Հայաստանում 90-ականների երկրորդ կեսից մի քաղաքական համակարգ ստեղծվեց, որը անհնարին կամ չափազանց դժվար էր դարձրել Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը։ Այդ համակարգը ձևավորվել էր ԼՂ հարցում ազգայնական-մաքսիմալիստական դիրքորոշմամբ 1998-ի իշխանափոխության հաջողված փորձի հետևանքով և վերարտադրվում էր ընտրություններով իշխանափոխության անհնարինության շնորհիվ։
2018 թվականի իշխանափոխությունը որոշակիորեն ձևափոխեց այդ համակարգը։ Եթե նախորդ երեք նախագահների իշխանության աղբյուրը ԼՂ հարցն էր, Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ կեղծված ընտրություններից, կոռուպցիայից և սոցիալական անարդարությունից հասարակության դժգոհության հիման վրա։ Այնուամենայնիվ՝ 90-ականների երկրորդ կեսից մնացած ներքաղաքական խաղի կանոնները վերապրեցին նաև այս փոփոխությունը՝ շարունակ խոչընդոտելով ԼՂ հարցի բանակցային կարգավորմանը։
1998-ի հեղաշրջման հետևանքները 1998-2018թթ քաղաքական համակարգի համար
Իշխանափոխության հաջողված փորձերը դառնում են նախադեպային ու ուղղություն են ցույց տալիս քաղաքական խմբերին։ Մինչև 2018-ը Հայաստանում շատ քչերն էին պատկերացնում, որ ապակենտրոն ձևով փողոցներ փակելով հնարավոր է իշխանություն փոխել։ 2020-ի պատերազմից հետո, սակայն, երբ հաջողված նախադեպն արդեն կա, ընդդիմությունը, ի թիվս այլ բաների, կիրառում է նաև այն նույն մեթոդները, որոնց միջոցով 2018-ին իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը։
2018-ից բացի՝ անկախ Հայաստանում եղել է ևս մեկ պարտադրված իշխանափոխություն՝ 1998-ին։ Այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանն ու ուժային կառույցների ղեկավարները (Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան) ԼՂ հարցում Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը պարտվողական հռչակելով՝ հեռացրեցին նրան ու վերցրեցին իշխանությունը։ Այլ կերպ ասած՝ ԼՂ հարցում ազգայնական-մաքսիմալիստական դիրքորոշմամբ ու ուժային կառույցների մասնակցությամբ իշխանափոխությունը դարձավ հաջողված նախադեպ։
1998-ից հետո իշխանության և ընդդիմության մեջ գտնվող գրեթե բոլոր քաղաքական խմբերն ու անհատները, նկատի ունենալով 1998-ի հաջողված փորձը, ԼՂ հարցում որդեգրեցին ազգայնական-մաքսիմալիստական դիրքորոշում (բացառությամբ «պարտվողական» հռչակված Տեր-Պետրոսյանի ու ՀՀՇ/ՀԱԿ-ի)։ Ազգայնական մաքսիմալիզմը 1998-ից հետո քաղաքական խմբերի համար դարձավ անվիճարկելի։ Այդ մաքսիմալիզմն էր միայն, որ հնարավորություն էր տվել իշխանություն փոխել։ Այլ հարցեր (կոռուպցիա, սոցիալական խնդիրներ, իրավունքներ և այլն) բարձրացնելով և ընտրություններով իշխանափոխության բոլոր փորձերը շարունակ ձախողվում էին:
Տեր-Պետրոսյանը 2017-ին իրավացիորեն նկատել էր, որ իրենցից բացի՝ բոլոր քաղաքական գործիչները, կարծես, հայրենասիրական մրցույթի են դուրս եկել [1]։ Չժխտելով ազգայնական-մաքսիմալիստական համոզմունքներով այդ գործիչներից շատերի ազնվորեն տարված լինելու հանգամանքը՝ այնուամենայնիվ չպետք է անտեսել, որ ընտրություններով ու այլ հարցեր բարձրացնելով իշխանափոխության անհնարինության պայմաններում 1998-ի նախադեպը (և (փոխ)զիջման համընդհանուր թիրախավորումը) բավարար էր, որ Հայաստանի իշխանական ու ընդդիմադիր քաղաքական խմբերը հայրենասիրական մրցույթի դուրս գային՝ անկախ իրենց իրական համոզմունքներից։ Այդ մրցույթին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանի թիմից առանձնանալուց հետո։ Լավրովի պլանը 2016-ին նա համարում էր «խայտառակ ու ստորացուցիչ լուծում» Հայաստանի համար։
«Պարտվողականության» մերժումով իշխանության եկած Քոչարյանն ու Սարգսյանը այս քաղաքական համակարգում չէին կարող կարգավորել ԼՂ հարցը, անգամ եթե ցանկանային։ Ենթադրենք՝ Քոչարյանը կամ Սարգսյանը հանրությանն են ներկայացնում ԼՂ հարցի լուծման որևէ տարբերակ, որը հնարավոր կլիներ գնահատել ավելի լավը, քան 1998-ի փուլային տարբերակն էր։ Վտանգը մեծ է, որ իշխանության մեջ՝ ներառյալ ուժային կառույցներում, և ընդդիմության շարքերում կգտնվեին համոզված ազգայնականներ կամ առիթից օգտվողներ, ովքեր, ներկայացվող լուծումը «խայտառակ ու ստորացուցիչ» որակելով, իշխանափոխության (կամ զինված հեղաշրջման՝ նման 2016-ի Սասնա Ծռերի գործողություններին) լուրջ հայտ կներկայացնեն։ Առաջարկվող տարբերակն, ամենայն հավանականությամբ, ևս պարտվողական կհռչակվեր։ Ամենայն հավանականությամբ՝ կհայտարավեր, որ կարելի է հասնել է՛լ ավելի լավ լուծման (ասենք՝ զիջել ԼՂ հարակից ոչ թե 5, այլ 4 շրջանները, կամ էլ ընդհանրապես ոչինչ չզիջել)։ Կայծակնային իշխանափոխության վտանգն է՛լ ավելի մեծ կլիներ, եթե Քոչարյանը կամ Սարգսյանը 1998-ի փուլայինից վատթար տարբերակ ներկայացնեին։ Իրականությունն էլ այն էր, որ 1998-ի փուլայինից հետո քննարկված տարբերակները, կարծես թե, մեծ հաշվով շատ չէին տարբերվում մինչև 1998-ի բանակցված փուլային տարբերակից [2]։
Փաստ է, որ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը երբևէ հրապարակայնորեն չեն հայտարարել, թե համաձայն են լուծման որևէ բանաձևի, և չեն փորձել հանրային քննարկում ծավալել այդ հարցով։ Երբ փակ դռների հետևում նրանք համաձայնել են լուծման որևէ տարբերակի, ապա նախապես իմանալով, որ Ադրբեջանը մերժելու է այն։ Այդ «համաձայնության» մասին եթե անգամ հայտարարվել է, ապա՝ միայն դրա վերջնական ձախողումից հետո։
Վերցնենք, օրինակ, կազանյան տարբերակը։ Սերժ Սարգսյանը պնդում է, թե 2011 թվականին համաձայնել է Կազանի փաստաթղթին [3]։ Վկայակոչելով նրան՝ որոշ անկախ փորձագետներ եզրակացնում են՝ Սարգսյանը չի վարել ստատուս-քվոն պահպանելու քաղաքականություն։ Բայց, ինչպես 2017-ին Տեր-Պետրոսյանն էր նկատել, համաձայնելն այդպես չի լինում (բանավոր ու փակ դռների հետևում)․ համաձայնողը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեձևի ձեռքից 2011-ին կվերցներ Կազանի փաստաթուղթը, կստորագրեր այն ու այդ մասին հրապարակային կհայտարարեր։ Սերժը ո՛չ ստորագրել է, ո՛չ ժամանակին հայտարարել է, թե պատրաստ է ստորագրելուն (հանրային քննարկում ծավալելու մասին խոսք անգամ լինել չէր կարող)։ Միայն 2016-ի ապրիլյան պատերազմից հետո՝ ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում, Սարգսյանը բացահայտել է, իբր 2011-ին պատրաստ է եղել ստորագրելուն։ Ընդ որում՝ նա ինքն է շեշտել, որ Կազնում ստորագրման արարողությունից օրեր առաջ վստահ է եղել, որ Ալիևը մերժելու է այդ նաև այդ տարբերակը [4]։ Ճիշտ այնպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր խոստովանում, որ Քի Վեստում ստորագրման արարողությունից օրեր առաջ վստահ էր, որ Ալիևը հրաժարվելու է բանակցվող փաստաթուղթը ստորագրելուց [5]։
Ընդհանրապես՝ ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, որը, ըստ նրա խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի, անընդհատ նախաձեռնությամբ էր հանդես գալիս՝ գտնելու լուծման մի տարբերակ, որին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կհամաձայնեին, Քոչարյանն ու Սարգսյանն այս առումով նախաձեռնողականությամբ առանձնապես աչքի չեն ընկել։ Նրանք ընդամենը սպասել են, որ համանախագահները մի բան առաջարկեն, իսկ իրենք՝ մերժեն, դիտողություններ անեն կամ էլ, իբր, համաձայնեն։ «Իբր», որովհետև հայկական կողմը 98-ից ի վեր հստակ ու հրապարակայնորեն երբեք չի հայտարարել, թե պատրաստ է կարգավորման քննարկվող տարբերակին [6]։
Կրկին շեշտեմ, որ ստատուս քվոն հետևողականորեն պահելու Քոչարյանի ու Սարգսյանի վարած քաղաքականության պատճառը միայն նրանց ենթադրյալ անձնական համոզմունքները (ազգայնական մաքսիմալիզմը) չէին [7]։ 1998-ին Տեր-Պետրոսյանին հեռացնելով՝ նրանք ստեղծել էին մի այնպիսի քաղաքական համակարգ, որը անմիջապես խոցելի կդարձներ նրանց, եթե լրջորեն փորձեին (Լևոն Տեր-Պետրոսյանի պես) գնալ ԼՂ հարցի կարգավորմանը (անկախ նրանից, թե կարգավորման կոնկրետ որ տարբերակի մասին է խոսքը) [8]։ Հատկապես որ պաշտոնավարման ամբողջ ընթացքում նրանք երկուսն էլ լեգիտիմության խնդիր են ունեցել ու երկուսի իշխանության գաղափարական հենքն էլ «Ղարաբաղը պահելն» է եղել՝ ընդդեմ Տեր-Պետրոսյանի «Ղարաբաղը հանձնելուն» [9]։ Այս իրողությունը լավագույնս արտացոլվում է Մինսկի խմբի ռուս համանախագահի խոսքերում․ վերջինս Հայաստանի մինչհեղափոխական իշխանություններին բնութագրել է որպես «недоговороспособныe»։
Ի՞նչ փոխեց ու ի՞նչ չփոխեց 2018-ի հեղափոխությունը քաղաքական համակարգում
2018-ի հեղափոխությունը 1998-ի նախադեպի կողքին ստեղծեց պարտադրված իշխանափոխության մեկ այլ հաջողված նախադեպ։ Ընդ որում՝ 2018-ինը էականորեն տարբերվում էր իշխանափոխության 1998-ի հաջողված փորձից։ 2018-ի օրակարգում ԼՂ հարց ընդհանրապես չկար։ Այլ կերպ ասած՝ եթե Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին ու Սարգսյանին իշխանության էր բերել Լեռնային Ղարաբաղի հարցը (Տեր-Պետրոսյանի դեպքում՝ նաև հեռացրել), Նիկոլ Փաշինյանին իշխանության էին բերել հարցեր, որոնք առնչվում էին դեմոկրատիային (ընտրակեղծիքներ, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետ), կոռուպցիային, սոցիալական այլ խնդիրներին [10]։
Այնուամենայնիվ՝ 2018-ի նախադեպը չվերացրեց 1998-ինը։ Քաղաքական համակարգում իշխանափոխության մեկ հաջող նախադեպին (ուժային կառույցների ճնշմամբ հեղաշրջում՝ ԼՂ հարցում մաքսիմալիստական դիրքորոշմամբ) ավելացավ մեկ այլ հաջող նախադեպ (ժողովրդական ճնշմամբ հեղափոխություն՝ դեմոկրատական ու սոցիալական հարցերի արծարծմամբ)։ Բայց 2018-ի հեղափոխությունից հետո և՛ ուժային կառույցներն էին իրենց տեղում, և՛ ԼՂ հարցն էր շարունակում չլուծված մնալ։ Պարզապես քաղաքական համակարգը մի փոքր բարդացավ․․․
Իշխանափոխության տարբերակները ՀՀ-ում՝ 2018-ի հեղափոխությունից հետո
Իշխանափոխություն անող ուժը | Իշխանափոխության պատճառը կամ պատրվակը |
A․ Ուժային կառույցներ | AA․ ԼՂ հարցում ազգայնական մաքսիմալիզմ |
B․ Ժողովրդական ճնշում | BB․ Դեմոկրատական ու սոցիալական հարցեր |
Քաղաքական խմբերը իշխանության գալու համար 2018-ից հետո կարող էին ԼՂ հարցում մաքսիմալիզմը համադրել ինչպես ուժային կառույցների (A և AA տարբերակ), այնպես էլ ուժային կառույցների և միաժամանակ ժողովրդական ճնշման (A+B և AA) հետ։ Կան նշաններ, որոնք վկայում են այն մասին, որ և՛ ուժայինները, և՛ հանրության մի զգալի մասը դեմ դուրս կգային Նիկոլ Փաշինյանին, եթե վերջինս իշխանափոխությունից հետո ապավիներ ԼՂ հարցի բանակցային կարգավորմանը։ Ընդդիմության հռետորաբանությունը և հետպատերազմյան զարգացումները հաստատում են դա։
Ուժային կառույցների դեպքում՝ 1998-ի նախադեպից բացի, էական նշանակություն կարող էին ունել նաև դրանց և նոր կառավարության միջև լարվածությունը։ Փաշինյանը չուներ և չէր կարող ունենալ լիարժեք վստահություն ուժային կառույցների նկատմամբ։ ԱԱԾ, Ոստիկանության ու Գլխավոր Շտաբի ղեկավարների հաճախակի պաշտոնանկությունները դրա վառ դրսևորումներից էին։ Բարձրաստիճան շատ զինվորականների անձնական կապերը և փոխկապակցվածությունը հակահեղափոխական ուժերի (ՀՅԴ, ՀՀԿ, ԲՀԿ) հետ այստեղ ևս որոշակի նշանակություն կարող էին ունենալ։ Իսկ հակահեղափոխական ուժերը ԼՂ հարակից շրջանները զիջելու նախապայմանը կանխավ համարում էին դավաճանություն ու ի սկզբանե մեղադրում Նիկոլ Փաշինյանին նման մտադրություն ունենալու, «իշխանություն՝ Արցախի փոխարեն» ծրագիր իրագործելու, նմանատիպ այլ դավադրությունների մեջ։ Եթե նման պայմաններում (2019 կամ 2020 թվականներին) Փաշինյանը փորձեր կարգավորել ԼՂ հարցը, դժվար թե նրան հաջողեր խուսափել ուժային կառույցների հետ առճակատումից։ Եթե անգամ այդ առճակատումը չհանգեցներ հեղաշրջմամբ Փաշինյանի հեռացմանը և (կամ) Ադրբեջանի կողմից հարձակմանը, ապա առնվազն կհարուցեր լուրջ ներքաղաքական ճգնաժամ։ Ճգնաժամ՝ նման նրան, որն առաջացավ բարձրաստիճան զինվորականների կողմից վարչապետի հրաժարականի պահանջից հետո։
ԼՂ հարցը կարգավորելու փորձը նաև զգալի հանրային դժգոհություն կարող էր առաջացնել թե՛ Հայաստանում, թե՛, առավել ևս, Արցախում։ Վերջին (առնվազն) 20 տարիների ազգայնական-մաքսիմալիստական քարոզը չէր կարող հետևանքներ չթողնել հանրային տրամադրությունների առումով։ Ի վերջո, անկախ Հայաստանի ինտելեկտուալ էլիտան աչքի է ընկել առավելապես հակաթուրքական տրամադրություններով՝ խրախուսված և (կամ) թույլատրված առնվազն 1960-ականներից։ Կառավարությունը ԼՂ հիմնահարցի և ԼՂ հարակից շրջանների վերադարձի վերաբերյալ 2016-ի ամռանը՝ Ապրիլյան պատերազմից հետո, հարցումներ է արել։ Արդյունքները թեև չեն հրապարակվել, բայց, դատելով ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ասածներից, դրանք ցույց են տվել, որ հայաստանցիների մեծամասնությունը դեմ է եղել խաղաղության դիմաց ԼՂ հարակից տարածքները զիջելուն։
Ակնհայտ է, որ եթե Փաշինյանը փորձեր գնալ հակամարտության կարգավորման ուղով, նա լուրջ հակազդեցության կարող էր հանդիպել ինչպես ուժային կառույցների, այնպես էլ՝ որոշ հանրային շրջանակների կողմից, անկախ նրանից՝ այդ շրջանակները կգլխավորեին հակահեղափոխականնե՞րը, թե՞ ազգայնական այլ ուժեր (Սասնա Ծռեր, Քաղաքացու Որոշում և այլն)։ Կասկած չկա, որ, օրինակ, բոլորովին նույն Վազգեն Մանուկյանը անհապաղ կոչ կաներ ու կփորձեր համոզել զինվորականությանը ռազմական հեղաշրջում անել։ Մոտավորապես այնպես, ինչպես նա դա արեց ու անում է պատերազմի ընթացքում ու դրանից հետո [11]։ Թե որքանո՞վ Փաշինյանին կհաջողվեր նման քաղաքական համակարգի պայմաններում պահպանել իշխանությունն ու հասնել հարցի կարգավորմանը (եթե, իհարկե, նա փորձեր գնալ այդ ուղով)՝ դժվար է ասել։ Հստակ է միայն, որ եթե նա հեռացվեր իշխանությունից և ազգայնական կամ հակահեղափոխական ուժերը վերցնեին իշխանությունը, պատերազմը, միևնույնն է, տեղի կունենար՝ հավանական է, խոստացվող «հաղթանակից» խիստ տարբերվող ելքով։
—
Այս հոդվածում, իհարկե, ես չեմ պնդում, թե Հայաստանի քաղաքական համակարգը վերջին պատերազմի միակ պատճառն էր։ Կային, անշուշտ, նաև այլ գործոններ՝ Ռուսաստանի մոտեցումները, Թուրքիայի հավակնությունները, Ադրբեջանի առանձնահատկությունները և այլն։ Այնուամենայնիվ՝ այդ գործոնները Հայաստանի ու հայաստանցիների ազդեցությունից դուրս էին և, ինչպես կանխատեսել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, մի օր դրանք դասավորվելու էին այնպես, որ հանգեցնեին պատերազմի։
Ես նաև չեմ պնդում, թե Հայաստանի քաղաքական գործիչների որակները, պատկերացումներն ու վարած քաղաքականությունը դեր չեն ունեցել Հայաստանի քաղաքական այն համակարգում, որը դարձավ պատերազմի պատճառներից մեկը։ 1998-ին Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Վազգեն Սարգսյանի պատկերացումներն ու վարած քաղաքականությունն էին, որ ձևավորեցիցին հաջորդ երկու տասնամյակների քաղաքական համակարգը, որը, իր հերթին, որոշակի վարքագիծ թելադրեց նույն Քոչարյանին ու Սարգսյանին։ Ուրեմն՝ մի կողմից քաղաքական գործիչների պատկերացումներն ու արածներն են ազդում քաղաքական համակարգի վրա՝ այս կամ այն չափով փոխում այն, մյուս կողմից՝ քաղաքական համակարգն է որոշակի տրամաբանություն ու կանոններ թելադրում քաղաքական գործիչներին։
Ես նաև չեմ պնդում, թե Փաշինյանը չի գնացել ԼՂ հարցի կարգավորման ուղով՝ միայն այն պատճառով, որ համարել է, թե փորձը կանխավ ձախողվելու է՝ հանգեցնելով իշխանափոխության (իսկ պատերազմը, միևնույնն է, կլիներ, պարզապես՝ այլ իշխանություններով)։ Փաշինյանը լեգիտիմության ու վստահության պակաս չուներ՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու 1996-1998թթ Տեր-Պետրոսյանի, և կարող էր ԼՂ հարցում գոնե հանրային որոշ քննարկումներ շահագրգռել։ Նման քննարկումների բացակայությունը խոսում է Փաշինյանի պատկերացումների ու որակների մասին։ Այդ պատկերացումների ու որակների հարցը, սակայն, բոլորովին այլ թեմա է։
Այս հոդվածի հիմնական փաստարկն այն է, որ Փաշինյանի անձնական որակներից կամ պատկերացումներից բացի կամ դրանցից անկախ՝ Հայաստանի քաղաքական համակարգը որոշակի կանոններ էր թելադրում։ Կանոններ, որոնք Հայաստանին տանում էին պատերազմի ուղով։ Այդ ուղուց Հայաստանին դուրս դնել Փաշինյանը կարող էր միայն չափազանց մեծ ռիսկերի գնով։ Քաղաքական համակարգի թելադրած այս պայմաններ կամ տրամաբանության գիտակցումը հայկական փորձագիտական ու ակտիվիստական շրջանակներում կա՛մ չկա, կա՛մ թերի է։ Այս հոդվածը հենց այդ բացը լրացնելու փորձ է։
Հրայր Մանուկյան
Ծանոթագրություններ․
[1] «Ցանկացած քաղաքական գործիչ այսօր կուրծք է ծեծում, թե ամենահայրենասերն ինքն է։ Մեկը որովհետև 7 շրջան է պահանջում, մյուսը 10 շրջան, Կուր Արաքս, մյուսը Բաքուն է պահանջում», – ասել է Տեր-Պետրոսյանը։
[2] Ե՛վ «Ընդհանուր պետության» (1998-ի վերջ), և՛ «Քի Ուեսթի»(2001), և՛ Մադրիդյան սկզբունքների (2007) հիման վրա մշակված Կազանյան փաստաթղթի (2011), և՛ «Լավրովի պլան» (2016) անունով հայտնի ռուսական առաջարկների դեպքում նախատեսվում էր, որ ԼՂ հարակից շրջանները հանձնվելու են Ադրբեջանին, այդ տարածքներում ստեղծվելու են ապառազմականացված ու բուֆերային գոտիներ, տեղակայվելու են խաղաղապահներ, փախստականները վերադառնալու են իրենց բնակության վայրեր և այլն։ Լուծման այս տարբերակները ամբողջությամբ չէ, որ հրապարակված են, և տարբեր պաշտոնյաներ երբեմն հակասական բաներ են ասում դրանց որոշ մանրամասների վերաբերյալ։ Այդ պատճառով էլ, օրինակ, պարզ չէ՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված Կազանյան փաստաթուղթը որքանո՞վ է շահեկանորեն տարբերվում 1998-ի փուլային տարբերակից՝ հաշվի առնելով, որ առաջինում ԼՂ վերջնական կարգավիճակին վերաբերող հանրաքվե էր նախատեսված։ Որոշ առումներով 1998-ի փուլային տարբերակը անվիճելի առավելություններ ունի։ Օրինակ՝ դրանով նախատեսվում էր հայկական կողմին թողնել ոչ թե Լաչինի միջանցքը, այլ Լաչինի ամբողջ շրջանը։ Անվտանգության երաշիքների առումով էլ 1998-ի տարբերակը առավելություն ուներ, քանի որ իրագործվելու դեպքում Ադրբեջանից Թուրքիա նավթամուղն ու գազատարը Հայաստանով կանցնեին, սահմանային միջադեպերն ու զոհերը կդադարեին, իսկ սպառազինությունների մրցավազքը կարող էր վերանալ կամ մեղմվել։
[3] Առաջին անգամ Սերժ Սարգսյանը 2016-ի նոյեմբերին է հայտարերել , թե ինքը համաձայն է եղել Կազանի փաստաթղթին։
[4] 2020-ի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե երբ Կազանում նախատեսված հանդիպումից օրեր առաջ իրեն զանգահարել են ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահները, ինքը ասել է, որ վստահ է՝ Ալիևը հրաժարվելու է պայմանագիրը ստորագրելուց։
[5] «Քի Վեստում Հեյդար Ալիևը վերջի պահին հրաժարվեց ստորագրել պատրաստ պայմանագիրը։ Եվ հրաժարվելու մասին հայտարարեց հենց այնտեղ․․․ Ես տեսնում էի, որ Հեյդար Ալիևը գալու է և հրաժարվելու է։ Եվ երկու անգամ դեսպանին հրավիրել եմ, ասել եմ, որ այն քննարկումները, որոնք կազմակերպվում են Ադրբեջանի խորհրդարանում, ուղղակի հուշում են, որ հող է նախապատրաստվում հրաժարվելու համար։ Այդ կարգի մոտիկ հարցի կարգավորմանը երբեք չենք եղել մինչև այդ և դրանից հետո», – 2020-ին ասել է Քոչարյանը։
[6] «Եթե Հայաստանը վճռականորեն հայտարարի, որ պատրաստ է հենց այսօր ստորագրել այդ փաստաթուղթը, Ադրբեջանը չի կարող մերժել։ Թող փորձի։ Հայաստանի այդ պատրաստակամությունից հետո թող փորձի մերժել։ Այդ դեպքում միջազգային ամբողջ ճնշումը ուղղվելու է Ադրբեջանի դեմ։ Հիմա միջնորդներն էլ օգտվում են այն հանգամանքից, որ Հայաստանն էլ, ըստ էության, չի ասել, որ ես այսօր պատրաստ եմ ստորագրել այս փաստաթուղթը», – ասել է Տեր-Պետրոսյանը 2017-ի մարտին։
[7] «Ենթադրյալ» ասելով նկատի ունեմ այն, որ չի բացառվում, որ երկուսի համար էլ ազգայնական մաքսիմալիզմը ընդամենը պատրվակ էր՝ իշխանությունը վերցնելու համար։ Համենայնդեպս՝ ըստ Ժիրայր Լիպարիտյանի՝ 1997-ի ամռանը տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը և ԼՂ ղեկավարությունը զարմանալիորեն հայտարարել են, թե իրենք կողմ են փուլային տարբերակով խնդրի լուծմանը։
[8] Այդ խոցելիությունից իրենց պաշտպանելու համար էլ Քոչարյանն ու Սարգսյանը առաջ էին քաշել «կարավիճակ՝ հարակից շրջանների դիմաց» երևակայական բանաձևը։ Բայց այն երբևէ բանակցային սեղանի շուրջ չի քննարկվել և, հաշվի առնելով հարցի էությունը, չէր էլ կարող քննարկվել։
[9] Տես օրինակ՝ «Լևոն Տեր-Պետրոսյանը երևի համարում է, որ երեք տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար․ Սերժ Սարգսյան, 2007թ»․
[10] Ոմանք (Տեր-Պետրոսյանի որոշ աջակիցներ, որոշ հակահեղափոխականներ, դավադրության տեսության շատ սիրահարներ և այլն) ԼՂ հարցը փորձում են ինչ-որ ձևով կապել 2018-ի հեղափոխության հետ։ Թե կոնկրետ ինչ կապի մասին է խոսքը՝ նրանք չեն հստակեցնում, սովորաբար ակնարկում են ինչ-որ անհասկանալի ու գաղտնի պայմանավորվածություններ։ Այնուամենայնիվ՝ ոչ մի գաղտնի պայմանավորվածություն չէր կարող այդքան մարդու փողոցներ հանել ու փողոցները փակել տալ։ Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ ԼՂ հարցը ինչ-որ ձևով կապված էր 2018-ի հեղափոխության հետ, դա չի ազդում իմ այն փաստարկի վրա, որ քաղաքական համակարգը պատերազմի կարևոր պատճառներից էր։ Որովհետև եթե 2018-ի հեղափոխությունը կապ ուներ ԼՂ հարցի հետ, ուրեմն ԼՂ հարցը շարունակում էր (ամենա)կարևոր դեր(ն) ունենալ հեղափոխության ժամանակ, ինչն էլ նշանակում է, որ քաղաքական համարկարգը հեղափոխությամբ ավելի քիչ է(ր) փոխվել, քան եթե ընդունենք, որ ԼՂ հարցը հեղափոխության համար նշանակություն չուներ։
[11] 2020-ի հոկտեմբերի 27-ին, երբ պատերազմը դեռ ավարտված չէր, Վազգեն Մանուկյանը առաջարկել է բանակին իր ձեռքը վերցնել ողջ իշխանությունը։ Ավելի ուշ նա նաև նշել է, որ պատերազմի ժամանակ կապվել է զինվորականների հետ ու փորձել համոզել, որ իրենց ձեռքը վերցնեն իշխանությունը։