրանց իղձերին (համա)պատասխանող առաջնորդի հաղորդակցումն իրականացվում է անմիջականորեն, հուզական մակարդակով՝ շրջանցելով հասարակական ինստիտուտները և հնից մնացած «էլիտաներին»»8։ Այս փաստարկը մի քանի սխալ ենթադրությունների ու հետևությունների վրա է հիմնված։ 

Առաջին սխալը կապված է պոպուլիզմ բառի կիրառման շփոթեցնող կոնտեքստների հետ։ Պոպուլիզմը պարտադիր չէ, որ հանդես գա որպես դեմոկրատիային հակառակվող երևույթ, այն կարող է նաև դեմոկրատական լինել։ Այսպես, պոպուլիզմ է է համարվում, երբ հասարակությունը բաժանվում է երկու միատարր ու հակադիր ճամբարների, երբ առանձնացվում են «մաքուր ժողովուրդն» ու «փչացած էլիտաները»9 և շեշտվում է, որ քաղաքականությունը պետք է լինի ժողովրդի համընդհանուր կամքի արտահայտությունը։ Բացարձակ միապետություններում և ավտորիտար երկրներում տեղի ունեցած դեմոկրատական հեղափոխությունները (ներառյալ Ֆրանսիական հեղափոխությունը) արվել են նման բաժանման և հակադրության միջոցով՝ զուգակցված հուզականության չափազանց բարձր աստիճանով։ Որովհետև ուժեղ և կարծրացած ավտորիտարիզմի դեմ հաջողության կարելի է հասնել՝ լայն և տարասեռ հասարակական խմբերին որպես համասեռ միավոր համախմբելու միջոցով՝ ընդդեմ  իշխող (ավտորիտար) էլիտայի։ 

Ավելին, որոշ տեսաբաններ, օրինակ՝ Լուրենս Գուդվինը, Էռնեստո Լակլաուն, Շանթել Մուֆը, ինչպես նաև ԱՄՆ-ի պատմությունն ուսումնասիրող շատ պատմաբաններ, պոպուլիզմը համարում են դեմոկրատական քաղաքականության անբաժանելի մասը։ Ըստ այս մոտեցման՝ պոպուլիզմը, առնվազն Լատինական Ամերիկայի պարագայում, ծառայում է հանրության տարբեր խմբերին քաղաքականության մեջ ներգրավելու և նույնիսկ ազատագրելու նպատակին, ինչը հենց դեմոկրատական քաղաքականության հենքն է10։ Հիմնվելով պոպուլիզմը դրական ու դեմոկրատական երևույթ համարող արգենտինացի Լակլաուի մոտեցումների վրա՝ արվեստի քննադատ Վարդան Ջալոյանը 2018-ի հայկական հեղափոխությունը բնորոշում է որպես պոպուլիստական հեղափոխություն11։ Կարծում եմ՝ դեմոկրատական հեղափոխություն տերմինն ամեն դեպքում առավել ճշգրիտ է, թեև Լակլաուի տեսակետից էական տարբերություն չկա՝ «պոպուլիստական», թե՞ «դեմոկրատական» կբնորոշենք այն։    

Կարճ ասած՝ (կիսա)ավտորիտար երկրներում, որտեղ չկան լիբերալ-դեմոկրատական ինստիտուտներ, պոպուլիզմը կարող է լինել դեմոկրատական և դեմոկրատացնող, ոչ թե դեմոկրատիային հակառակվող։ Հայաստանը մինչև 2018-ի հեղափոխությունը կիսաավտորիտար՝ քրեաօլիգարխիկ պետություն էր, և այդ փաստը ընդունում է ինչպես Ոսկանյանը, այնպես էլ՝ մյուս անկախ հայ հետազոտողները։ Ըստ քաղաքական տեսաբան Մանվել Սարգսյանի՝ քրեօլիգարխիկ համակարգի պայմաններում գործող ինստիտուտներից շատերը (հատկապես՝ եկեղեցին) ծառայում էին օլիգարխիային լեգիտիմացնելու և հանրության լայն խմբերից պաշտպանելու նպատակին12։ Հեղափոխությունից հետո այդ հին ինստիտուտներին ու «էլիտային» շրջանցելը, հետևաբար, գոնե սկզբնական շրջանում, ոչ միայն տրամաբանական է, այլև՝ (դեմոկրատական ինստիտուտների կայացման տեսանկյունից) ցանկալի։     

Այնուամենայնիվ՝ երբ գործ ունենք արդեն (քիչ թե շատ) կայացած լիբերալ-դեմոկրատական ինստիտուտներով պետությունների հետ, որտեղ առնվազն ազատ ընտրության ինստիտուտը լիարժեք աշխատում է, պուպուլիզմը ավելի շատ բացասական և հակադեմոկրատական, քան դրական և դեմոկրատական երևույթ կարող է համարվել։ Քանի որ Արևմուտքի պետությունները կայացած լիբերալ-դեմոկրատիաներ են,  ժամանակակից Արևմուտքի ակադեմիական և քաղաքական շրջանակներում պոպուլիզմը հենց այսպիսի՝ հակադեմոկրատական իմաստով է ընկալվում, ասոցացված նաև ծայրահեղ ազգայնականության, իսլամաֆոբիայի, հոմոֆոբիայի և այլ բացասական երևույթների հետ։  

Բանն այն է, որ կայացած լիբերալ-դեմոկրատիաներին բնորոշ է հանրության բազմազանության (այդ թվում՝ «էլիտաների» ներսում), ինչպես նաև ինստիտուտների ու խնդիրների բարդության մի այնպիսի մակարդակ, որտեղ արժեքային տեսակետից դատապարտելի, իսկ գործնականում՝ գրեթե անհնար է հարցեր լուծել պոպուլիստական պարզունակ բաժանումների (էլիտա-ժողովուրդ) կամ պարզ լուծումների (վտարել մուսուլմաններին, դուրս գալ ԵՄ-ից և այլն) միջոցով։ Նման բարդությունից ու բազմազանությունից Հայաստանը դեռևս շատ հեռու  է, և տասնամյակներ են պետք, որ Հայաստանում լիբերալ-դեմոկրատական ինստիտուտները լիարժեք կայանան (եթե երբևէ կայանան)։ 2018-ի հեղափոխությամբ ընդամենը դեմոկրատացման գործընթացի սկիզբն է դրվել։ Պատահական չէ, որ The Economist Intelligence Unit-ը Հայաստանը դեռևս համարում է հիբրիդային (և ոչ թե դեմոկրատական) պետություն13։                 

Երկրորդ սխալը, որ բնորոշ է «Փաշինյանը պոպուլիստ է, հետևաբար խոսք չի կարող լինել դեմոկրատիայի մասին» պնդմանը, այն է, որ դեմոկրատական ինստիտուտները նույնացվում են քրեաօլիգարխիայի հենարան հանդիսացած ինստիտուտների հետ, իսկ լավագույն դեպքում՝ իշխանության ցանկությունների հետ։ Նման նույնացումը լավ երևում է Ոսկանյանի մեկ այլ ձևակերպման մեջ․ «Հայաստանում ձևավորվող կառավարման համակարգը աղերսներ չունի ժամանակակից ինստիտուցիոնալ ժողովրդավարության հետ, քանի որ ինստիտուտներն անտեսված են և ոչ մի ցանկություն չկա այդ ինստիտուտներն ուժեղացնելու»։ 

Նախ՝ եթե խոսքը վերաբերում է, օրինակ, ընտրության ինստիտուտին, ապա այն բոլորովին էլ անտեսված չէ։ Ընդհակառակը, հետպատերազմյան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար գործող իշխանությունը հենց ընտրության ինստիտուտին դիմեց ու ընտրական օրենսգրքում որոշ՝ թափանցիկության և վերահսկելիության տեսանկյունից դրական փոփոխություններ արեց։ Այսինքն՝ գործ ունենք «անտեսելուն» տրամագծորեն հակառակ գործողության հետ։ Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական իշխանությունը սկզբնական շրջանում լիարժեք փորձում էր համագործակցել «հին» ինտիտուտների հետ (ուժային կառույցներից մինչև համալսարաններ), այդ փորձերը առավել հաճախ ավարտվում էին անհաջողությամբ։ Եվ եթե այսօր ինչ-որ ինստիտուտներ անտեսված են իշխանության կողմից, դրանք, որպես կանոն, քրեաօլիգարխիային ծառայած, հաճախ՝ մինչ օրս ծառայող ինստիտուտներ են, ինչպես, օրինակ, եկեղեցին կամ համալսարանական-մտավորական վերնախավը։ Երրորդ՝ դեմոկրատական ինստիտուտները բոլորովին էլ պարտադիր չէ, որ իշխանության ցանկություններով կառուցվեն։ Դրանք կայանում են ընդհանուր քաղաքական գործընթացների արդյունքում։ 

Օրինակ՝ այն, որ այսօր Հայաստանում մի քանի ընդգծված ընդդիմադիր հեռուստաընկերություններ կան (ինչը խոսքի ազատության ինստիտուտի կայացման տեսակետից դրական երևույթ է), բոլորովին էլ գործող իշխանությունների ցանկությունը չէ։ Այդպես է ստացվել հեղափոխության արդյունքում։ Գործող իշխանությունը միգուցե կցանկանար զրկել ընդդիմությանը հեռուստաընկերություններից։ Սակայն հեղափոխությունը այնպիսի իրավական, քաղաքական ու արժեքային դասավորվածություններ է ստեղծել, որ եթե իշխանությունը նման բան անի, ապա դա  խիստ բացասաբար կազդի հենց իր վրա։ Նույնը վերաբերում է նաև հավաքների ազատության ինստիտուտին։ Այնպես որ, իշխանությունների ցանկությունը միշտ չէ, որ կարևոր է դեմոկրատական ինստիտուտների կայացման տեսակետից։  

Վերջաբան 

Այսպիսով՝ հեղափոխությունից հետո Հայաստանը սկսել է դեմոկրատացման ուղով գնալ, քանի որ մի քանի տասնամյակ շարունակ չաշխատած ընտրության ինստիտուտը սկսել է աշխատել, առաջընթաց է գրանցվել նաև խոսքի և հավաքների ազատության բնագավառներում։ Հեղափոխությունից հետո Հայաստանի դեմոկրատացման փաստը արձանագրված է նաև միջազգային կազմակերպությունների զեկույցներում։

Որպես Հայաստանի դեմոկրատացման փաստը ժխտող հակափաստարկ բերվում է այն անհիմն պնդումը, թե հեղափոխական իշխանությունը պոպուլիստական է, իսկ պոպուլիզմը միշտ և բոլոր տեղերում բնույթով ավտորիտար և դեմոկրատիային հակադրվող երևույթ է։ Մինչդեռ պոպուլիզմը, որպես կանոն, հակադեմոկրատական է այն երկրներում, որտեղ արդեն կան քիչ թե շատ կայացած լիբերալ-դեմոկրատական ինստիտուտներ։ Հայաստանի նման պետություններում, որտեղ դեռևս չկան կայացած լիբերալ-դեմոկրատական ինստիտուտներ, հեղափոխական պոպուլիզմը՝ «փչացած էլիտայի» և «մաքուր ժողովրդի» բաժանման և հակադրության իմաստով, բնույթով դեմոկրատական և դեմոկրատացնող է։  

Հրայր Մանուկյան  

__

1 Մրցակցային ասելով նկատի ունեմ այն, որ հիմնական թեկնածուին (ուժին) նետվել է լուրջ մարտահրավեր մյուս թեկնածուների (ուժերի) կողմից։ Այս իմաստով է ընկալվում մրցակցությունը ավտորիտար ռեժիմների մասին հետևյալ հետազոտությունում՝ Levitsky Steven and Way Lucan (2010), “Competitive Authoritarianism: Hybrid Regimes After the Cold War”։ Այս ընկալումը տարբերվում է ԵԱՀԿ դիտորդների զեկույցներում մրցակցություն բառի կիրառումից, ըստ որի՝ մեկ ուժի (թեկնածուի) կողմից 70 կամ ավելի տոկոս ձայներ արձանագրվելու պարագայում էլ ընտրությունը կարող է համարվել մրցակցային, եթե պահպանվել են ազատ ընտրության խաղի կանոնները (ինչպես, օրինակ, 2018-ի ՀՀ խորհրդարանական ընտրություններն էին)։

2 ԵԱՀԿ դիտորդների զեկույցը 1996 և 1998 թվականների ընտրությունների վերաբերյալ՝ այստեղ, իսկ 2003-ի վերաբերյալ զեկույցը՝ այստեղ։
3 ԵԱՀԿ դիտորդների 2008-ի զեկույցը՝ այստեղ, 2013-ինը՝ այստեղ։
4 ԵԱՀԿ դիտորդների 2018-ի զեկույցը՝ այստեղ, 2021-ինը՝ այստեղ։
5 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքների վիճակագրական վերլուծությունը՝ այստեղ, 2013-ինը՝ այստեղ և այստեղ (էջ 49), 2018-ինը՝ այստեղ (էջ 111), 2021-ինը՝ այստեղ։
6 Օրերս Freedom House-ը ֆեյսբուկյան գրառմամբ նշել էր, որ Նիկոլ Փաշինյանի նկարի տակ վիրավորանք գրելու առումով քրեական գործի հարուցումը հետընթաց է խոսքի ազատության տեսակետից։ Հավանաբար, սա կարձանագրվի նաև հետագա զեկույցում, սակայն դժվար թե հետընթացը այնքան մեծ համարվի, որ հետհեղափոխական շրջանի էական առաջընթացը ամբողջությամբ չեզոքացվի։

7 Ressentiment-ի տակ Ոսկանյանը, հավանաբար, նկատի ունեի Նիցշեի առաջարկած հասկացությունը, որը վերջինս կիրառել է՝ բնութագրելու համար ատելության, նախանձի ու վրդովմունքի զգացողությունը, որն առաջանում է մարդու մոտ՝ ստորադասությունից ու թուլությունից։ Նիցշեն այդպիսի զգացողություն է վերագրել հին աշխարհի ստրուկներին և հոգևորականներին, ովքեր, իբր, արիստոկրատիային հաղթել են՝ քրիստոնեական բարոյական-արժեքային համակարգը ստեղծելով։ 

8 Ոսկանյան Ա․ (2021)։ Հայոց Համազգային Շարժումը որպես հայկական լուսավորության քաղաքական փուլ, «Անկախությությունը և Ազատական բարեփոխումները», Անտարես, Երևան, էջ 63։
9 Mudde, C., & Kaltwasser, C. R. (2017). Populism: A very short introduction. Oxford University Press, էջ 5-6։
10 Mudde, C., & Kaltwasser, C. R. (2017). Populism: A very short introduction. Oxford University Press, էջ 3։
11 Ջալոյան Վարդան (2021): Հայաստանում քաղաքական հաղորդակցման և ԶԼՄ-ների դիսկուրսների քննադատական վերլուծությունը պոպուլիզմի հղացքի օրինակով:
12 Մանվել Սարգսյան և ուրիշներ (2010), «Սահմանադրական պետության կառուցման հիմնախնդիրները Հայաստանում», Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն, Երևան, էջ 57-58։

13 Եթե անտեսենք դեմոկրատական ինստիտուտների կայացածության աստիճանի մեծ տարբերությունը Արևմուտքի և Հայաստանի միջև և վերլուծենք Հայաստանի քաղաքական գործիչների դիսկուրսը՝ պոպուլիզմի ժամանակակից արևմտյան ընկալմամբ, ապա, ինչպես պարզվել է քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետազոտությունից, կստացվի, որ բոլոր հիմնական քաղաքական ուժերի հռետորաբանությունը առնվազն որոշ չափով պոպուլիստական է (Էդգար Վարդանյան, Մայիս 2021, Պոպուլիզմը Հայաստանում, «Քաղաքական երկխոսություն» ՀԿ)։ Ընդ որում՝ ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնողների հռետորաբանությունը ավելի պոպուլիստական է գնահատվել, քան իշխանության հռետորաբանությունը։ Հետազոտությունը, սակայն, ընգրկել է 2019-2020 թթ․․ եթե այն ներառեր նաև 2018-ի հեղափոխական շրջանը, Նիկոլ Փաշինյանի խոսքը ակնհայտորեն պոպուլիզմի ավելի բարձր աստիճանով կգնահատվեր։ Փաշինյանի խոսքը, հավանաբար, պոպուլիզմի ավելի բարձր աստիճան կունանա՝ նաև նախկին նախագահների համեմատ։ 

Սակայն երկրների կոնտեքստը անտեսելու պարագայում շփոթություն ու հակասություններ են առաջացնում «պոպուլիզմ» բառի հետ ասոցացվող իմաստների մեջ։ Այսպես, էմոցիոնալ ու չափազանցված, էլիտա-ժողովուրդ և սև-սպիտակի բաժնամամբ խոսքը, որն ուղեկցվում է բոլոր խնդիրների մեջ մեկ մարդուն կամ խմբին մեղադրելով (օրինակ՝ «Մերժի՛ր Սերժին»), պոպուլիզմի բարձր աստիճան է ենթադրում։ Հենց այդպիսի խոսքով էր ուղեկցվում 2018-ի հեղափոխությունը Հայաստանում։ Բայց եթե այդ խոսքը (կիսա)ավտորիտար երկրի կոնտեքստում կարող է դեմոկրատացնող նշանակություն ունենալ, դեմոկրատական երկրի կոնտեքստում, որպես կանոն, հակադեմոկրատական (կամ հակալիբերալ) նշանակություն է ստանում։ Ստացվում է՝ եթե անտեսենք կոնտեքստը, չենք կարող ասել՝ պոպուլիզմը դեմոկրատակա՞ն երևույթ է, թե՞ հակադեմոկրատական, դրակա՞ն է, թե՞ բացասական ( միգուցե չեզո՞ք)։ 

Կոնտեքստը հաշվի առնելով՝ Հայաստանի նման երկրներում պոպուլիզմը կարող է դրական ու դեմոկրատացնող լինել, քանի դեռ չեն կայացել դեմոկրատական ինստիտուտները։ Հայաստանի պարագայում բացասական կարող է գնահատվել, օրինակ, ծայրահեղ ազգայնական կամ պահպանողական պոպուլիզմը, բայց ոչ այն պատճառով, որ այն ներառում է պոպուլիզմի տարրեր, այլ՝ որովհետև ծայրահեղ ազգայնականությունն ու պահպանողականություն ինքնին բացասական երևույթներ են։ 

Կարծում եմ՝ պոպուլիզմը արժի ընկալել հեգելյան իմաստով։ Բռնապետություններից դեմոկրատիաների անցումը (բռնապետությունների բացասումը) ենթադրում է պոպուլիզմ, որից զարգացման հաջորդ փուլերում անհրաժեշտ է հրաժարվել (բացասման բացասում)՝ խուսափելու համար  մեծամասնության բռնապետությունից։ Լիարժեք լիբերալ-դեմոկրատական կարգերն էլ, որպես զարգացման ավելի բարձր մակարդակ, ենթադրում են և՛ պոպուլիստական ուժերի առկայություն (հակառակ դեպքում որոշ խմբերի համար քաղաքականությունը կդադարի լինել ներառող և օգտակար ոլորտ), և՛ բազմազանության (պլյուրալիզմի) խորը արժևորման վրա հիմնված ուժերի դոմինանտություն (հակառակ դեպքում լիբերալ-դեմոկրատական ինստիտուտները կսկսեն քայքայվել)։